Վիգեն Նազարյանը ձերբակալվել է պետական ահաբեկչության գործի շրջանակում․ Սյուզան Սիմոնյան

Վիգեն Նազարյանը ձերբակալվել է պետական ահաբեկչության գործի շրջանակում․ Սյուզան Սիմոնյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վիգեն Նազարյանը։



«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ Նազարյանին ձերբակալել են պետական ահաբեկչության գործի շրջանակում։ Իսկ թե ինչ գործի մասին է խոսքը, այս գործի շրջանակում այլ անձինք ձերբակալվե՞լ են, Սյուզան Սիմոնյանն ասաց, որ տեղյակ չէ, մանրամասներին չի տիրապետում։



«Ռեժիմը վախենում է ապստամբության կրկնությունից։ Ռեժիմը հստակ գիտակցում է, որ եթե այսօր որևէ զինված խումբ հանդես գա և անի այն, ինչ արեցին Սասնա Ծռերը, լրիվ այլ իրավիճակ կստեղծվի, և շատ ավելի հզոր հանրություն կկանգնի նրանց կողքին ու կարձագանքի նրանց։ Սա է պատճառը, որ ամեն օր հանրությանը քիչ թե շատ հայտնի կենդանիների միջոցով, փորձում են համոզել նույն հանրությանը հեռու մնալ Սասնա Ծռերի գործողության կրկնությունից։ Բոլոր հարցազրույցներում հնչում է նույն հարցը՝ ինչպես՞ եք վերաբերվում զենքով փոփոխությունների հասնելու կոչերին, ու նաև օրինակ են բերում, որ ժողովուրդը չողջունեց Ծռերի գործողությունը։



Ռեժիմը իր սպասավոր լրատվամիջոցների միջոցով զրպարտում է Ծռերին, նրանց ընտրած ձևը որակում ահաբեկչություն, սխալ, ոչ էֆեկտիվ, պարտության տանող, անվտանգությունը խարխլող և այլն։ Ռեժիմը սարսափում է ապստամբության կրկնությունից, և այս ամենի պատճառը հենց սարսափն է։ Ընդ որում հարցազրույց տվողներից շատերը չեն կարող բացահայտ ու բարձրաձայն հայտարարել, որ Սասնա Ծռերի քայլերը միանշանակ ճիշտ են, որ այսօրվա նրանց կոչերը ճիշտ են, ու միակ արդյունքի հասնելու տարբերակը հենց դա է։ Չէ՞ որ նման կոչեր անելու դեպքում նրանց դեմ գործ կհարուցվի ու կզրկվեն ազատությունից, իսկ նրանց հարազատների նկատմամբ ճնշումներ կգործադրվեն»։



Հարցին՝ հնարավո՞ր է, որ Վիգեն Նազարյանը ձերբակալվել է օրեր առաջ ԱԱԾ-ի կողմից հայտարարված «ահաբեկչի»՝ Ռոբերտ Քուրքյանի գործի շրջանակում, Սյուզան Սիմոնյանը պատասխանեց․ «Ես իրար մեջ կապ չեմ կարող տեսնել, մինչև հիմքերը չիմանամ, բայց որ կապ կա ռեժիմի կողմից մարդկանց ահաբեկելու հետ, դա միանշանակ է»։