Պատմության հինգ ամենաքաղաքականացված Օլիմպիական խաղերը

Պատմության հինգ ամենաքաղաքականացված Օլիմպիական խաղերը
Հարավային Կորեայի Փհենչյան քաղաքում մեկնարկում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Սա, ինչ խոսք, սպորտային աշխարհում ամենակարեւոր իրադարձություններից է: Եվ ոչ միայն սպորտային աշխարհում, այլեւ մոլորակի քաղաքական կյանքում: Ավելին՝ կարելի է ասել, որ այս տարվա օլիմպիական խաղերը թերեւս պատմության ամենաքաղաքականացված օլիմպիական խաղերից մեկը կլինեն, թեեւ եղել են նաեւ ոչ պակաս քաղաքականացված խաղեր: Ներկայացնում ենք ամենաքաղաքականացված հինգ խաղերը, որոնք եղել են օլիմպիական խաղերի պատմության մեջ:



**Բեռլին, 1936․ Ռասիստական դրսեվորումներով օլիմպիական խաղեր**



Օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենաքաղաքականացվածներից մեկը Գերմանիայում 1936 թվականին տեղի ունեցած խաղերն են եղել: Չնայած դրանց անցկացման հայտը Գերմանիան շահել էր դեռեւս Վայմարյան Հանրապետության կառավարության օրոք, 1931-ին, սակայն խաղերն անցկացվեցին արդեն նացիստների իշխանության օրոք, որոնք իշխանության եկան 1933-ին: Գերմանիայի այն ժամանակվա առաջնորդ Ադոլֆ Հիտլերը կարծում էր, որ օլիմպիական խաղերը կծառայեն նոր գաղափարախոսության փառաբանմանը եւ ուժի պաշտամունքին: Այդ իսկ պատճառով էլ նա ակտիվորեն նախապատրաստել էր ամեն բան: Ու մինչ Բեռլինը եռանդուն կերպով նախապատրաստվում էր, Եվրոպայի շատ պետություններ առանձնապես մեծ հետաքրքրություն չէին ցուցաբերում եւ դժկամությամբ էին նույնիսկ համաձայնում իրենց պատվիրակություններն ուղարկել՝ այդ խաղերին մասնակցելու համար: Հատկապես դա պայմանավորված էր հրեաների հանդեպ վարվող այն քաղաքականությամբ, որ կար Երրորդ ռայխում: Իհարկե, հակահրեական քաղաքականությունը ծածկելու համար ֆաշիստները ՄՕԿ հանձնաժողովի համար նույնիսկ կառուցել էին հրեական, այսպես կոչված, «պոտյոմկինյան գյուղակներ», իսկ հալածանքներն էլ ժամանակավորապես դադարեցվել էին: Այդ խաղերում հաղթող դարձավ Գերմանիան, երկրորդ տեղում էր ԱՄՆ-ն, որի թիմի կազմում բավական շատ սեւամորթ մարզիկներ կային: Հենց այդ պատճառով էլ Հիտլերը չի մասնակցել փակման արարողությանը, քանի որ չի ցանկացել սեւամորթ մարզիկների ձեռքը սեղմել:



**Մյունխեն, 1972․ Օլիմպիական խաղեր՝ ահաբեկչության կողքին**



Միայն 40 տարի հետո օլիմպիական խաղերն անցկացվեցին Գերմանիայում եւ կրկին հայտնվեցին քաղաքական ամենաթեժ թեմաների կիզակետում: Այս խաղերի ժամանակ, որոնք ընթանում էին Մյունխենում, պաղեստինյան ահաբեկիչները ներխուժեցին օլիմպիական գյուղ եւ պատանդ վերցրին Իսրայելի թիմի մարզիկներին: Գրոհայինները պահանջեցին ազատ արձակել իսրայելական բանտերում բանտարկված պաղեստինցի ծայրահեղական կազմակերպության անդամներին: Իրենց վճռականությունը ցույց տալու համար պաղեստինցիները սպանեցին մի մարզիկի: Իսրայելը մերժեց պաղեստինցիների պահանջը եւ դիմեց Գերմանիային՝ խնդրելով թույլատրել իսրայելական հատուկ ստորաբաժանումներին՝ իրականացնել պատանդների ազատագրման օպերացիան: Գերմանացիները համաձայնություն չտվեցին եւ որոշեցին հարցերը կարգավորել իրենց ուժերով: Արդյունքում գերմանական հատուկ ծառայությունների օպերացիան ձախողվեց, եւ ողջ իսրայելական թիմը զոհ դարձավ պաղեստինցի ահաբեկիչների գազանություններին: ԽՍՀՄ-ը չլքեց օլիմպիական դաշտը եւ որոշեց շարունակել խաղերը: Հենց այդ խաղերն էլ ԽՍՀՄ-ին բասկետբոլի ասպարեզում հաղթանակ բերեցին ամերիկացիների նկատմամբ: Պետք է ասել, որ այս միջադեպից հետո շատ երկրներ պարզապես լքեցին օլիմպիական գյուղը:



**Մոսկվա, 1980. Բոյկոտում են Աֆղանստանի պատճառով**



Այդ տարվա օլիմպիական խաղերը, բացի Միացյալ Նահանգներից, բոյկոտեցին 64 երկրներ, որոնց թվում էին նաեւ Գերմանիան՝ այն ժամանակվա Ֆեդերատիվ Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ նույնիսկ կոմունիստական Չինաստանը: Բոյկոտի պատճառը ԽՍՀՄ կողմից 1979 թվականին Աֆղանստան զորք մտցնելն էր: Գլոբալ քաղաքականության հիմնական խաղացողներն այն ժամանակ կարծում էին, որ խաղերը կազդեն Մոսկվայի գործողությունների վրա, եւ ԽՍՀՄ-ը չի գնա այնպիսի քայլերի, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ նրա վարկանիշի եւ 1980 թվականի խաղերի վրա: Սակայն Մոսկվային կարծես թե դա չանհանգստացրեց, եւ նրանք զորքեր մտցրին Աֆղանստան: Այսպիսի միտք է արտահայտել Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը՝ արձանագրելով այդ օրերն իր օրագրում: Բրիտանացի եւ ֆրանսիացի մարզիկների մի մասը, այնուհանդերձ, մեկնեց Մոսկվա, սակայն նրանք հանդես եկան օլիմպիական չեզոք դրոշի ներքո: Այդ խաղերը սովետական մարդկանց համար նշանավորվեցին ոչ միայն հայրենական թիմի փայլուն խաղով, այլ նաեւ ֆիննական համեղ հյութերով եւ գրեթե անմարդաբնակ Մոսկվայով: Անցանկալի տարրերին պարզապես այնքան հեռու էին քշել խորհրդային մայրաքաղաքից, որ հետքն էլ չերեւար: Ընդ որում՝ այն ժամանակվա ՊԱԿ-ին անհանգստացնողը ոչ այնքան հիփփիներն էին կամ վալյուտային մարմնավաճառները, որքան այն, որ նախատեսվում էր ահաբեկչություն իրականացնել, ինչի մասին իր հարցազրույցներից մեկում անկեղծացել էր այն ժամանակվա ՊԱԿ ղեկավար Ֆիլիպ Բոբկովը:



**Լոս Անջելես, 1984. Կայսրությունը պատասխան հարվածն է հասցնում**



1984-ին ԽՍՀՄ-ը վրեժ լուծեց ԱՄՆ-ից եւ Արեւմուտքից՝ 1980-ի Մոսկվայի օլիմպիական խաղերի համար, եւ հրաժարվեց իր մարզիկներին ուղարկել Լոս Անջելեսի օլիմպիական խաղերին: Պատմաբան Վալերի Շտեյնբախը «Մեդալի հակառակ կողմը» գրքում գրում է, որ նախապես ԽՍՀՄ-ը տրամադրված չի եղել բոյկոտել: Շտեյնբախը պահպանել է նաեւ այն ժամանակվա ԽՄԿԿ Քաղբյուրոյի անդամ Հեյդար Ալիեւի խոսքերն առ այն, թե Մոսկվան երբեք չի իջնի Քարտերի մակարդակին: Խաղերից միայն երեք ամիս առաջ որոշում է կայացվել, որ Խորհրդային Միությունը չի մասնակցի օլիմպիական խաղերին: ԽՄԿԿ-ն իր որոշման հիմքում դրեց Ռեյգանի վարչակազմի ոչ կառուցողական քաղաքականությունը: Ապա արդեն լուրեր տարածվեցին, թե Ռեյգանը նախատեսել է խաղերի ընթացքում սադրանքներ կազմակերպել ընդդեմ ԽՍՀՄ-ի: ԽՍՀՄ ՕԿ-ը նաեւ հայտարարեց, թե ամերիկյան իշխանությունները մտադիր չեն ապահովել բոլոր մարզիկների անվտանգությունը: Սոցճամբարից Նիկոլայ Չաուշեսկուն (Ռումինիայի այն ժամանակվա ղեկավարը) որոշեց, որ չպետք է հաշվի նստի Մոսկվայի հետ, եւ հաստատեց իր երկրի մասնակցությունը: Չաուշեսկուի հասցեին գովեստներ հնչեցին արեւմտյան մամուլում՝ մոռանալով, որ խոսքը նույն բռնապետի մասին է:



**Պեկին, 2008․ Խաղեր՝ պատերազմական թատերաբեմի կողքին**



2008-ի Պեկինի օլիմպիական խաղերն աչքի ընկան ոչ միայն ազգային հավաքականի ելույթով, այլեւ վրաց-ռուսական պատերազմով: Օլիմպիական խաղերի բացման օրը` օգոստոսի 8-ին, սկսվեց վրաց-օսական եւ վրաց-ռուսական հակամարտությունը: Ու սա այն դեպքում, երբ ավանդությունն ու Օլիմպիական խարտիան ասում են, որ խաղերի ժամանակ պատերազմները պետք է դադարեցվեն: Թե ինչպես ավարտվեցին բախումները, բոլորին է հայտնի:



Պատրաստեց **Տիգրան ՎԱՀԱՆԵՆ**