Վահագն Աբգարյանը բարեգործ է, հազար ու մի բարեգործություն ունի արած

Վահագն Աբգարյանը բարեգործ է, հազար ու մի բարեգործություն ունի արած
39-ամյա Կամո Փիրուզյանի սպանության, ինչպես նաև Ռոմիկ Մուսինյանի սպանության նախապատրաստության վերաբերյալ գործերը միավորվել են եւ կքննվեն մեկ վարույթում։



Հիշեցնենք, որ այս գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանին՝ ալավերդցի Վահագնին։ Նա մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), Կ.Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով) եւ Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու մեջ։ (ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով)։



Վահագն Աբգարյանի շահերի պաշտպան Հակոբ Ճարոյանի խոսքով՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն կիրականացվի, եթե Թուֆենկյան հյուրանոցի առաջ տեղի ունեցած սպանության գործն էլ միացվի։



«Վերջիվերջո պետք է պարզեն՝ ինչի արդյունքն է։ Իմ կարծիքով՝ այս գործի հետ ինչքան կապող բան կա, պետք է իրար միացնեին, բայց նախաքննական տվյալներին մենք չենք տիրապետում։ Վահագն Աբգարյանն այնպիսին չէ, որի մասին այսպես տարածում են, իրենք էլ ապացույց չունեն։ Քննչական խմբի ղեկավարը՝ Աղաբաբյան Գեւորգը, գնդապետ մարդ, լավ գիտի անմեղության կանխավարկածը, հարցազրույցներ է տալիս եւ մարդկանց մեղադրանքներ է առաջադրում՝ խախտելով անմեղության կանխավարկածը։ Բա որ էդ մարդիկ արդարացվեցին, ինքը պատկերացնո՞ւմ է իր վիճակը, թե որ իրենք են գործը քննում, ինքն իրավունք ունի, ինչպես ուզի, այնպես էլ հայտարարություններ անի։ Պարզ ասում եմ Ձեզ՝ մարդկանց մեղադրում են ծանր հանցագործության մեջ, երբ գոյություն չունի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Խեղաթյուրված, այդ պահին իրենց ոնց պետք է, ասում են։ Ասում է՝ 40 հոգու բնակարան միառժամանակ խուզարկվել է, բայց չի ասում, որ 39 հոգու բնակարանից ոչինչ չի հայտնաբերել, բացի մեկից, որտեղ պայթուցիկ է եղել»,-նշեց փաստաբանը։



**-Դիտավորություն եք տեսնո՞ւմ, որը ուղղված է Վահագն Աբգարյանին։**



-Կոնկրետ անձին խայտառակելու, որոշակի կարծիք ստեղծելու, ոչ միայն իր, այլ նաեւ իր շրջապատի դեմ, գուցե անուղղակի կամ ուղղակի։ Հիմա ստեղծվում է բացասական կարծիք, բայց համոզված եմ, որ ցանկացած լրագրող, ով տվյալ անձի հետ ունենա խոսակցություն, կհամոզվի, որ իր դիմաց նստած է գիտակից, նորմալ տղամարդ իր սկզբունքներով։ Ինձ ասում են՝ նա բազմաթիվ բարեգործություններ է արել, ես ինքս փորձում եմ դա ճշտել եւ մամուլին ներկայացնել։



**-Բարեգո՞րծ է Վահագն Աբգարյանը։**



-Այո, հազար ու մի բարեգործություններ ունի արած։



**-Նա որպես քրեական հեղինակություն է ներկայացվում։**



-Քրեական հեղինակություն շատերին կարող են ասել։



**-Դա իրականությանը չի՞ համապատասխանում։**



-Ոչ, չի համապատասխանում։ Վերջիվերջո մենք ունենք քրեական օրենսգրքով ձեր ասած հարցի պատասխանը։ Անձը անում է բազմաթիվ հանցագործություններ եւ համարվում քրեական հեղինակություն։



**-Պարոն Ճարոյան, բայց մեր իրականությունում «քրեական հեղինակություն» ասվածը այլ կերպ են ընկալում, քան նշված է Քրեական օրենսգրքում։**



-Արե՞լ է հանցագործություններ կամ ազդեցություն է գործում ինչ-որ բանի վրա, նախ դրանք ենթադրություններ են։ Եթե ունեցել է ազդեցություններ, նայենք՝ դա դրական է, թե բացասական է։ Ես Ձեզ ասում եմ՝ արել է բարեգործություններ, ես Ձեզ դրանք կներկայացնեմ։



**-Ի՞նչ բարեգործություններ է արել։**



-Հովանավորել է 2 դպրոց, մանկապարտեզներ, գրքեր, որ լույս տեսնեն։



**-Եկեղեցի էլ չի՞ կառուցել։**



-Չգիտեմ ես, դժվար կառուցած լինի, բայց կոնկրետ այդ դրվագն ինձ չի հետաքրքրել։



_Վահագն Աբգարյանը հրաժարվել է ցուցմունք տալո։ Նա կալանավորվել է հունվարի 20-ին։_



**Աննա Պապիկյան**