Դրամատիկ երկխոսություն (ֆոտոշարք)

Դրամատիկ երկխոսություն (ֆոտոշարք)

Այսօր կառավարության նիստին, ի տարբերություն նախորդ նիստի, ներկա էր ոստիկանապետ Վովա Գասպարյանը։ Նախորդ անգամ նրա տեղակալն էր եկել։ Գասպարյանի ներկայությունը հեռվից հեռու էլ զգացվում է տարածքում։ Ոստիկանապետը գալիս է թե չէ, սկսում է ակտիվ խոսք ու զրույցի բռնվել պաշտոնյաների հետ, հումորներ անել։ Ոստիկանական ժպիտը, տեղ-տեղ՝ ծիծաղը նրա դեմքից չի պակասում, մինչև զանգը չի հնչում և վարչապետը չի գալիս։ Նրա հետ զրույցներն ու երկխոսությունները սովորաբար շատ դրամատիկ ընթացք են ունենում՝ համեմված ակտիվ ժեստիկուլյացիայով։ Առհասարակ, Վովա Գասպարյանը որտեղ կա, այնտեղ ապահովված են գրեթե բոլոր ժանրերով մոնո ներկայացումները՝ դրամա, կոմեդիա, անգամ մելոդրամա, երբեմն էլ այդ ամենը հանգուցալուծվում է տրագիկոմեդիկ որոշ ելևէջներով։



Այսօր առավոտյան ոստիկանապետը նախ նախասրահում, դեռ դահլիճ չմտած, իր սովորության համաձայն մի հատ ծխեց՝ հընթացս հումորներ անելով կողքինների հետ, զրուցելով տարբեր թեմաներից։ Զրույցի ժամանակ հիշեց նաև լրատվամիջոցներին, ինչ կոնտեքստում՝ դժվար է ասել, բայց և ակնհայտ էր, որ մեր ուղղությամբ էր նայում և ինչ-որ բան խոսում մեր մասին։ Անգամ մի պահ նայելով ուղիղ մեզ և նկատելով, որ լուսանկարում ենք իրեն՝ «չեստ» տալու նման մի ժեստ արեց։ Ափսոս, չհասցրինք այդ պահը ֆիքսել, բայց և զարմացանք՝ լրագրողների հանդեպ ոչ միշտ սիրալիր գտնված ոստիկանապետը ինչու՞ որոշեց նման ցուցադրական «պատվի» արժանացնել մեզ։



Մի քանիսի հետ շփվելուց, կատակներ անելուց հետո Վովա Գասպարյանը նոր զրուցակից գտավ՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանին և արդեն դեմքի առավել լուրջ արատահայտությամբ սկսեց երկար-բարակ զրուցել նրա հետ։ Զրույցը միջանցքից տեղափոխվեց դահլիճ ու շարունակվեց մինչև վարչապետի գալը։ Նրանց ժեստիկուլյացիայից զգացվում էր, որ շատ դրամատիկ երկխոսություն է ընթանում երկու պաշտոնյաների միջև։ Թե ինչից էին խոսում, չիմացանք, ոչ էլ փորձեցինք իմանալ՝ գաղտնալսելու «փեշակը» իրավապահներինն է, չարժե «խփել» նրանց գործին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