Ալավերդու սպանությունների կծիկը սկսել են քանդել

Ալավերդու սպանությունների կծիկը սկսել են քանդել
Անցած տարվա հոկտեմբերին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած աղմկոտ սպանությունից տուժած քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանն այսօր առավոտյան ձերբակալվել է։ Սակայն նրան ձերբակալել են ոչ թե այդ, այլ ամռանը Ալավերդու «Կատա» սուպերմարկետի մոտ տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործի շրջանակներում։



**Դեպքի նախապատմությունն ու վենդետան**



2017 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում հնչած կրակոցների հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից մահացել էր քաղաքացի Կամո Փիրուզյանը (ծնված 1978թ): Քրեական գործով փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից Կամո Փիրուզյանի ուղղությամբ կրակոցներ է արձակել նույն քաղաքի մեկ այլ բնակիչ՝ Վլադիմիր Դավթյանը։ Դեպքի պահին վերջինս գտնվել է նույն հասցեում գտնվող ծաղկի վաճառքի սրահում, որտեղից էլ կրակոցներ է արձակել դրսում գտնվող Կամո Փիրուզյանի ուղղությամբ, ինչը շարունակել է ծաղկի սրահից դուրս գալուց հետո, ապա նաև՝ ոտքերով հարվածել է տուժողի մարմնի տարբեր մասերին: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։



Այս սպանությունն անմիջապես վերագրվեց հին ու վաղեմի թշնամությանը Ալավերդու երկու խմբավորումների միջեւ, որը սկիզբ էր առել տարիներ առաջ։ Վենդետան՝ արյան վրեժը հին նախապատմություն ուներ։ Վերջին զոհի՝ Կամո Փիրուզյանի վրա կրակողը 2016 թվականի մայիսին սպանված Էդուարդ Պողոսյանի ընկերն էր։ Իսկ Էդուարդ Պողոսյանին եւ նրա հետ սպանված եւս մեկ անձի՝ Վարդան Ավագյանին սպանել էր Կամո Փիրուզյանի եղբայրը՝ Վարդան Փիրուզյանը։ Վրեժխնդիրները փնտրել ու չէին գտել փախած Վարդան Փիրուզյանին, եւ վենդետան իրականցրել էին նրա եղբոր՝ Կամո Փիրուզյանի նկատմամբ։ Բնական էր, որ այդ երկու սպանությունները կապ ունեին իրար հետ, որ Վլադիմիրը, սպանելով Կամոյին, վրեժ էր լուծել ընկերոջ մահվան համար։ Սակայն այդ կապը բոլորը տեսնում էին, բացի իրավապահներից, որոնք Վլադիմիր Դավթյանին ձերբակալելով բոլորովին այլ վարկած առաջ քաշեցին եւ ձեւացրին, թե նախկին սպանություններն ու երկարամյա թշնամանքը ոչ մի կապ չունի․ Դավթյանը Փիրուզյանին սպանել է միջանձնային թշնամանքի հողի վրա։



**Դատախազությունը նշում է՝ թերի նախաքննություն է իրականացվել**



Այսօրվա ձերբակալությունն, իրականում, բավականին անսպասելի էր՝ ըստ էության դատախազությունը բացել է նախկին հանցագործությունների կծիկը եւ բացահայտել Քննչական կոմիտեի շահագրգռվածությունը՝ իրականությունը քողարկելու, գործի իրական հանգամանքները թաքցնելու հարցում։ Դատախազությունը հստակ հայտարարել է, որ նախաքննության մարմնի կողմից կատարվել է թերի քննություն: Ըստ դատախազության՝ մասնավորապես, չի կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն՝ մեղադրյալի կատարած արարքը ճիշտ որակելու, հանցագործության իրական դրդապատճառը պարզելու, ինչպես նաև հանցագործությանը մասնակցած բոլոր անձանց որպես մեղադրյալ ներգրավելու ուղղությամբ: Այդ իսկ պատճառով քրեական գործը գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար:



