Դատավորների «բոցերը»՝ 2017-ին

Դատավորների «բոցերը»՝ 2017-ին
2017 թ լի էր աղմկահարույց դատավարություններով։ Թերեւս դրանցից ամենահայտնին «Սասնա ծռեր»-ի գործով դատաքննությունն էր։ Մի կողմ թողնելով դատավարության ընթացքը, բուն քրեական գործը, **Hraparak.am**-ը առանձնացրել է դատական նիստերի ընթացքում դատավորների կողմից արված զվարճալի արտահայտությունները, դեպքերը:



**Արտուշ Գաբրիելյան**: Նա վեց ամիս քննեց «Սասնա ծռեր»-ի գործը՝ առանց որեւէ դատավարական քայլ անելու, այնուհետեւ, սույն քրեական գործը բաժանեց երեք մասի՝ տասնմեկի հոգու մասը պահելով իր վարույթում: Հումորասեր դատավորը քրեական գործը մեկնարկելուց հետո չդադարեց շփոթվելուց, արտահայտություններից, որոնք ուրախացնում էին ոչ միայն ամբաստանյալներին, այլեւ դատական նիստի ներկաներին:



Դատական նիստերից մեկի ժամանակ Արտուշ Գաբրիելյանը սպառնաց փաստաբաններից մեկին, թե նրա նկատմամբ խափանման միջոց կկիրառի, եթե դատարանի նկատմամբ շարունակի անհարգալից վերաբերմունք դրսեւորել:



Զավեշտալի իրավիճակ ստեղծվեց, երբ Արտուշ Գաբրիելյանը փաստաբան Ինեսսա Պետրոսյանին դիմեց «պարոն»-ով, իսկ Լուսինե Սահակյանին անվանեց «ամբաստանյալ»:



«Արմեն Բիլյանին երկրորդ հանրային պաշտպան եմ ներգրավում, քանի որ, եթե նրա պաշտպան Արմինե Ֆանյանին բան պատահի․․․․»,-դատական նիստերից մեկի ժամանակ ասաց դատավորն ու չշարունակեց խոսքը, «Սասնա ծռեր»- ի անդամ Գագիկ Եղաիազարյանն էլ արձագանեց. «Հարգելի դատարան, իսկ կարելի՞ է երկրորդ դատավոր էլ նշանակեք, քանի որ ձեզ էլ կարող է բան պատահել»:



Հաճախ շատ ավելի զվարճալի էր ստացվում Արտուշ Գաբրիելյանի եւ «Սասնա ծռեր»-ի անդամների միջեւ երկխոսությունը: Երբ իշխանության հասցեին ինչ-որ վատ խոսք էին վերջիններս ասում կամ խոսում էին իրենց գաղափարներից, Գաբրիելյանն ընդհատելու համար ասում էր՝ շատ լավ, հասկացանք: Այպիսի խոսացկություն հատկապես տեղի էր ունենում Աշոտ Պետրոսյանի եւ նախագահողի միջեւ: Պետրոսյանն մի անգամ ասաց, որ դատավորը նայում է, բայց չի տեսնում, հարցնում է , սակայն չի լսում, Գաբրիելյանն էլ չցանկանալով նրան այլեւս լսել, ասաց. «Եղավ Աշոտ։ Այս պահին թույլ չեմ տալիս խոսել»։



Հետաքրքիր զրույց էր ծավալվում նաեւ Գաբրիելյանի եւ Պավլիկ Մանուկյանի միջեւ.



-Պարոն Մանուկյան, նստե՛ք:



-Ի՞նչ Մանուկյան, ես ապարանցի Պավլիկն եմ:



-Ապարանցի Պավլիկ, նստե՛ք:



-Ո՞նց նստի, ինձ կանչել ես, որ նստացնե՞ս:



Գաբրիելյանի ցնցող մտքերից մեկն էլ այն էր, որ Կարո Եղնուկյանին նա անվանեց քաղբանտարկյալ:



_Էլ ուրիշ ոչ մի դատավորի մեջ զինված խմբի անդամները չտեսան իրենց Ծուռ ընկերոջը, Հենց Արտուշ Գաբրիելյանին նրանք առաջարկեցին դառնալ «Սասնա ծուռ»: «Դու զոհ ես։ Դու զոհն ես համակարգի։ Բայց երբ կարողանաս խիզախ լինել այնքան, որ ուսիցդ ցած նետես այդ բեռը, դու կդառնաս մարդ ու քաղաքացի։ Իսկ ավելի ճիշտ, դու Ծուռ կդառնաս։ Քո Ծուռ լինելուց է կախված մեր երկրի դուզ լինելը, դատավոր Արտուշ ջան։ Ու դա ավելի լավ պաշտոն է, քան Սերժին ծառայելը։ Քայլ ար»,-ասել էր նրանցից մեկը:_



**Արթուր Օհանյան**: Արտուշ Գաբրիելյանից ետ չմնաց նաեւ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը, որը եւս շփոթվում էր այս դատական նիստին, հատկապես, երբ ամբաստանյալները ըմբոստանում էին: Վերջին դատական նիստերից մեկի ժամանակ, երբ Արայիկ Հակոբյանը ոտքի կանգնեց եւ փորձեց լքել դատական նիստերի դահլիճը, նախագահողը նրան դիմեց հայրանունով՝ հավանաբար մոռանալով Հակոբյանի անուն-ազգանունը:



-Տիկուշի, նստեցեք, Տիկուշի Ձեզ ի՞նչ եղավ:



Մարտիրոս Հակոբյանին, որն ավելի հայտնի է Դեդ անունով, նա դիմեց միայն ազգանունով, այն էլ՝ նրա անունը դարձնելով ազգանուն՝ Մարտիրոսյան Հակոբյան, կարգը մի խանգարեք:



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**