Մի քանի նկատառում՝ անժամկետ դասադուլի հետ կապված

Մի քանի նկատառում՝ անժամկետ դասադուլի հետ կապված
Հայաստանյան ներքին կյանքը թմբիրից հետո միանգամից արթնացավ եւ սկսեց փոթորկվել զինապարտության մասին օրենքի փոփոխությունների հետ կապված: Մինչ այդ էլ ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի հանրային քննարկումները մի քիչ ներհայաստանյան դաշտին լարվածություն հաղորդեցին, սակայն դա անհամեմատելի է այն լարման հետ, որը կա այսօր ակադեմիական տարկետման հետ կապված:



Զինապարտության մասին օրենքում փոփոխություններ նախաձեռնելիս, ըստ ամենայնի, իշխանությունների հաշվարկը եղել էր այն, որ հանրությունը եթե ոչ դրական, ապա գոնե ըմբռնումով է մոտենալու՝ հաշվի առնելով, թե բանակն ինչ կարեւորություն ունի Հայաստանում: Այլ խոսքով ասած՝ իշխանությունների հաշվարկի առանցքն ուռա-հայրենասիրությունն է եղել, էմոցիոնալ պաթոսը, հատկապես եթե հանրային ընկալման ձեւավորման ընթացքում ներգրավվեին նաեւ ապրիլյան պատերազմի մասնակիցները, ինչն արվեց իշխանական լրատվամիջոցներով եւ հեռուստակայաններով: Սակայն հասարակությունը սթափ գնահատեց դրությունը՝ չտրվելով էմոցիաներին ու մեջտեղ բերելով բանակի խնդիրները, օրենքի փոփոխությունների իրական պատճառը, չծառայած պաշտոնյաներին, ներառյալ նաեւ հենց Վիգեն Սարգսյանին: Խոսվեց նաեւ այն մասին, որ կա անձնակազմի լուրջ պակասորդ բանակում, եւ պետք է ամեն գնով լրացնել այն:



Սկսված անժամկետ դասադուլը կրկին օրակարգ բերեց փողոցային պայքարի հարցը, եւ կրկին գործի անցան ԱԱԾ-ն ու բուհական մանկլավիկների համակարգը` ուսխորհուրդների տեսքով: Այն, որ ԱԱԾ-ն խառնվելու է, պարզ էր ինքնին, ի վերջո, ցանկացած հանրային քիչ թե շատ ստվարաթիվ բողոք արդեն ԱԱԾ տեսադաշտում է, քանի որ իշխող վարչակարգի համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում: Սա բնական երեւույթ է, եւ դասադուլավորները չպետք է վախենային կամ տարակուսեին: Երբ մի երկրում գործող իշխանությունն ունի օրինական ճանաչվածության եւ լեգիտիմության խնդիր, ինքնապահպանության բնազդն աշխատում է ուժային լծակները գործի դնելով: Բողոքի ալիքը, մեղմ ասած, հանրային աճող դժգոհությամբ զուգորդված, իր հորձանքի մեջ առավ Վիգեն Սարգսյանին, եւ սկսվեց, այսպես կոչված՝ «նախարարի փչացում» օպերացիան, որտեղ իր ուրույն մասնաբաժինն ունեցան նախկին Պնախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հայտնի ֆեյսբուքյան գրառումը, դրան հաջորդած քննարկումները, Վիգեն Սարգսյանի լարվածությունը, նյարդերի տեղի տալը` լրագրողներին վիրավորելու դրվագով, Թամարա Կեւորկյանին` վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից աշխատանքից ազատելու դրվագը եւ Վիգեն Սարգսյանի ծանր խոստովանությունը կամ կապիտուլյացիան, երբ դասադուլավորներին ընդունեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ակնհայտ լարված եւ նյարդային Պնախարարը կրկին չկարողացավ զսպել իրեն, ինչին միջամտեց վարչապետը՝ հանգստացնելով եւ խոսակցությունը գործնական դաշտ վերադարձնելով։ Իսկ Վիգեն Սարգսյանի հայտարարությունը, թե «Տղերք ջան, նայեք, ես ձեր տեղը եղել եմ, դուք իմ տեղը դեռ չեք եղել, անպայման լինելու եք», այլ կերպ չի կարելի մեկնաբանել, քան այն, որ ռազմական գերատեսչության ղեկավարը զենքերը վայր է դնում՝ թերեւս հասկանալով, որ խաղում է գալիք սերնդի ապագայի հետ, սակայն եւ հասկանում է, որ, իբրեւ ռազմական եւ պետական գաղտնիք կրող անձ, չի կարող բարձրաձայնել Հայաստանի դեմոգրաֆիկ վիճակի եւ զորակոչերի իրական վիճակագրությունը, չի կարող ասել, որ՝ գիտեք, այս տեմպերով որ գնա, մի քանի տարուց վարձու բանակի մասին կխոսենք կամ մեր անվտանգությունն առհասարակ Ռուսաստանին տալու: Սովորաբար այդպիսի բաները չեն ասվում, իսկ եթե ասվում են, դրան հաջորդում է վճռական կրակոցը քունքին:



Այն, որ դասադուլն սկսվեց ինքնաբուխ, եւ պայքարն անկեղծ հիմքերի վրա էր, ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել: Սակայն հասկանալով, թե որ երկրում ենք ապրում ու նաեւ, թե ինչպիսի բարդ խարդավանքների կոմբինացիաներ է սիրում հյուսել ՀՀ նախագահը, կամա-ակամա սկսում ես մտածել, որ դասադուլը Սերժ Սարգսյանի համար պարզապես «մուրազ» է, որը նա կփորձի ծառայեցնել իր շահերին եւ միանգամից մի քանի նապաստակ խփել մի կրակոցով:



Ա) Ղարաբաղյան թղթապանակ. Ընթերցողը հավանաբար կհիշի, որ անցած տարի ՊՊԾ դեպքերը եղան հուլիս-օգոստոս ամիսներին, այսինքն` Վիեննայի եւ Պետերբուրգի հանդիպումներից հետո: Ընտանեկան բռնության մասին օրենքի աղմուկը բարձրացավ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ ժնեւյան հանդիպումից հետո, սակայն անմիջապես հանգավ, երբ սկսվեցին զինապարտության մասին օրենքի փոփոխությունների քննարկումն ու հանրային բողոքը: Պարզ ասած` եթե ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկումների աղմուկը հրահրվում էր իշխանությունների կողմից, ապա հենց այս ալիքը բարձրացավ, իշխանություններնը, ամենայն հավանականությամբ, հանգցրեցին այն եւ հիմա սպասում են սրա զարգացումներին, որպեսզի ճիշտ պահին օգտագործեն ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Ճիշտ նույնկերպ եղավ ՊՊԾ գնդի դեպքերի հետ կապված: Նախ խոսք գնաց «հարակից շրջանների» մասին, ապա արդեն տեղի ունեցածը փորձ արվեց «խուրդել»՝ հնարավոր բանակցային պայմանավորվածությունները հետաձգելու համար: Չպետք է նաեւ բացառել, որ օրենքի փոփոխություններն ասպարեզ են բերվել հենց այդ նպատակով, որպեսզի առաջանա հանրային դժգոհություն, եւ արդեն առաջին դեմքի մակարդակով այն, կապիտալի վերածված, օգտագործվի բանակցային հարթակում: Ընդ որում՝ ամենեւին էլ պարտադիր չէ, որ իշխանության բուրգում բոլորը տեղյակ լինեն այս կոմբինացիաներից: Չի բացառվում, որ նույնիսկ Վիգեն Սարգսյանի համար ամբողջը մինչեւ վերջ պարզ չէ:



Բ) Անցնցում վարչապետացման գործընթաց. Ուշագրավ է այն, որ նման կարգի բողոքն սկսվում է Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետի լրանալուց հաշված ամիսներ առաջ, երբ գլոբալ ուժային կենտրոնների դիրքորոշումներում հստակություն չկա, թե արդյոք նրանք համաձա՞յն են, որ Սերժ Սարգսյանը մնա իշխանության ղեկին: Այս դեպքում արդեն բողոքի որեւէ ալիք Սերժ Սարգսյանը կարող է ներկայացնել որպես երկրի ներքին կայունությունը «սեւ ու մութ» ուժերի կողմից խաթարելու փորձ եւ վկայակոչելով այն, որ տասնամյա ղեկավարության շրջանում իրեն հաջողվել է ամեն կերպ վիժեցնել հնարավոր իշխանափոխության փորձերը, ապացուցել Կրեմլին եւ Արեւմուտքին, որ ինքը միակ հարմար թեկնածուն է իշխանության ղեկին մնալու համար, որով նաեւ իր բոլոր մրցակիցների եւ հատկապես Կարեն Կարապետյանի հանդեպ առավելություն կստանա: Այս իրավիճակում ե՛ւ պայքարը, ե՛ւ հնարավոր զարգացումները դառնում են չափազանց հետաքրքիր եւ ինտրիգային։



**Տիգրան Վահանե**