Չկա նախկին դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը, ձեր առաջ կանգնած է այլ մարդ․ Ցմահի գործով դատական նիստ

Չկա նախկին դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը, ձեր առաջ կանգնած է այլ մարդ․ Ցմահի գործով դատական նիստ
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանի բողոքի գործով դատական նիստը։ Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գրիգորյանի եւ նրա փաստաբանի հայցը՝ պայմանական վաղաժամկետ համակարգով ազատ արձակվելու հետ կապված։ Որոշումն ահա պաշտպանական կողմը վիճարկել է Վերաքննիչ քրեական դատարան։



Դատական այսօրվա նիստին փաստաբանը նշեց, որ Առաջին ատյանի դատարանը կողմնակալ է քննել գործը, նիստին խոսվել է միայն այն մասին, որ 23 տարի կալանքի տակ գտնվելու ընթացքում իր պաշտպանյալի մոտից 2 անգամ բջջային հեռախոս են հայտնաբերել, սակայն չի նշվել, որ ՔԿՀ-ից կողմից նա արժանացել է խրախուսանքի։



Փաստաբանը միջնորդեց, որպեսզի Վերաքննիչ քրեական դատարանը բավարարի իրենց բողոքը։



Մեղադրողը առարկեց միջնորդության դեմ եւ նշեց, որ բողոքը ենթակա չէ բավարարման, միջնորդեց, որպեսզի դատարանը անփոփոխ թողնի Առաջին ատյանի կայացրած որոշումը։



Անկախ հանձնաժողովի եւ «Արմավիր» ՔԿՀ-ի ներկայացուցիչները նշեցին, որ որոշումը թողնում են դատարանի հայեցողությանը։



Ստեփան Գրիգորյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ճաղերի հետեւում 23 տարի անցկացրած տարիները իրեն փոխել են եւ դատարանում այսօր կանգնած է ուրիշ մարդ․ «23 տարի․ մի ամբողջ մարդկային կյանք, դրանց մեջ է ամփոփված կյանքիս լավագույն տարիները։ Տարիներ, որոնք կարող էի եւ պարտավոր էի անցկացնել ընտանիքիս հետ միասին, բայց, ավաղ։ Չեմ ուզում տպավորություն ստեղծվի Ձեզ մոտ, որ անմեղ եմ եղել, հանիրավի ինձ դատապարտել են, բայց գոյություն ունի նաեւ հարցի մեկ այլ կողմ։ Հանրապետության երկրորդ նախագահը չզրկեց ինձ կյանքից։ Կարծում եմ՝ կյանքովս եմ հատուցել արածիս համար, միթե արածիս համար զղջալը չէ, որ անհույս վիճակում փորձել եմ չկորցնել մարդկային դիմագիծը, մարդ տեսակը։ Հարգելի դատարան ի լուր բոլորի հայտարարում եմ, որ չկա նախկին դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը, ձեր առաջ կանգնած է միանգամայն այլ մարդ»։



Քանի որ Ստեփան Գրիգորյանի անձնական գործը ներկայացվել էր դատարան այսօր, նախագահող դատավոր Մանուշակ Պետրոսյանը որոշեց հետաձգել դատական նիստը։ Հաջորդ նիստը կկայանա հունվարի 26-ին։



**Աննա Պապիկյան**