Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է. նրանց շրջանում մահացության ցուցանիշը բարձր է․ ԱՆ

Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է. նրանց շրջանում մահացության ցուցանիշը բարձր է․ ԱՆ
Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացվել է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների տարածվածության վերաբերյալ «STEPS» ազգային հետազոտություն։ Նպատակն է ՀՀ 18-ից 69 տարեկան բնակչության շրջանում ՈՎՀ-ի (արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, չարորակ նորագոյացութուններ, շաքարային դիաբետ, թոքի օբստրուկտիվ հիվանդություններ) ռիսկի գործոնների տարածվածության գնահատմամբ դրանց կանխարգելումն է և քաղաքականության մշակումը: Նշենք, որ ծխախոտի տարածվածության վերաբերյալ Հայաստանում հետազոտություններ են իրականացվում 2004 թվականից:



STEPS ազգային հետազոտության հարցմանը մասնակցել է 18-69 տարեկան 2.349 քաղաքացի։ Հարցման արդյունքներով ծխում են տղամարդկանց կեսից ավելին` 51.5%-ը, կանանց՝ 1.8%-ը։ Նրանց 94.3%-ն օգտագործում է գործարանային արտադրության ծխախոտ։ Ծխելը սկսելու միջին տարիքը 18.1 է։ Ուշագրավ է, որ չափահաս բնակչության 56.4%-ը ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվում է տանը, իսկ 26.6%-ն` աշխատավայրում: Հայաստանում ամեն տարի ախտորոշվում է շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունների 1300-1500 նոր դեպք: 2016 թվականին ընդհանուր հիվանդների թիվը կազմել է 1930, որից 1624-ը` տղամարդիկ, 306-ը` կանայք (100.000 բնակչի հաշվով` 64.6), իսկ մահացությունը՝ 1170 դեպք, որից 975-ը` տղամարդիկ, 195-ը` կանայք (100.000 բնակչի հաշվով` 39.1):



Վիճակագրական տվյալները փաստում են, որ տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղով հիվանդացությունը և մահացությունը 5-6 անգամ բարձր է, քան կանանց։ Դա կարող է պայմանավորված լինել տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությամբ: Միաժամանակ, Հայաստանում ամեն տարի գրանցվում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների շուրջ 55.000 նոր դեպք, որոնց զարգացման հիմնական պատճառներից մեկը համարվում է ծխելը:



**Առողջապահության նախարարություն**