Մի ծրագիրը «հորով-մորով» չարած՝ մյուսի մասին են մտածում

Մի ծրագիրը «հորով-մորով» չարած՝ մյուսի մասին են մտածում
Անցյալ տարվա հունվարին Արթիկում համընդհանուր ոգեւորության մթնոլորտում բացվեց «Սասստեքս» տեքստիլ ֆաբրիկայի ուսումնաարտադրական կենտրոնը: Այստեղ վերապատրաստվող եւ կարելու հմտությունները յուրացնող արթիկցի եւ հարակից գյուղերի կանանց նվազագույնը 55 հազար դրամ աշխատավարձով աշխատանք էր խոստացվել ապագայում բացվելիք կարի ֆաբրիկայում: Ֆաբրիկան, որը պետք է բացվեր շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի եւ արթիկցի Վարագյան եղբայրների աջակցությամբ (ծրագրի ղեկավարը հոլանդահայ Քրիստիան Գերիջին է), 350-400 աշխատատեղով, հանրահայտ ZARA բրենդի համար տաբատներ պետք է կարեր, արտադրանքի մոտ 80 տոկոսն էլ արտահաներ եվրոպական շուկա, մինչ այժմ չի բացվել:



«Արթիկում մենք նպատակ ունենք երկու գործարան դնել, մեկում արտադրելու ենք բանվորական շորեր, երկրորդ գործարանն ուզում ենք սարքել, որ տրիկոտաժի վրա խորանանք»,- մեկ տարի առաջ խոստացել էր Քրիստիան Գերիջին: Արթիկում բացվելիք կարի արտադրամասը տեքստիլի արտադրության հարուստ ավանդույթներ ունեցող Շիրակի մարզում երրորդ ֆաբրիկան պետք է լիներ՝ Ամասիայից եւ Գյումրիից հետո: Խնդիրն այն է, որ գործարան բացելու համար ընկերության փնտրտուքներն այդպես էլ արդյունք չտվեցին, թեեւ խոսք կար, որ քաղաքի՝ պարապուրդի մատնված շենքերից մեկը կհատկացվի սփյուռքահայ գործարարին, եւ խոստացված ներդրումային ծրագիրը կյանքի կկոչվի: Նույնիսկ խոսվում էր օպտիմալացման արդյունքում Արթիկի թիվ 4 դպրոցի շենքը տրամադրել «Սասստեքսին», ինչի առթիվ իրենց դժգոհությունը հայտնեցին դպրոցի տնօրինությունն ու դպրոցականների ծնողները:



Սակայն, վազանցելով «Սասստեքսին», Արթիկում իր դիրքերը հաստատեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: «Չեխ Արմինվեստ» ՍՊԸ-ին, որի հայկական կողմը ներկայանում է ի դեմս Ս. Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի, կառավարության կողմից անցյալ տարեվերջին 20 տարի անհատույց օգտագործման, ապաեւ հետագայում սեփականաշնորհելու իրավունքով օտարվեց օպտիմալացման արդյունքում ազատված Արթիկի թիվ 7 դպրոցը: Այժմ այդ դպրոցում ապագա կարի արտադրամասի շինարարական աշխատանքներ են ընթանում, եւ, ինչպես արդեն հայտնել ենք, ամենայն հավանականությամբ, մինչեւ աշուն ֆաբրիկան կգործարկվի: «Սասստեքսի»՝ «սառույցին գրված» ներդրումային ծրագրի եւ չբացված աշխատատեղերի մասին օրերս խոսեց նաեւ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ մարզի 2017 թվականի ներդրումային ծրագրերն ամփոփելիս: Մարզպետը նկատեց, թե ընկերությունն այդպես էլ խոսքի տերը չեղավ՝ Գյումրիում ո՛չ իր կարի ֆաբրիկան բացեց, ո՛չ էլ խոստացած 300 աշխատատեղն ապահովեց: Ապա հավելեց, որ խոսել է ընկերության պատասխանատուների հետ եւ պարզել, որ գործարանի բացման ձգձգումը ֆինանսական խնդիրների հետ է կապված, եւ այն մինչեւ մայիս կգործարկվի:



