Ոմանք փախչում են հայրենիքից, ոմանց էլ հայրենիքն է մերժում

Ոմանք փախչում են հայրենիքից, ոմանց էլ հայրենիքն է մերժում
Երեկ վարչական դատարանում տեղի ունեցավ ֆրանսահայ հայտնի էաբան եւ ազգաբան Ալեքսանդր Արորդի Վարպետյանի գործով նախնական դատական նիստը։



Հիշեցնենք, որ արդեն 16 տարի է, ինչ Վարպետյանի մուտքն արգելված է Հայաստան, եւ նա երկարուձիգ տարիներ պայքարում է այդ արգելքի դեմ՝ ապարդյուն: Դատարանը հայցվոր կողմի ներկայացուցչից հետաքրքրվեց՝ երբ 2002 թ․ Վարպետյանի մուտքն արգելվել է Հայաստան, անձնագրում ինչ-որ ձեւով դա արտահայտվա՞ծ է։ Ներկայացուցիչը պատասխանեց, որ անձնագրում մուտքն արգելելու վերաբերյալ որեւէ գրառում չկա․ «Հարգելի դատարան, ես ունեմ պարոն Վարպետյանի անձնագիրը, որով նա փորձել է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, դա եղել է 2008 թ․, բայց գրառում չկա, այստեղ նշում կա կատարված։ Ես կներկայացնեմ դատարանին, գուցե պատասխանող կողմի հետ փորձի պարզել դատարանը՝ փոքրիկ շրջանակը վկայո՞ւմ է այն մասին, որ իրեն չեն թողնում մուտք գործել Հայաստան»։



Ապա դատարանը կողմերից փորձեց ճշտել՝ Վարպետյանի կողմից 1990 թ․ հիմնադրված «Էություն ազգային իմաստության տաճար» կազմակերպությունը գործո՞ւմ է, թե՞ ոչ։ Հայցվոր կողմը նշեց, որ կազմակերպությունը լուծարված չէ, սակայն այն գործունեություն չի ծավալում։ Պատասխանող կողմն էլ ասաց, որ լուծարման վերաբերյալ տեղեկություն չունի։ Դատարանը՝ Լիանա Հակոբյանի նախագահությամբ, որոշեց հարցում կատարել արդարադատության նախարարությանը, որպեսզի պարզի՝ «Էություն ազգային իմաստության տաճար» կազմակերպությունը լուծարվա՞ծ է, թե՞ ոչ։ Այսքանով դատարանը գործը համարեց դատաքննության նախապատրաստված եւ դատաքննություն նշանակեց մարտի 26-ին, ժամը 14։00-ին։



Թեեւ երեկվա դատական նիստը դռնբաց էր, սակայն մի խումբ քաղաքացիներ հնարավորություն չունեցան մասնակցելու նիստին, իսկ ԶԼՄ ներկայացուցիչներն ստիպված էին ոտքի վրա աշխատել, քանի որ դահլիճը, որը տրամադրվել էր այս գործով նիստ անցկացնելու համար, հազիվ 6-7 մարդ էր տեղավորել, իսկ նստատեղ՝ ընդամենը մեկն էր։



Նշենք, որ հայցվոր կողմը պահանջում է, որ ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում Ալեքսանդր Վարպետյանի տվյալները ներառելը եւ վարչական բողոքը մերժելու որոշումը ոչ իրավաչափ ճանաչվի, այսինքն՝ Վարպետյանին արտոնվի լինել հայրենիքում։



Հինգ տարեկանում Ֆրանսիայից Խորհրդային Հայաստան տեղափոխված ու Երեւանում կրթություն ստացած Վարպետյանը 1975-ին վերահաստատվել է ծննդավայր Մարսելում: Ֆրանսիական քաղաքացիությանը զուգահեռ՝ նա պահպանել է ԽՍՀՄ անձնագիրն ու քաղաքացիությունը, որն անկախությունից հետո նրա կամքով վերաձեւակերպվել է որպես ՀՀ քաղաքացիություն: Սակայն, երբ 1994-ին Հայաստանում ընդունվել է երկքաղաքացիությունը բացառող օրենքը, երեք տարի անց Վարպետյանը զրկվել է ՀՀ քաղաքացիությունից: Այնուամենայնիվ, 1998-1999 եւ 1999-2002 թթ. Վարպետյանը ԿԳ եւ մշակույթի նախարարությունների միջնորդությամբ ձեռք բերված կացության կարգավիճակների շնորհիվ բնակվել է Հայաստանում: 2002-ին, սակայն, Վարպետյանի կացության կարգավիճակի ժամկետը չի երկարացվել: Իսկ մերժումը չի պատճառաբանվել:



2003-ի օգոստոսին ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչությունը մերժել է Վարպետյանի՝ Հայաստանում տասնամյա վճարովի կացության խնդրանքը: Դրանից հետո, մինչ օրս նրան առանց պատճառաբանության մի քանի անգամ մերժել են անգամ որպես զբոսաշրջիկ այցելել Հայաստան, երկու անգամ էլ մերժվել են նրա որդու՝ Արթուր Վարպետյանի հրավերի հայցերը: 2005-ի փետրվարին Վարպետյանը բաց նամակով դիմել է ՀՀ իշխանություններին, բայց արձագանք չի ստացել:



Որպես պաշտոնական բացատրություն՝ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ «Վարպետյանը Հայաստանի ազգային անվտանգությանը լուրջ սպառնալիք է ներկայացնում»: Թե ինչում է արտահայտվում այդ «սպառնալիքը», պարզ չէ։



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**