Գյումրիում արձաններ չեն տեղադրվի, բայց 100 մլն-ի ճակատագիրն անորոշ է

Գյումրիում արձաններ չեն տեղադրվի, բայց 100 մլն-ի ճակատագիրն անորոշ է
Հանրային լսումների արդյունքում վերջնականապես տապալվեց Գյումրու Աբովյան փողոցում 12 հանրաճանաչ գյումրեցիների արձաններ տեղադրելու գաղափարը: Քաղաքապետարանը նախապես հրապարակել էր 17 հանճարների անունները, որոնցից 12-ի արձաններն առաջարկում էր տեղադրել Աբովյան ճեմափողոցում:



Նրանք էին ՝ բանաստեղծներ Հովհաննես Շիրազն ու Ավետիք Իսահակյանը, փիլիսոփա, գրող, երաժիշտ, պարուսույց, սցենարիստ Գեորգի Գյուրջիևը, ակադեմիկոսներ Սերգեյ Համբարձումյանը, Արտաշես Շահինյանը, Արմենակ Մնջոյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը, կինոդրամատուրգ Էդմոն Քեոսայանը, վաստակավոր նկարչուհիներ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանները, քանդակագործ, ակադեմիկոս Սերգեյ Մերկուրովը, գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը, կոմպոզիտորներ, վաստակավոր գործիչներ Արմեն եւ Նիկողայոս Տիգրանյաններն ու Խաչատուր Ավետիսյանը, գուսան Շերամը, Պոլոզ Մուկուչն ու մեծն բարերար Քըրք Քըրքորյանը:



Գյումրեցիների կարծիքով պետք չէ քաղաքը արձանախեղդ անել, այն դեպքում, երբ սոցիալական մի շարք խնդիրներ առաջնահերթ են: Նրանք հասարակական լսումներին հանդես եկան բոյկոտող պաստառներով եւ ի վերջո տապալեցին նախագիծը:



Հիշեցնենք, որ արձաններ տեղադրելու մտահղացումը քաղաքապետ Սամվել Բալասանյանինն էր, իսկ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր ֆինանսավորել: Գյումրու քաղաքապետարանը թաքցնում էր գումարի չափը, որը նախագահը տրամադրելու էր արձաններ կառուցելու համար: Հիմա համայնքապետն ինքն է առաջարկում՝ 100մլն դրամ նվեր-գումարը ծախսելու այլ տարբերակ գտեք: Տարբերակներից մեկն էլ նշված գումարը «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ին հատկացնելն է, որպեսզի շենքը վերանորոգվի եւ աշխատանքները չփչանան: Այդ նպատակով Գյումրու քաղաքապետարանում հունվարի 16-ին տեղի կունենա հանրային բաց լսում-քննարկում, որից հետո միայն պարզ կլինի 100մլն նվեր-գումարի ճակատագիրը:



Ի դեպ, Ասլամազյան քույրերի տուն թանգարանն այսօր զրկված է ջեռուցումից, պատերը ճաքճքված են, եւ ջերմաստիճանի տատանումից կտավները խամրում են : Շենքը կառուցվել է 1980-ական թ. որպես ուսումնական հաստատություն: Այն իրենից ներկայացնում է հին Գյումրուն բնորոշ դասական կառույց: Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը քաղաքին են կտակել իրենց ստեղծագործությունները` մոտ 700 արվեստի գործ:2004 թվականին շենքը Լինսի հիմնադրամի միջոցներով վերակառուցվել է:



**Արևիկ Հակոբյան**