Ցմահ նախագահ… դա հրաշալի է. Թրամփը հիացած է Չինաստանում սպասվող փոփոխություններով

Ցմահ նախագահ… դա հրաշալի է. Թրամփը հիացած է Չինաստանում սպասվող փոփոխություններով
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ռո Հաննան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, որտեղ Թրամփը «շշմեցուցիչ» էր անվանել Չինաստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ հանել պետության ղեկավարի պաշտոնում մնալու բոլոր սահմանափակումները:



«Կատա՞կ է դա, թե՞ ոչ, բայց խոսել Սի Ցզինպինի օրինակով ցմահ կառավարելու մասին՝ ամենահակաամերիկյան բանն էր, որ կարող էր անել ԱՄՆ նախագահը: Ջորջ Վաշինգտոնը դագաղում շուռ կգար երևի»,- Twitter-ի իր էջում գրել է կոնգրեսականը:



Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ Թրամփը Ֆլորիդայում դրամահավաքության փակ միջոցառման ժամանակ դրական իմաստով «շշմեցուցիչ» է անվանել ցմահ ղեկավարելու գաղափարը:



«Այժմ նա (Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը) նախագահ է մինչև իր կյանքի վերջը: Ցմահ նախագահ… Չէ, դա հրաշալի է: Եվ տեսեք, նա կարողացավ դա անել: Ես դա շշմեցուցիչ եմ համարում: Գուցե մենք ևս պետք է փորձենք դա երբևէ»,- հայտարարել է Թրամփը:



Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Չինաստանի Կոմկուսի կենտկոմը հրապարակել է երկրի սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունները, որոնցից կարևորագույնը Չինաստանի Ժողովրդական հանրապետության նախագահի պաշտոնում միևնույն անձի ընտրվելու ժամկետների սահմանափակումների վերացումն է: Առայժմ, ըստ ՉԺՀ Սահմանադրության, երկրի ղեկավարն իր պաշտոնում ընտրվել կարող է միայն 2 անգամ անընդմեջ՝ 5 տարի ժամկետով: