Նոր տեսչական մարմինը դեռ չի ձեւավորվել․ հունվարի 14-ին Կրթության տեսչության պետը հրաժեշտ կտա իր պաշտոնին

Նոր տեսչական մարմինը դեռ չի ձեւավորվել․ հունվարի 14-ին Կրթության տեսչության պետը հրաժեշտ կտա իր պաշտոնին
Թեեւ հունվարի 14-ին Կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին, սակայն տեսչական նոր մարմինը դեռեւս ձեւավորված չէ, չի աշխատում։ Հայտնի է միայն, որ վարչապետի որոշմամբ նշանակված է նոր տեսչական մարմնի ղեկավարը՝ Ալեքսանդր Շագաֆյանը։



«Այդ նոր մարմինը դեռ չի ձեւավորվել։ Նրանք դեռ չունեն մասնագետներ, տեսուչներ, բաժնի պետեր։ Ուրբաթ օրվանից մեր բոլոր աշխատակիցները իմ գլխավորությամբ գնում ենք քաղծառայության կարճաժամկետ ռեզերվ։ Իսկ այս պահին ձեւավորվում է նոր տեսչական մարմինը, որի ղեկավարի տեղակալին նշանակում է վարչապետը, իսկ մյուս աշխատակիցներին՝ տեսչական մարմնի ղեկավարը։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կկատարվեն բոլոր նշանակումները»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Կարապետյանը։



Հետաքրքրվեցինք, թե չի՞ ցանկանա Արամ Կարապետյանն աշխատել նոր տեսչական մարմնում։



«Ես չեմ էլ համաձայնի, գամ, այստեղ ի՞նչ աշխատեմ»,- հարցին հարցով արձագանքեց նա։



Նկատեցինք, որ Կրթության տեսչության պետը կարող է իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը ներդնել նոր մարմնում։



«Եթե հարկ համարեն, կառաջարկեն, ապա ես կմտածեմ։ Բայց ես չեմ սպասում այդ առաջարկին։ Առաջարկություն եղել է, նախարարի հետ խոսել եմ որոշ հարցերի շուրջ, ինչ նպատակահարմար կլինի, դա էլ կանեմ»,- արձագանքեց նա։



Իսկ ի՞նչ է կարծում Կրթության տեսչության պետը․ նոր տեսչական մարմինը կկարողանա՞ իրականացնել այն գործառույթներն, ինչն անում էր Կրթության տեսչությունը։



«Օրենքով սահմանված կարգ կա, թե ինչով պետք է զբաղվի տեսչական մարմինը։ Այդ մարմինը կոչվում է կրթության եւ գիտության նախարարության տեսչական մարմին, բայց հաշվետու է կառավարությանը, վարչապետին, կառավարման խորհրդին»,- ասաց Արամ Կարապետյանը։



Հարցին, թե այդ նոր մարմնի վերահսկողությունը կլինի ավելի՞ արդյունավետ, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Կարծում եմ՝ այո՛։ Կարծում եմ, տեսչական բարեփոխումների ողջ փիլիսոփայությունը հենց այն է, որ նույն մարմինը չմշակի քաղաքականությունը, ինքն էլ վերահսկի։ Հիմա քաղաքականությունը մշակում է նախարարությունը, վերահսկողությունն իրականացնում է տեսչական մարմինը»։