Հետաքրքրվեցինք Արթիկում բացվելիք ֆաբրիկայի ճակատագրով՝ դիմելով Արթիկի քաղաքապետարան: Քաղաքապետ Մխիթար Վարագյանի խորհրդական **Գեւորգ Փթուկյանը** մեզ հայտնեց. «Կարի ֆաբրիկա, որպես այդպիսին, չի բացվել, սակայն ուսումնաարտադրական կենտրոնը դարձրել են արտադրական կազմակերպություն, եւ այժմ դասընթացներ անցած մոտ 30 աշխատակից Չեխիայի համար պատվերով հագուստ է կարում՝ խալաթներ, սպեցովկա եւ այլն: Մոտ 350-400 կադրեր էին նախապատրաստվել, սակայն նրանց մի մասը դեռեւս սպասում է աշխատանքի: Մենք կնայենք, կտեսնենք՝ որ ընկերությունը որ շուտ բացվեց՝ «Սասստեքսը» կամ «Չեխ Արմինվեստը», այդ մարդկանց մենք կտեղավորենք աշխատանքի: Ուղղակի «Սասստեքսին» շենքով ապահովելու խնդիր կա: Ակնկալում ենք, որ այդ հարցին լուծում կտա կառավարությունը, եւ ընկերությանը որեւէ հատկացում կարվի: Արթիկում նախկինում գործող գործարաններ կան, դրանցից մեկը, գուցե, տրամադրվի ընկերությանը»: Փթուկյանը նաեւ հավաստիացրեց, որ «Սասստեքսի» ղեկավարության հետ մշտապես կապի մեջ են (քաղաքապետ Մխիթար Վարագյանը ժամանակ առ ժամանակ զանգահարում է ընկերության ներկայացուցիչներին եւ տեղեկանում նրանց արթիկյան պլանների մասին): «Մենք իրենցից չենք հրաժարվել, իրենք էլ՝ մեզնից: Մենք լիահույս ենք, որ խոստացված 400 աշխատատեղերն Արթիկում անպայման կբացվեն»,- նշեց քաղաքապետի խորհրդականը: Ու հավելեց, որ Դավիթ Վարագյանը, ով, ի դեպ, սերտ կապեր ունի Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հետ, մոտ երկու շաբաթ առաջ այցելել է հայրենի Արթիկ, ապաեւ մեկնել Իրան՝ մեկ այլ ներդրումային ծրագրի շուրջ բանակցելու: Խոսքն Իրանի հետ համատեղ գորգագործական ֆաբրիկայի ստեղծման մասին է: Հայ-իրանական գորգագործության կենտրոնի բացման մասին խոսակցությունները նույնպես մեկ տարվա վաղեմություն ունեն: Այդ մասին «Սասստեքսի» ուսումնական կենտրոնի բացման ժամանակ հայտնեց «Ռենա» ՍՊԸ տնօրենը՝ Ռեզա Նաֆեզիին, որի հավաստմամբ՝ արտասահմանում ամենաէժան հայկական գորգն արժե մոտ 2 հազար դոլար: Նախատեսվում է Իրանից բերել թելն ու սարքավորումները, նաեւ՝ համապատասխան մասնագետ հրավիրել եւ Արթիկում արտադրված գորգերն արտահանել մասնավորապես ՌԴ, Գերմանիա, Չինաստան, որտեղ հայկական գորգերը լավ գին ու մեծ պահանջարկ ունեն: Ի դեպ, Փթուկյանը նշեց, որ Դ. Վարագյանը, բացի այդ ծրագրից, մի քանի այլ ծրագրեր էլ ունի, մասնավորապես՝ նույնպես մտադիր է տրիկոտաժի արտադրություն հիմնել, սակայն այս եւ մյուս ծրագրերը դեռեւս աշխատանքային փուլում են, ուստի չեն ուզում ժամանակից շուտ դրանք հանրայնացնել:





**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**