Շարժում սկսելուց առաջ մարդիկ պետք է գոնե թե հավատան դրա հաջողությանը

Շարժում սկսելուց առաջ մարդիկ պետք է գոնե թե հավատան դրա հաջողությանը
«Միասնություն» շարժման ղեկավար **Արման Վարդանյանը**, ով քիչ էր մնում 2017-ի ապրիլին մասնակցեր ընտրություններին «Ծառուկյան դաշինքով», բայց վերջին պահին դուրս եկավ (կամ դուրս հանեցին) ընտրապայքարից, կարծում է, որ այսօր ձեւավորված խորհրդարանական պլատֆորմի վրա ավելի մեծ կոալիցիոն տրամաբանություն է ի հայտ գալիս, որի մասով հնարավոր է շուտով կոնկրետ քայլեր տեսնենք։ «Կարող է մեծ ազգային համաձայնության կառավարության չափորոշիչներ ստեղծվեն, եւ պարտադիր չէ դա լինի կոալիցիոն հուշագրի շրջանակներում, այլ քաղաքական ուժերն իրար մեջ պայմանավորվեն եւ գան ընդհանուր կոնսենսուսի»,- ասաց Արման Վարդանյանը՝ ասես ակնարկելով, որ ապրիլից հետո կոալիցիան պիտի համալրվի, կամ առնվազն, եթե ընդդիմությունից որեւէ մեկը կողմ լինի Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ապա նրա այդ քայլն առանց վարձատրության չպետք է մնա։



Իսկ ընդդիմությունից, բնականաբար, հավանական կողմ արտահայտվողը «Ծառուկյան դաշինքը» կլինի («Ելք»-ն իր տարբերակը վաղուց է բացառել), որը եթե համաձայնի կողմ քվեարկել ՀՀԿ-ի թեկնածուին, ապա դրա փոխարեն ինչ-որ բան պետք է ստանա։ Եթե այդ թեկնածուն իսկապես Սերժ Սարգսյանը լինի, ապա ո՞ւմ պետք է քննադատի «Ծառուկյան դաշինքը» նրան ընտրելուց հետո․ այսօր գոնե քննադատության մի թիրախ ունեն՝ գործող վարչապետն ու կառավարությունը։



Վարդանյանի տրամաբանությամբ՝ բոլոր այն մարդիկ, որոնք քվեարկելու են վարչապետի օգտին, նաեւ որոշակի պատասխանատվություն են կրելու գործադիրի աշխատանքի համար։ Եվ եթե քաղաքական ուժը կողմ է քվեարկելու վարչապետին, ինքը, այսպես թե այնպես, գործադիրի աշխատանքին հավանություն է տալու։ Ուստի, ըստ նրա, գործադիրի կազմում չունենալով որեւէ ռեսուրս, թեկուզ վերահսկողական լծակներ՝ Վերահսկիչ պալատ, օմբուդսմեն, գործիքներ, որով տվյալ ուժը կարող է վերահսկել գործադիրի աշխատանքը, դա կլինի նոնսենս։



«Եվ եթե այսօր խոսակցությունները տանում են նրան, որ Սերժ Սարգսյանն է դառնալու վարչապետ, ես չեմ կարծում, որ մարդ, որը գրեթե լիիրավ տիրապետում է երկրի ամբողջ քաղաքական համակարգի ռեսուրսին, հանդուրժի, որ նա ավելի քիչ ձայներով ընտրվի, քան երկրի նախագահը, որին ինքն է հրավիրել եւ առաջարկել այդ պաշտոնում, եւ իր հորդորով են բոլորով ընտրել նրան»,- Սերժ Սարգսյանին «թասիբի գցեց» Արման Վարդանյանը։



-**Կարծում եք՝ Սերժ Սարգսյանը կպարտադրի՞, որ իրեն ավելի շատ ձայներով ընտրեն**։



-Պարտադրելու խնդիր չկա, ես կարծում եմ՝ էստեղ կլինի զուտ պայմանավորվածություն, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը բոլորին պարտադրել է, այդ թվում՝ նաեւ «Ծառուկյան դաշինքին», որ Արմեն Սարգսյանին կողմ քվեարկեն։



-**«Ելք»-ի մասով արդեն իսկ պարզ է, որ դեմ են լինելու։ Ձեր կանխատեսմամբ, «Ծառուկյան դաշինքը» կողմ կլինի՞ Սերժ Սարգսյանի վարչապետությանը**։



