Իշխան Բարսեղյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»․ նրա առողջական վիճակը լավ չէ

Իշխան Բարսեղյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»․ նրա առողջական վիճակը լավ չէ
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանին դեռ չեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց․ նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։ Այս մասին **Hraparak.am**-ին հայտնեց նրա շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը։



Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ փաստաբանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալը գլխի կաթված է ստացել։



«Առողջության փոփոխություն դեռեւս չկա, տեղափոխել են հիմա դատապարտյալների հիվանդանոց, բժիշկ է այցելել, նշանակումներ է կատարել, ամեն դեպքում ես տեղեկացված եմ, որ ինքը քաղաքացիական հիվանդանոցում պետք է բուժումը ստանար, բայց դե այնտեղ էլ ապահովում են, ինչքանով հնարավոր է։ Սակայն իր առողջական վիճակը այնքան էլ լավ չի»,-նշեց շահերի պաշտպանը։



Փաստաբանը նշում է, որ իրեն հավաստիրացրել են՝ «Դատապարտյալների հիվանդանոցում» հնարավոր է պատշաճ բուժօգնությունը տրամադրել, ինչին ինքը չի հավատում․ «Ըստ իրենց՝ կարող են պատշաճ բուժօգնություն ապահովել, սակայն իմ կարծիքով՝ դա հնարավոր չէ։ Բարսեղյանը, իհարկե, ցանկանում է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվել, իր համար կարեւորը առողջությունն է, ուղղակի ես բժշկի խոսքերն եմ ասում, որ մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոցում բուժման կարիք կա, հիմա թե դա որքանով է հնարավոր դատապարտյալների հիվանդանոցում ապահովել, չեմ կարող ասել»։



Ըստ մեղադրական եզրակացության՝ Իշխան Բարսեղյանը, 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող եւ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել եւ անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Գումարը կազմում է 1000 ԱՄՆ դոլար: