«Հրապարակ»․ Եկող շաբաթ Արմեն Սարգսյանը կհանդիպի «Ծառուկյան դաշինքի» հետ

«Հրապարակ»․ Եկող շաբաթ Արմեն Սարգսյանը կհանդիպի «Ծառուկյան դաշինքի» հետ
«Ծառուկյան դաշինք»-Արմեն Սարգսյան հանդիպումը տեղի կունենա եկող շաբաթ։ Պատճառը Ծառուկյանի բացակայությունն է Հայաստանից։ Բայց չէ՞ որ 2 օր առաջ եկել էր Գերմանիայից՝ հարցրինք ԲՀԿ-ական մեր աղբյուրին: «Այո, եկել էր, սակայն նորից մեկնեց. այս ընթացքում 2 անգամ եկավ եւ հետ վերադարձավ»: Իսկ հնարավո՞ր է դաշինքն ու նրա առաջնորդը դրանով ինչ-որ բան են հասկացնում ապագա նախագահին։  «Երբեք. պարոն Ծառուկյանն այնտեղ շտապ գործեր ուներ»: Իսկ ինչպիսի՞ն է նրա վերաբերմունքն Ա. Սարգսյանի նկատմամբ, ինչպե՞ս կքվեարկեք նախագահի թեկնածությունը: «Մասնավոր զրույցներում պարոն Ծառուկյանն ասել է, որ առանձնապես վատ չի վերաբերվում նրան, ասել է նաեւ, որ մանակրկիտ քննարկում է լինելու ֆրակցիայում այդ առնչությամբ. հատ-հատ լսելու է բոլորին, նոր եզրակացություն անի»: Իսկ մեր տեղեկություններով, ասել է` քվեարկությունն ազատ է լինելու, ապահովեք անհրաժեշտ 14 ձայնը, մյուսներն ինչպես ցանկանան, այնպես թող քվեարկեն, որպեսզի ուժերի բալանսը լրիվ չգնա Ա. Սարգսյանի կողմը, եւ նա հասկանա «ով-ով» է խորհրդարանում: «Չեմ կարող որեւէ բան ասել. պետք է սպասել»: