Ի տարբերություն պատգամավորների, մենք 10 բան անում ենք, մեկ անգամ էլ ցույց չենք տալիս

Ի տարբերություն պատգամավորների, մենք 10 բան անում ենք, մեկ անգամ էլ ցույց չենք տալիս
Հանրային խորհուրդը մարտի 2-ին նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել են «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը եւ Սերժ Սարգսյանի հետ առաջիկա հանդիպումը։ Ընդ որում՝ ՀԽ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ սա նախագահի հետ ՀԽ-ի ներկայիս կազմով վերջին հանդիպումն է լինելու։ Փաստորեն, Հանրային խորհրդում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ։ Բացի այդ՝ Սերժ Սարգսյանի լիազորությունները, որպես ՀՀ նախագահի, ավարտվելու են ապրիլի 9-ին։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀ նախագահ, «գնացող մարդ» է, եւ եթե ՀԽ-ի կազմում սպասվում են փոփոխություններ, նշանակում է, որ այնտեղ նույնպես պետք է լինեն «գնացողներ»։ Թեեւ, փաստորեն, ապագա Հանրային խորհուրդը ենթարկվելու է ՀՀ վարչապետին, որը, ըստ ամենայնի, նույնպես Սերժ Սարգսյանն է լինելու։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ ձեւաչափով է կազմակերպվելու Սերժ Սարգսյանի՝ ՀԽ-ի հետ հանդիպումը, եւ ինչ հարցեր են քննարկելու։ Զրուցեցինք ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ **Վազգեն Սաֆարյան**ի հետ։



-**Պարոն Սաֆարյան, ի՞նչ ձեւաչափով է լինելու Սերժ Սարգսյանի հետ սպասվելիք հանդիպումը, ի՞նչ նպատակ ունի**։



-Հանրային խորհուրդը գործում է արդեն 9 տարի եւ հանդիսանում է կառավարության խորհրդատվական մարմին։ Հետեւաբար, պետք է նախագահին ներկայացվեն խորհրդի 9-ամյա գործունեությունը, ձեռքբերումները, ինչը ես բնական եմ համարում։ Այսինքն՝ հանդիպման նպատակը մեր 9 տարիների աշխատանքի ամփոփումն է։



-**Մինչ այս ՀԽ-ն համարվում էր նախագահի խորհրդատվական մարմին, Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի։ Կառավարման նոր մոդելով ո՞ւմ է հաշվետու խորհուրդը**։



-Հանրային խորհուրդը համարվում է կառավարության խորհրդատվական մարմին, ուստի պարզ է, որ աշխատելու է կառավարության ղեկավարի հետ, ինչը մեր լիազորություններն ավելի է մեծացնելու, քանի որ մեր գործունեությունն արդեն ամրագրված է լինելու Սահմանադրությամբ։



-**Անդրադառնալով «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծին՝ ի վերջո, ընդունվելո՞ւ է օրենքը**։



-ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է, եւ մենք կարծում ենք, որ մինչեւ նախագահի հետ առաջիկա հանդիպումն այն արդեն ստորագրված կլինի։



-**Խորհրդում սպասվում են փոփոխություններ, ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը**։



-Կառուցվածքային փոփոխություններ են լինելու։ Նոր հանձնաժողովներ են ստեղծվելու։ Որպես օրինակ՝ կարող եմ ասել մշակութային հանձնաժողովը, որը նախկինում կրթության եւ գիտության հանձնաժողովի կազմում էր գործում, կամ բնապահպանական հանձնաժողովը, որը գյուղատնտեսական հանձնաժողովի կազմում էր։ Այսինքն՝ ՀԽ-ն ունենում է 15 հանձնաժողով՝ նախկին 12-ի փոխարեն։



-**Ասացիք, որ ամփոփվելու է 9-ամյա գործունեությունը։ Հետաքրքիր է՝ Դուք ինչպե՞ս եք գնահատում ՀԽ գործունեությունը 9 տարիների ընթացքում**։



-Մենք մեր ամենամյա գործունեության մասին հաշվետվություն ենք ներկայացնում։ Բարձրացրել ենք այնպիսի հարցեր, ինչպիսին է, օրինակ, ավիացիայի հարցը։ Մենք ասել ենք, որ պետք է ունենանք ազգային ավիափոխադրող։ Խոչընդոտել ենք «Զվարթնոց» օդանավակայանի քանդման ծրագրին։ Բացի այդ, ներկայացրել ենք մետրոպոլիտենին վերաբերող առաջարկներ, մասնավորապես՝ Աջափնյակի կայարանի հետ կապված։ Ասել ենք, որ 70 մլն-ի ներդրում է պետք անել, որպեսզի չկորցնենք նախկինում արված 104 մլն ներդրումը։ Ներկայացրել ենք արդյունաբերության զարգացման նախագծեր եւ այլն։ Ի տարբերություն մի շարք պատգամավորների, որոնք մի բան անում են, 10 անգամ ցույց են տալիս, մենք 10 բան անում ենք, բայց մեկ անգամ էլ ցույց չենք տալիս։



Հավելենք, որ Հանրային խորհուրդն ստեղծվեց 2008 թվականի հուլիսի 12-ին: 2009 թվականի մայիսի 29-ին ՀԽ-ն իր վերջնական տեսք ստացավ, ինչն ամրագրվեց Սերժ Սարգսյանի հրամանագրով: Հանրային խորհրդի շրջանակներում սկսեց գործել 66 ենթահանձնաժողով, որոշակի հարցեր քննարկելու համար` աշխատանքային խմբեր: Խորհուրդն ունի խորհրդատվական մարմնի կարգավիճակ, կազմում ընդգրկված են տարբեր ոլորտների մասնագետներ։





**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**