Վերնագիրը հետաքրքիր է` հանցագործությունն ապաքրեականացնել. վարչապետը իր հանձնարարականի մասին

Վերնագիրը հետաքրքիր է` հանցագործությունն ապաքրեականացնել. վարչապետը իր հանձնարարականի մասին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստում որոշ տնտեսական հանցագործություններ ապաքրեականացնելու մասին հանձնարարական տվեց:



«Վերնագիրը հետաքրքիր է` հանցագործությունն ապաքրեականացնել»- կատակեց վարչապետը` նկատելով իր ասածում առկա առերևույթ տրամաբանական հակասությունը: Ապա բացատրեց` ինչի մասին է խոսքը:



Նա նշեց, որ իրականացված ուսումնասիրությունների, գործարարների հետ քննարկումների արդյունքում առաջացել է Քրեական օրենսգրքով նախատեսված որոշ տնտեսական հանցագործությունների ապաքրեկանացման հարցերին ընդհանուր անդրադարձ կատարելու անհրաժեշտությունը: «Միջազգային լավագույն փորձում առկա քրեաիրավական զարգացումները ևս ընթանում են այդ ուղղությամբ՝ հիմք ընդունելով այն, որ նման հանցակազմերի մի մասը չունեն հանրային վտանագավորության բարձր աստիճան, ինչպես նաեւ դրանց մեխանիզմների իրականացման միջոցով արձագանքելու հնարավորություն»-ասաց վարչապետը: Այնուհետև հանձնարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների, արդարադատության նախարարներին եւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին երկամսյա ժամկետում մշակել եւ ներկայացնել քրեական օրենսգրքով նախատեսված տնտեսական գործունեության ոլորտում առկա այն հանցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերը, որոնք ունեն հանրային վտանգավորության ցածր աստիճան, և առկա է դրանց վարչական վարույթի քաղաքացիական դատավարության շրջանակներում լուծման արդյունավետ հնարավորությունները:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**