Ո՞վ է գնել Լևոն տեր-Պետրոսյանին սպասարկած մեքենան

Ո՞վ է գնել Լևոն տեր-Պետրոսյանին սպասարկած մեքենան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պտրոսյանին ու այլ բարձրաստիճան այրերի սպասարկած զրահապատ **Mercedes SEL 500** ավտոմեքենան վերջապես գտավ իր գնորդին։ Այն, հիշեցնենք, պետգույքի կառավարման վարչությունը տևական ժամանակ է՝ աճուրդի էր հանել, սակայն գնորդ չէր գտնվում։ Ամեն աճուրդից հետո գինը իջնում էր 20 տոկոսով։ Ի վերջո, 2017-ի վերջում կայացած հերթական աճուրդի ժամանակ գնորդ գտնվեց ու զրահապատ **Mercede**s-ը վաճառվեց 5.5 միլիոն դրամով։



**Hraparak.am**-ը հետաքրքրվեց պետգույքի կառավարման վարչությունից, թե ով է եղել գնորդը։ Պարզվեց՝ նրա անունը գաղտնի է պահվում, քանի «չեն կարող գնորդի անձնական տվյալներ հրապարակել «Մասնավորեցման մասին» օրենքի պահանջով»։ Անուն կհրապարակեն միայն այն ժամանակ, երբ գնորդն ինքը ցանկանա։ Պետգույքից մեզ միայն ասացին, որ գնորդը ֆիզիկական անձ է, որևէ կազմակերպություն չէ, նա արդեն վճարումը կատարել է և արդեն դարձել է ավտոմեքենայի սեփականատեր։ Հուսանք՝ պատմական էքսպոնատ համարվող այս ավտոմեքենան մի օր չենք տեսնի տաքսու նշանը գլխին կամ, ասենք, դրանով կարտոֆիլ չեն տեղափոխի։ Ի սկզբանե շատ քննադատվեց կառավարության այս որոշումը՝ նման ավտոմեքենան հանել աճուրդի, փոխանակ դարձնեին թանգարանային նմուշ, լավ կլինի՝ գոնե նրա նոր սեփականատերը այդ մեքենային վերաբերվի ըստ արժանվույն։



Ի դեպ, այսօր պետք է կայանար նաև տրանսպորտի և կապի նախարարության շենքի աճուրդը։ Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երեկ ժամը 17։00-ն էր։ Մենք տեղեկացանք, որ աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող կրկին չի գտնվել։ Ի տարբերություն վերը նշված ավտոմեքենայի աճուրդի՝ տրանսպորտի նախարարության շենքի արժեքը աճուրդների ժամանակ չի իջնում, պահպանվում է։ Նշենք, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն արդեն իսկ տեղափոխվել է նոր շենք, հին շենքն էլ աճուրդի է հանվել դեռ 2016 թվականի նոյեմբերից, սակայն մինչ օրս գնորդ չի հայտնվել։ Շենքի արժեքը 13 մլրդ 223 մլն 413 հազար դրամ է։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**