Տղաս գալիս է տուն,նայում հոր նկարին եւ ասում՝ բարեւ,պապ․ Մեյթիխանյանը ցուցմունք տալիս արտասվում էր (տեսանյութ)

Տղաս գալիս է տուն,նայում հոր նկարին եւ ասում՝ բարեւ,պապ․ Մեյթիխանյանը ցուցմունք տալիս արտասվում էր (տեսանյութ)
Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այսօր ցուցմունք տվեց տուժողի իրավահաջորդ Մեյթիխանյանը։



Նա պատմեց, որ դեպքի վայր է հասել տաքսիով, հասնելուն պես տեսել է ամուսնու մարմինը, սկեսուրին, որը գլուխը խփելիս է եղել «Ֆորդ» մեքենային եւ թուլացած աղջկան։



Մեյթիխանյանը դատարանում նաեւ նշեց, որ ամուսնուն հողին հանձնելուց հետո նամակ է գրել Հանրապետության նախագահին՝ խնդրելով արդար դատաքննություն իրականացնել․



«Ամուսնուս հողին հանձնելուց հետո եկանք, ես նստեցի համակարգչի առաջ եւ գրեցի նամակ՝ ուղղված Հանրապետության նախագահին՝ խնդրելով, որ լինի արդար դատաքննություն։ Դեպքի հենց գիշերը գալիս էին եւ ասում էին, որ սա են գրում այն են գրում եւ այլն, ես բացարձակապես տեղ չտվեցի դրան եւ տղաներիս ասացի՝ դուք ծնողասեր, գիտակից մարդիկ եք եւ եթե ձեզանից որեւէ մեկը փորձվի էս տղաների հարազատներից, ծանոթներից, ընկերներից, մեր հասցեին վիրավորական բառերին նույն ձեւ պատասխանել, ես ձեզանից խիստ կվիրավորվեմ, որովհետեւ Ձեր հայրը երբեք չէր ուզենա, որ դա դուք անեք։ Եվ նաեւ ասել եմ տղաներիս՝ ես այս երկրի քաղաքացի եմ եւ հավատում եմ այս երկրի օրենքներին, կնստեք ձեր տեղը հանգիստ, լուռ կտանեք ձեր ցավը եւ կհետեւեք դատաքննությանը, էս երկրում պետք է օրենքները գործեն, որեւէ մեկդ վրեժով լցված որեւէ գործողություն չանեք, որ ճակատագրական չլինի Ձեզ համար։ Փառք Աստծո, տղաներս հարգեցին իմ խոսքը։ Ժողովրդական մի առած կա, որը չգիտեմ ինչու այս պահին միտս եկավ, ասում է՝ վատ հոր պատիժը փուչ որդի ունենալն է, այնպես որ այս 1,5 տարի իմ տղաները լուռումունջ գալիս, մտնում են տուն, հոր մեծադիր նկարը ճաշասենյակի պատին է կախված, տղաս նայում է նկարին եւ ասում է՝ բարեւ պապ, իմ ընտանիքը ո՞նց կարող է դա մոռանալ։ Գնում եմ գյուղ, սկեսուրիս արգելում եմ ինձ հետ գերեզման գալ, որովհետեւ նա չի դիմանում։ Ամեն մեկս մյուսից թաքցնում ենք մեր զգացմունքները, մեր ցավը, մեր միակ մխիթարությունը կլինի արդար դատաքննությունը։ Ամեն մեկը հեքիաթ է ունենում, որը մի օր վերջանում է, իմ հեքիաթը ավարտվեց հունիսի 4-ին»։



Փառանձեմ Մեյթիխանյանը, խոսելով դեպքի, ամուսնու մասին, պարբերաբար հուզվում էր, արտասվում։



Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:



Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:



**Աննա Պապիկյան**