Սոցիալական արդարության խնդիր մինչ օրս չկա՞ր

Սոցիալական արդարության խնդիր մինչ օրս չկա՞ր
Ակադեմիական տարկետման իրավունքը վերացնելու նախաձեռնությունը բացատրում են ոչ թե բանակը համալրելու անհրաժեշտությամբ, այլ սոցիալական արդարություն հաստատելու։ Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը եւս այդ կարծիքին է։ Նրա հետ զրույցի ժամանակ նկատեցինք, որ սոցիալական արդարության խնդիր հնարավոր է լուծել կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելով։ «Սա էլ այդ ճանապարհներից մեկն է»,- ասաց նա։



**- Ապրիլյան պատերազմի ժամանակ այդ արդարության խնդիրը ջրի երես ելավ, երբ տեսանք, թե ովքեր զոհվեցին, ովքեր վայելեցին։**



- Ապրիլյան պատերազմը բոլորիս համար շատ կարեւոր հետեւությունների պատճառ է։



**- Իսկ ինչո՞ւ հիմա հիշեցիք սոցիալական արդարության մասին։**



- Ի՞նչ է նշանակում՝ հիմա հիշեցիք։ Ուզում եք, որ ո՞նց պատասխանեմ էդ հարցին… որովհետեւ, երբ որ խնդիրը հասունանում է, էդ դեպքում արդեն անհրաժեշտություն է առաջանում դրանով զբաղվելու։



**- Այսինքն՝ մինչ օրս խնդիրը չէ՞ր հասունացել։**



- Կարծում եմ, որ ոչ։



**- Ապրիլյան պատերազմի ժամանա՞կ էլ չկար այդ խնդիրը։**



- Ոչ, ապրիլյան պատերազմը դրա հետ կապ չունի, ապրիլյան պատերազմն ընդհանուր առումով ամբողջ մեր հասարակության համար պետք է պատճառ լինի՝ հետեւություններ անելու տարբեր խնդիրների վերաբերյալ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**