Չարչարում էին, մատերս՝ կոտրում, եղունգներս՝ քաշում. Պավլիկ Մանուկյանը շարունակում է ցուցմունք տալ (տեսանյութ)

Չարչարում էին, մատերս՝ կոտրում, եղունգներս՝ քաշում. Պավլիկ Մանուկյանը շարունակում է ցուցմունք տալ (տեսանյութ)
Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական նիստին «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը շարունակում է ցուցմունք տալ։ Նրան հարց ուղղեցին պաշտպանները, մեղադրողները։ Փաստաբան Տիգրան Եգորյանը Մանուկյանին հարցրեց, թե 2015թ. եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում արդյոք իրենց ծավալած գործողությունները նպատակ են ունեցե՞լ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցիչներին զենքի գործադրմամբ վնասներ պատճառելու, իշխանությունը բռնի ուժով տապալելու, Մանուկյանը պատասխանեց, որ այս գործը շինծու է. «Այդ ժամանակ իրականացված միտինգը թույլատրված է եղել քաղաքապետարանի կողմից: Մեր ոչ մեկի բնակարանից ոչ մի բան չկարողացան գտնել, ինձ անկողնուց հանել, բերել են, հետո բաց թողեցին: Կնոջս հետ քնած էի, դա հանցա՞նք է։ Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի ժամանակ ասաց` ոչ մի տարածք չենք կորցրել, հետո ասաց` 800 հեկտար, այդ ժամանակ ինչու, հարգելի դատարան, չկանգնեցիք, ասացիք` դուք պետական դավաճան եք: Պետական դավաճանություն է գնում հիմա»։



Պավել Մանուկյանը նախագահող դատավորին դիմում էր «դու»-ով, ինչը վերջինիս դուր չեկավ եւ խնդրեց հարգալից լինել։ Պավել Մանուկյանը, դիմելով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին, հարցրեց՝ Ձեզ ինչպե՞ս դիմեմ, սիրելիս, ինչին դատավորը արձագանքեց. «Դատարանին դիմում են՝ հարգելի դատարան»: «Է, հարգելի թողե՞լ եք, որ հարգելի ասեմ: Եթե Ժիրայր Սեֆիլյանի պես մեծությանը ամբաստանյալ ես անվանում դու, ես դատարան բառը քեզ չեմ ասի, ելնելով դրանից՝ ես հարգալից եմ դիմում քեզ, աղջիկս»:



Մանուկյանին հարցեր ուղղեց նաեւ գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը։ Գևորգ Սաֆարյանը, որը ողջ դտավարության ընթացքում ոտքի չէր կանգնում, Պավել Մանուկյանին հարց հղելիս ոտքի կանգնեց՝ նշելով, որ ոչ թե հայեցակարգի պահպանման, այլ հարգանքի նշան է: Գևորգ Սաֆարյանը Պավել Մանուկյանին խնդրեց պատմել Շուշիի բանտում գտնվելու օրերի մասին, ինչին ի պատասխան Մանուկյանը նշեց. «Չարչարում էին, մատերս էին կոտրում, եղունգներս՝ քաշում, բայց դա անում էր թշնամին: Նրանցից սպասելիք չունեի: Հիմա էլ կրակել են ոտքերիս: Այս ոտքերն ինձ պետք չի, ձեզ է պետք: Ես ողջ ընտանիքս եմ զոհասեղանին դրել, եթե կա մի բան, որ չեմ դրել, ասեք: Հեռուստաաշտարակ ենք ցանկացել գրավել, գրավենք՝ ինչ անենք»:



Մեղադրողները ևս հարցեր ուղղեցին Պավել Մանուկյանին` արդյոք ապրիլի 24-ին ցանկացե՞լ են փողոց դուրս գալ, որին ի պատասխան Պավել Մանուկյանն ասաց` ամեն օր էլ Հայաստանում ապրիլի 24 է. «Մենք որոշել էինք դուրս գալ ու ի նշան բողոքի՝ մնալ փողոցում»:



Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:



Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։



**Աննա Պապիկյան**