Մենք հարց ուղղեցինք Քննչական կոմիտեին՝ խնդրելով մեկնաբանել դատախազության հաղորդագրությունը եւ բացատրել, թե ինչպես եւ ինչու է ծածկադմփոց արվել այս սպանության գործը։ Մեզ պարզաբանեցին, թե յուրաքանչյուր գործով քննիչը ձեռնարկում է անհրաժեշտ քննչական գործողություններ՝ համագործակցելով օպերատիվ-հետախուզական մարմինների հետ, բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ. «Քրեական գործը նախկինում քննվել է Լոռու մարզային քննչական վարչության վարույթում։ Հաշի առնելով քրեական գործի բարդությունը ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ նախաքննությունը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը, որտեղ էլ ներկայումս շարունակվում է»։



Փաստորեն, եթե ժամանակին Քննչական կոմիտեն ամբողջ ծավալով եւ լիարժեք քննություն կատարեր, բացահայտեր, որ ամռանը կատարված սպանության պատվիրատուն Վահագն Աբգարյանն է, ժամանակին ձերբակալեր նրան, Թուֆենկյանի մոտ սպանությունը չէր կատարվի։



**Նախկին քաղաքապետը չի ցանկանում խոսել**



Ալավերդու նախկին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, որի անունը կապվում է Վահագն Աբգարյանի անվան հետ եւ նշվում է, որ նրանք նույն թիմից են, չի ցանկանում խոսել այսօրվա ձերբակալության մասին․ «Հեսա կսկսեք ամբախ-զամբախ գրելը։ Ես ձեզ ասել եմ մի անգամ էլ՝ դրա համար գոյություն ունի համապատասխան մարմիններ, զանգում եք համապատասխան մարմին, ձեզ ինչ պետք ա իմանում եք։ Դուք ի՞նչ բարոյական իրավունք ունեք զանգեք ինձանից մի հատ էլ կարծիք հարցնեք, դա իմ ցանկությանը դեմ է։ Զանգում եք՝ Ձեզանից որոշումներ եք կայացնում, թե ում հետ, ինչ հարաբերություններ ունեմ։ Գրելը ի՞նչ ա, թուղթ ա, ով ասես եզրակացություն ա անում ու գրում ա։ Ես տեղյակ չեմ, ինձ էլ մի անհանգստացրեք»։



Հարցին՝ հնարավո՞ր է նախաքննությունը շարունակվելու դեպքում իր նկատմամբ եւս քննչական գործողություններ կատարվեն, նա պատասխանեց․ «Լսի, ես ի՞նչ կապ ունեմ, դուք պետք ա զանգեք Ներքին գործեր»,- ասաց նախկին քաղաքապետը, որը տեղյակ չէ, որ վաղուց մեզանում «ներքին գործեր» չկան եւ, դատելով Վահագն Աբգարյանի ձերբակալությունից, միշտ գալիս է սեփական արարքներիդ համար հատուցելու ժամանակը։



Փիրուզյանին սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի փաստաբան Հովիկ Արսենյանը համաձայն չէ դատախազության տարածած հայտարարության հետ եւ կարծում է, որ ժամանակին օբյեկտիվ նախաքննություն է ընթացել․ «Այնտեղ ոչ մի փաստական տվյալ, ապացույց գոյություն չունի եւ ինձ համար շատ զարմանալի է։ Որտեղի՞ց վերցրեց դատախազությունը, որ Վահագն Աբգարյանի պատվերի հիման վրա է կատարվել, որեւէ փաստ չկա, ես չեմ տնօրինում, չեմ տիրապետում, նման բան գոյություն չունի։ Մակերեսային չի եղել, իրավունք չունեն նման բան ասելու, ես չեմ հասկանում՝ նրանց մեջ այդ ի՞նչ հակասություն կա, որ նման հայտարարություն են տարածել, բացարձակ համաձայն չեմ։ Իրավապահ համակա՞րգ է, թե՞ ոչ, ո՞ւր է այդ փաստական տվյալները եւ ապացույցները, ո՞ւր է անմեղության կանխավարկածը, չեմ կարողանում հասկանալ, ինձ համար անհասկանալի է»։



Նշենք, որ ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ Վլադիմիր Դավթյանը հանդիսանում է Վ.Ա-ի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ, և Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է վերջինիս պատվերով: Բացի Վահագն Աբգարյանից՝ «Գինետուն» հյուրանոցային համալիրից բերման են ենթարկվել և Վ.Ա.-ի ղեկավարած հանցավոր համագործակցությանը անդամակցելու կասկածանքով ձերբակալվել են Ա. Մ.-ն և Ա. Հ.-ն»:



**Աննա Պապիկյան**