Ինչո՞ւ է ձգձգվում Արտաշատի թատրոնի հիմնանորոգումը

Ինչո՞ւ է ձգձգվում Արտաշատի թատրոնի հիմնանորոգումը
Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի երկարամյա տնօրեն **Գեղանուշ Սայադյանը** հունվարի 1-ից չի աշխատում: Արտաշատում դրան քաղաքական աստառ են տալիս: Ասում են՝ պատճառը Հովիկ Աբրահամյանի հետ երբեմնի «մտերմիկ հարաբերություններն» են, ինչը մարզային իշխանությունների սրտով չէ: Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելուց հետո մարզում շատերը դուրս եկան ՀՀԿ-ից, ոմանք էլ աշխատանքից հեռացան կամ զրկվեցին: Պրոցեսը չի ավարտվել, եւ հեռանալու հերթը «վերջին մոհիկաններինն» է: Մինչդեռ տիկին Սայադյանն այլ բացատրությունն է տալիս. «Ես արդեն 71 տարեկան եմ, թոշակի եմ անցել, թոռնիկներովս եմ զբաղվելու», եւ զվարթ ծիծաղում է, երբ ասում ենք, թե չենք հավատում, որ 71 տարեկան է: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Ռոստոմյանը, ով Արտաշատի թատրոնից չէ, ոչ էլ արտաշատցի է, այլ Երեւանի տիկնիկային թատրոնի դերասան է:



Թատրոնի տնօրենի տեղի համար պետք է մրցույթ հայտարարվի: Սայադյանը հույս ունի, որ եթե Ռոստոմյանը դառնա տնօրեն, կլինի նույնքան սրտացավ, որքան ինքն է եղել 10 եւ ավելի տարիներին: «Մենք երեկ հեռախոսով երկար զրուցել ենք, ես տպավորություն ունեմ, որ ինքը սրտացավ է եւ ուզում է եղածի վրա ավելացնել եւ ոչ թե պակասեցնել: Կարծում եմ՝ ավանդույթներ ունեցող Արտաշատի թատրոնը պետք է իր անունն ու համարումը, տեղը պահի: Մենք վերանորոգման մեջ գտնվելու պայմաններում անգամ անցյալ տարի 73 ներկայացում ենք խաղացել, արտագնա ենք խաղացել, տոնածառային 29 ներկայացում, մինչեւ Տավուշ ենք հասել։ Այնպես որ՝ թատրոնի աշխատանքները շատ բուռն են եղել իմ օրոք»,- ասաց Սայադյանը:



Թատրոնը, որ հիմնադրվել է 1956-ին, արդեն քանի տարի է՝ պարբերաբար վերանորոգվում է, սակայն աշխատանքներն այդպես էլ ավարտին չեն հասնում: Նորոգման բյուջեն շուրջ 100 մլն դրամ է, հատկացվել է պետբյուջեից: «Նախորդ մարզպետի՝ Ռուբիկ Աբրահամյանի օրոք է հատկացումը եղել, հետո մարզպետը փոխվեց, էս պատմությունները մեջտեղ եկան` ընդհատվեցին շինաշխատանքները, ու մենք էսպես մնացինք օդից կախված»։ Անցած ամառ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն Արարատի մարզպետի հետ այցելել էր թատրոն, ծանոթացել աշխատանքներին: Թվում էր՝ դրանից հետո մինչեւ տարեվերջ աշխատանքները կավարտվեն, բայց դրանք առկախվել են: «Մենք բացարձակապես կապ չենք ունեցել հատկացված գումարների հետ, մարզպետարանն է պայմանագիր ունեցել շինարարների հետ, որն էլ մարզպետարանը վատ աշխատանքի պատճառով խզեց։ Գործը դատարանում է, երեւի պետք է նորից մրցույթ հայտարարվի, նոր շինարար ճարեն, որ գա՝ կիսատ մնացած գործը շարունակի: Թեեւ ասեմ, որ նոր տարվա նախօրյակին դահլիճը մի քիչ կարգի բերեցինք, աթոռները շարեցինք, ներկայացում խաղացինք: Մինչեւ հիմա էլ ներկայացումներ խաղացվում են: Բայց թե երբ կավարտվի նորոգումը՝ Աստված գիտի: Մենք շատ ոգեւորված էինք, որոշել էինք տարեվերջին մեծ բացում անել, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, մուրազներս փորներս մնաց: Ինչ աշխատանք որ արեցին, շատ վատ արեցին: Մարզպետն ու նախարարը ամռանը եկան, մարզպետն էլ շատ նեղվեց, հետո շինարարները խոստացան, որ շատ արագ տեմպով աշխատանքներն ավարտին կհասցնեն: Սակայն այդպես էլ իրենց խոսքի տերը չեղան»,- նշեց Սայադյանը (շինաշխատանքներն իրականացնում է «Մոնոպոլ կապիտալշին» ՍՊԸ-ն, որը կապվում է Հովիկ Աբրահամյանի անվան հետ: ՍՊԸ-ն գրանցված է Ամիրյան փող., 4/7 հասցեում: Այս ընկերության հետ կառավարությունը տարբեր տարիների մեկ անձից գնման մի շարք պայմանագրեր է ստորագրել): Հիմնանորոգման պլանում մուտքի աստիճանների բետոնապատումն է, գաջապատումը, էլեկտրամատակարարման ցանցի անցկացումը, տանիքի, պատուհանների նորացումը, պտտվող բեմահարթակի կառուցումը եւ այլն:



Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայիս Աբրահամյանն էլ մեզ ասաց, որ այժմ ՍՊԸ-ի դեմ դատական հայց է ներկայացվել՝ աշխատանքները ժամանակին չավարտելու հիմքով: «Բեմի հարթակը նորմալ չէին կառուցել, դրա համար չկարողացան իրենց պլանավորած աշխատանքները ժամանակին ավարտին հասցնել: Ե՛վ նախարարը, ե՛ւ մարզպետը, երբ այցելեցին թատրոն, շատ դժգոհ մնացին: Մենք համապատասխան աշխատանքները չէինք ընդունել՝ համապատասխան արձանագրությունները չկային, եւ այդ թերությունները նախօրոք չէինք բացահայտել: Կազմակերպությունն իր բանավոր հայտարարությամբ պնդում է, որ բեմահարթակի թերությունը շտկել են, բայց քանի որ պայմանագիրը լուծարված է, մենք չենք ստուգել՝ իրո՞ք այդպես է: Երբ դատարանը որոշում կայացնի, մենք համապատասխան գործընթացը կսկսենք: Իրենք ցանկանում են, որ գումարի մնացած մասը տեղափոխվի՝ 2018-ին աշխատանքները շարունակեն: Սպասում ենք դատարանի վճռին»,- ասաց նա: Պայմանագրի լուծարումը տեղի է ունեցել 2017-ի սեպտեմբերին, որն աշխատանքներն ավարտելու վերջնաժամկետն էր:



Նշենք, որ կառավարությունն անցյալ տարի Արարատի մարզին հատկացրել էր 139 մլն 719 հազար դրամ, որից թատրոնի աշխատանքների համար նախատեսված էր 25 մլն 654 հազար 300 դրամ:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**