Արեւմուտքում բանավիճում են Ռուսաստանի հետ բանակցությունների հարցի շուրջ

Արեւմուտքում բանավիճում են Ռուսաստանի հետ բանակցությունների հարցի շուրջ
«Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բարդությունների են հանդիպել: Գերմանիան եւ մի շարք այլ դաշնակիցներ ցանկանում են ավելի սերտ երկխոսություն Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ այն դեպքում, երբ Միացյալ Նահանգներն ու այլ անդամ պետություններ մերժում են այդ գաղափարը»,- գրում է ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal-ի մեկնաբան Ջուլիան Բարնսը, նշելով, որ Հյուսիս-Ատլանտյան դաշինքի ներսում բանավեճերը ավելի վճռական նշանակություն են ստանում մեկ այլ չափազանց կարեւոր հարցի համատեքստում` ինչպես պաշտպանել դաշինքը:



Ռազմական ստրատեգների համար քիչ են այն հարցերը, որոնք իրենց կարեւորությամբ կարող են համեմատվել հետեւյալ հարցի հետ` սպառազինությունների աճը ավելի իրատեսական է դարձնում պատերազմի վտանգը, թե հեռացնում է այն:



Պատմությունը ցույց է տվել, որ զսպման քաղաքականությունը ձախողվել է եւ պատերազմի է հանգեցրել այն դեպքում, երբ սպառազինությունների աճը չի ուղեկցվել դիվանագիտական ջանքերով: Ըստ հրապարակման, Արեւմուտքում որոշ պաշտոնական շրջանակներ այն կարծիքին են, որ ՆԱՏՕ-ի սպառազինությունների աճի դիվանագիտությունն իրականում կարեւոր մեխանիզմ է Արեւելքում զսպման քաղաքականության իրականացման համար: Սակայն այլ շրջանակներ էլ կասկածի տակ են դնում երկխոսության բովանդակային լինելը եւ կարծում են, որ պարզապես կողմերը լսում են մեկմեկու ավելի շատ, քան խոսում: Այս համատեքստում իզուր չէր ՆԱՏՕ-ում հնչած այն կարծիքը, թե Ռուսաստանի հետ խոսելը նույնն է, թե նստես ու խոսես ռադիոընդունիչի հետ: Ասել, թե Ռուսաստանը դժգոհ է այս ամենից, սխալ կլիներ:



ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն, օրինակ, դժգոհ չէ ՆԱՏՕ-Ռուսաստան երկխոսության որակից, թեեւ կարծում է, որ որոշ հարցերում ավելի իրական արդյունքի կարելի է հասնել, եթե նորմալ երկխոսությունը վերականգնվի փորձագիտական մակարդակով թեկուզ, ինչին Բրյուսելում ընդդիմանում են, նշելով, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է այնքան ժամանակ, որքան որ շարունակվում է Ուկրանիական պատերազմը:



Ջուլիան Բարնսը գրում է, որ ՆԱՏՕ-ում ռուսների հետ դիվանագիտական շցումներին առավել կողմնակից է Գերմանիան: Ըստ հոդվածի, գերմանացի դիվանագետները հայտարարել են, որ առավել ինտենսիվ շփումները դիվանագիտական մակարդակում կարող են դրական ազդեցություն ունենալ լարվածության լիցքաթափման համար:



Արեւելյան դաշնակիցներն այս հարցում ավելի զգուշավոր են եւ կասկածում են, որ ռուս դիվանագետները կկարողանան առաջընթաց արձանագրել, եւ թե արդյոք Մոսկվան իրոք լարվածության թուլացում է ցանկանում: Այստեղ արդեն Միացյալ Նահանգներն է հանդես եկել հայտարարությամբ, իր Պետքարտուղարի բերանով հայտնելով, որ ինքը չի ցանկանում միայն պարբերական հանդիպումներ պարզապես խոսելու համար, այլ ցանկանում է երկխոսություն` իրական սպասելի արդյունքներով:



Ու այստեղ արդեն նույնիսկ սովորական հանդիպումները կարող են բարդանալ Ուկրաինային ԱՄՆ կողմից զենք մատակարարելու որոշման պատճառով, ինչին, ի դեպ, այնքան էլ կողմ չէին գերմանացիները:



Հոդվածն ամփոփվում է պատմական Մարգարետ Մակմիլանի` Առաջին աշխարհամարտի վերաբերյալ արտահայտած հայտնի մտքով, թե ամենամեծ խնդիրն այն է, երբ պետությունները չեն վստահում մեկմեկու եւ այդ դեպքում այն, ինչ մի կողմը որպես պաշտպանություն է համարում, մյուսը դիտարկում է որպես սպառնալիք: