Ո՞վ է տարիներ առաջ ատամները բուժել դոկտոր Ռուզիկի մոտ

Ո՞վ է տարիներ առաջ ատամները բուժել դոկտոր Ռուզիկի մոտ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի աննկուն տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գրառումները փոթորիկ են բարձրացրել դասալիքների շրջանում։ Հիշեցնենք, որ բանակից խուսափած մի պաշտոնյայի մասին Ռուզաննա Խաչատրյանի անանուն գրառումը նախեւառաջ որպես մարտահրավեր ընդունեցին ՊՆ-ում․ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պաշտոնապես հերքեց նախարար Վիգեն Սարգսյանի՝ ստատուսի հասցեատերը լինելուն ուղղված կասկածները՝ հընթացս նախկին նախարարի տիկնոջը հիշեցնելով «սուտ մատնության» հոդվածի մասին։ Հիշեցնենք, որ Ռուզաննա Խաչատրյանը հիշել էր 18 տարվա վաղեմության դեպքեր, երբ բանակից խուսափած ներկայիս պաշտոնյան ատամներն է բուժել իր մոտ, եւ ինքը մոտիկից գիտի այդ դասալիքի պատմությունը։ «Ես աշխատում էի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում եւ բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաեւ այդ աղջկա ատամները եւ հիշում եմ, թե ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից... Եվ այսօր նա, իբրեւ մեծ «փիլիսոփա», իբրեւ մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ եւ խրատներ տալ մատաղ սերնդին»,- գրել է նա։



Չնայած հանրային մի մեծ շրջանակ Խաչատրյանի գրառման տողատակում տեսել է պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանին, սակայն խնդրահարույց օրինագծի քննարկումների ժամանակ միայն Վիգեն Սարգսյանը չէ, որ մոլեռանդորեն պաշտպանում էր տարկետման իրավունքի վերացման եւ բոլորին անխտիր բանակ զորակոչելու փոփոխությունը։ Մեզ տեղեկություններ հասան, որ տիկնոջ առաջին գրառման հասցեատերը ոչ թե պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, այլ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, որը նույնպես չի ծառայել բանակում։



Սամվել Ալեքսանյանի փեսա Կորյուն Նահապետյանի կենսագրականում կարդում ենք՝ ծնվել է 1971թ., 1994թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2002թ.` ԵՊՀ ասպիրանտուրան, 2007թ.` ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը: 1994-1998թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ, այնուհետեւ` առաջատար մասնագետ: 1999-2006թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես գիտաշխատող, ապա` գլխավոր դատախազի ավագ օգնական, իրավական եւ կառուցվածքային բարեփոխումների բաժնի պետ: 2006-2008թթ. եղել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար: 2003-ից Ռուս-հայկական համալսարանի միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի դասախոս է, իսկ 2011-ից` նաեւ Ֆրանսիական համալսարանի: 2009թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 8 ընտրատարածքից: Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան, լեյտենանտի զինվորական կոչում:



Երեկ ծայրաստիճան զգուշորեն փորձեցինք Կորյուն Նահապետյանի հետ զրույցում պարզել՝ արդյոք ի՞նքն է գրառման հասցեատերը, թե՞ ոչ։ Սակայն ԱԺ պատգամավորը զրույցի թեմայի մասին տեղեկանալուն պես շատ բորբոքվեց ու հորդորեց չշարունակել թեման։Պարոն Նահապետյանի հետ երկխոսությունը ներկայացնում ենք բառացի։



- Պարոն Նահապետյան, ինչպե՞ս կարձագանքեք պաշտպանության նախկին նախարարի տիկնոջ գրառմանը, ի վերջո, հասցեատերը կարող եք նաեւ Դուք լինել, որովհետեւ այդ օրերին Դուք եւս մոլեռանդորեն պաշտպանում էիք նախագիծը, բայց չեք ծառայել։
- Ես չեմ ուզում խոսել այդ թեմայի մասին, գնացեք հասցեատիրոջը հարցրեք այդ մասին։



- Այսինքն՝ պնդո՞ւմ եք, որ Դուք չեք հասցեատերը։
- Ես ընդհանրապես չեմ ուզում այս թեմայով խոսել, խնդրում եմ Ձեր ձայնագրիչն անջատեք, ես չեմ ուզում Ձեր հարցերին պատասխանել։



- Դուք երբեւէ մտերիմ չե՞ք եղել տիկին Ռուզաննայի հետ, չե՞ք բուժել նրա մոտ Ձեր ատամները։
- Նորից եմ ասում՝ անջատեք ձայնագրիչը, ես կարծում եմ, որ մենք պետք է բանական զրույց վարենք։



- Դուք կարող եք հերքել, որ չեք ճանաչում, կամ հաստատել, եթե նա ճիշտ է։
- Ես չեմ պատրաստվում Ձեր հարցերին պատասխանել, Դուք փորձում եք ավելորդ ինտրիգներ ստեղծել՝ Ձեր լրագրողական վարքագծին բնորոշ, եւ առաջին անգամը չէ, որ Դուք նման վարքագիծ եք դրսեւորում։



- Ես ուղիղ հարց եմ տալիս, Դուք ընդամենը պատասխանեք՝ այո կամ ոչ։
- Դուք շատ լավ գիտեք, որ հասցեատերը ես չեմ։



- Անուն չի հնչել, ու բոլորին կարելի է կասկածել։
- Անուն չի հնչեցրել, բայց անորոշ շրջանակ կա, գնացեք ինքներդ պարզեք։



- Այդ օրերին Դուք էլ էիք ակտիվ խոսում։
- Այդ օրերին շատերն էին խոսում։



- Դուք, փաստորեն, գիտեք, թե ում մասին է խոսքը։
- Ես չգիտեմ, գնացեք ինքներդ պարզեք։



- Բայց ասացիք, որ Դուք չեք, ու ուղղորդեցիք իրական հասցեատիրոջ մոտ։
- Գնացեք լրագրողական հետաքննություն անցկացրեք։



- Ես այդ շարքում նաեւ Ձեզ եմ տեսնում, ընդամենը խնդրում եմ ասեք՝ Դուք նրա մոտ չե՞ք բուժվել, ասեք՝ իմանանք։
- Դուք չեք կարող ինձ այդ շարքում տեսնել։



-Դե ուրեմն պատասխանեք
-Ես չեմ պատրաստվում պատասխանել, որովհետեւ Դուք անհեթեթ հարցերի շրջանակ եք բարձրացնում՝ շատ լավ իմանալով, որ ես չեմ հասցեատերը, Դուք կարող եք այլ դաշտում փնտրել։



- Կոնկրետ ո՞ր դաշտում։
- Ես լրագրող չեմ, Ձեր լրագրողական հետաքննությունը պետք է հուշի։



- Մեր հետաքննությունը բերել է Ձեր դաշտ, հիմա Դուք կարող եք պատասխանել մեր հարցերին։
- Ով Ձեզ նման բան է հուշել, գնացեք Դուք էլ էդ հուշարարին հուշեք, որ եթե նման ցնդաբանություններ եք մեզ հուշել, գնացեք գտեք համապատասխան տեղում։ Ցտեսություն։



Լուսինե
ՇԱՀՎԵՐԴՅԱՆ