Ինչու է Երուսաղեմի Հայոց պատրիարքն անակնկալ մեկնել Ստամբուլ

Ինչու է Երուսաղեմի Հայոց պատրիարքն անակնկալ մեկնել Ստամբուլ
Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նույնպես շնորհավորել է Հայաստանի ընտրյալ նախագահ Արմեն Սարգսյանին: Ֆեյսբուքյան էջում զետեղված է Նուրհան պատրիարքի շնորհավորական նամակի լուսապատճենը: Հրապարակումը թվագրված է մարտի 3-ով, եւ այն ամենից թարմ գրառումն է այդ էջում: Մինչդեռ, Նուրհան պատրիարքի հետ կապված, «Արեւելք» պարբերականը գրել է, որ նա, ընկերակցությամբ Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանի, անակնկալ մեկնել է Ստամբուլ: Ցավոք, պաշտոնական հաղորդագրություն՝ կապված այս այցի հետ, չկա: Սակայն պարբերականը նկատում է, որ Երուսաղեմի Հայոց վանքը ներկայումս բավական նեղ նյութական վիճակում է հայտնվել, եւ կան խոսակցություններ, որ Նուրհան պատրիարք Մանուկյանը թուրքական իշխանությունների հետ ինչ-ինչ մութ գործարքների մեջ է:



«Հրապարակն» արդեն անդրադարձել է նրան, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքը, ով մեծ սառը հարաբերություններ ունի ինչպես Մայր Աթոռի, այնպես էլ Անթիլիասի հետ, բավական հակում ունի մութ գործարքների: Հիշեցնենք, որ ամենից ուշագրավը, անշուշտ, իսրայելական իշխանությունների հետ հողերի օտարման հետ կապված գործարքներին էր վերաբերում, որոնց մասին ահազանգել էին հենց Երուսաղեմի Հայոց վանքի մի շարք միաբաններ՝ տեղեկություններ փոխանցելով մեզ: Առհասարակ՝ պետք է նկատել, որ Երուսաղեմի Հայոց վանքը միշտ էլ նյութականի հետ կապված խնդիրներ է ունեցել, չնայած, Սուրբ Երկրում գտնվելով, գոնե միայն զբոսաշրջիկների եւ ուխտավորների հոսքը հաշվի առնելով, նման բան պետք է չլիներ, եւ միշտ էլ դեպքեր եղել են, երբ պատրիարքները հողերի օտարման գործարքներ են կնքել, կարեւոր չէ՝ թափանցիկ, թե գաղտնի: Իրավիճակին ծանոթ «Հրապարակի» աղբյուրները նշում են, որ պատրիարքարանում գործող ներկայիս կարգն էլ, որով հողերի օտարման հետ գործարքները միմիայն պետք է իրականացվեն Երուսաղեմի Հայոց միաբանության Տնօրեն ժողովի հավանությամբ, արդյունքն է այն բանի, որ ժամանակին օրվա գահակալներն արդեն չափն անցել էին, եւ անօրինությունները հասել էին մի այնպիսի կետի, երբ նույնիսկ պատշաճության կանոններն էին զանց առնվում: Սակայն այս մասին դեռ կխոսենք, եթե առիթը լինի:



Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության հետ կապված վերջին զարգացումների ֆոնին այս այցելությունն ավելի ինտրիգային է դառնում: Կարելի է մտածել, որ երկու պատրիարքական Աթոռների գլուխ կանգնած բարձրաստիճան եկեղեցականները, Մայր Աթոռի հետ ունեցած վատ հարաբերությունների արդյունքում, ակամա հայտնվել են նույն հարթության վրա եւ որոշել դաշինք կազմել: Թուրքիայի իշխանությունների՝ Երուսաղեմի հանդեպ ցուցաբերված հետաքրքրությունը հաշվի առնելով, ամենեւին էլ չի բացառվում, որ Նուրհան պատրիարքը փորձում է Անկարայի միջոցով իր դիրքերն ամրացնել, եւ այստեղ նրան օգնում է թուրքական իշխանությունների սիրելի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Հետաքրքրական է նաեւ այն, որ նրան ուղեկցող Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանն այն եկեղեցականն է, ում եպիսկոպոս ձեռնադրվելու համար, ընդունված կարգի համաձայն, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին երաշխավորել էր Նուրհան պատրիարք Մանուկյանը, սակայն Մայր Աթոռը վերապահություն էր հայտնել նրա հանդեպ եւ մերժել եպիսկոպոս ձեռնադրել: «Հրապարակն» արդեն առիթ ունեցել է գրելու, որ Պարետ ծայրագույն վարդապետը ժամանակին Երուսաղեմի պատրիարքարանի ճեմարանի տեսուչն է եղել եւ աչքի է ընկել ուսանողների հանդեպ անմարդկային եւ դաժան վերաբերմունքով ու պաշտոնից հեռացվել է Երուսաղեմի Հայոց Ժառանգավորաց ճեմարանի ուսանողական ապստամբության արդյունքում:



**Տիգրան ՎԱՀԱՆԵ**