-Որեւիցե մեկն այսօր չի կարող ասել՝ «Ելք»-ը կո՞ղմ է լինելու, թե՞ դեմ։ Դեռ վարչապետի ընտրություններին մեկ ամիս կա։ Կգա քվեարկության ժամանակը, կտեսնենք։ Իսկ «Ծառուկյանդաշինքի» մասով, քանի որ ես մաս չեմ կազմում այդ դաշինքին, որեւէ ինֆորմացիա չունեմ այս պահին եւ չեմ կանխատեսում նաեւ։ Բայց կարող եմ մի բան ասել, որ այն մարդը, ով ընտրվելու է վարչապետ, նշաձող է դնելու, որ գոնե թե հավաքի այնքան ձայն, ինչքան ձայն հավաքել է Արմեն Սարգսյանը։



-**Դուք «Միասնություն» շարժմամբ քիչ էր մնում մասնակցեիք ԱԺ ընտրություններին։ Եթե մասնակցեիք եւ այժմ լինեիք պատգամավոր, ի՞նչ տեսակետ կհայտնեիք, երբ դաշինքում քննարկվեր Սերժ Սարգսյանին կողմ կամ դեմ լինելու հարցը**։



-Ճիշտն ասած՝ քաղաքականությունը ճիշտ հաշվարկների գիտություն է, ոչ թե «եթե»-ների։ Շատ «եթե»-ներ եք Դուք ասում, որը որ այս պահին մենք քննարկման չենք դրել։ Ես՝ որպես «Միասնություն» շարժման ղեկավար, ունեմ իմ տեսակետները, բայց քանի որ շարժումն այդ մասով որեւիցե բան չի քննարկել, մեզ համար անձերի խնդիր երբեք չի դրվել, մեզ համար միշտ դրվել են ինստիտուցիոնալ խնդիրներ՝ մարդիկ, թիմ, ով կարող է անել սերնդափոխություն եւ երկիրը տանել առաջ, հանել այս ճգնաժամից…



-**«Ծառուկյան դաշինքն» էլ ու իրենց պես շատերն այսօր ասում են՝ մենք անձի խնդիր չենք դնում, մենք պայքարում ենք համակարգի դեմ ու, համակարգի դեմ պայքարելով հանդերձ, միշտ կողմ են լինում այդ համակարգը ղեկավարող անձերին, համագործակցում են նրանց հետ**։



-Կարծում եմ՝ Դուք իրենց բոլորի կոնտակտներն ունեք, կարող եք իրենցից ճշտել, թե ինչի են իրենք… Մենք, համենայնդեպս, երբ խոսում ենք ինչ-որ երեւույթի դեմ, երբեւիցե դրական չենք վերաբերվել նրանց, ովքեր այս կամ այն բացասական երեւույթի ստեղծողները կամ տարածողներն են։



-**Անձամբ Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է Սերժ Սարգսյանի վարչապետության նկատմամբ։ Կցանկանայի՞ք, որ նա վերարտադրվեր որպես երկրի ղեկավար՝ վարչապետի պաշտոնում**։



-Այսօր քաղաքական կոնյունկտուրան եւ քաղաքական իրողությունը ցույց են տալիս մի բան, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ ուժային, քաղաքական ռեսուրսը կենտրոնացված է մի տեղ։ Այսօր էդ ամեն ինչը տեսնելով՝ ես չեմ ցանկանա կոնկրետ վերաբերմունք հայտնել, այլ խնդիրը հետեւյալն է, որ կա իշխող կուսակցություն, եւ իշխող կուսակցությունն իր միջից միշտ առաջարկում է մի մարդու՝ Սերժ Սարգսյանին։ Եվ կուսակցությունն ինքը, ունենալով այդ իրավունքը, առաջադրելով վարչապետին, միշտ մատնանշում է մի հոգու…



-**Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, մտադրություն ունի շարժում ծավալել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Պե՞տք է նման պայքար ծավալելը, թե՞ անիմաստ է**։



-Գիտե՞ք ինչ, ամեն մի շարժում սկսելուց առաջ մարդիկ պետք է գոնե թե հավատան այդ շարժման հաջողությանը։ Այս իրավիճակում, երբ մենք վերլուծում ենք թե՛ քաղաքական համակարգը, թե՛ հասարակության՝ ցավոք սրտի, այսօրվա անտարբերությունը քաղաքական պրոցեսների նկատմամբ, ես ավելի քան համոզված եմ, որ նման շարժումները չեն ունենալու հաջողություն, որովհետեւ գործընթաց սկսելուց առաջ պետք է կոնկրետ արթնացնել մարդկանց վերաբերմունքը երկրում ծավալվող քաղաքական, հասարակական գործընթացների նկատմամբ։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**