Դա կառավարության, իշխանությունների թերացումն է․ Ռուստամյան

Դա կառավարության, իշխանությունների թերացումն է․ Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ԵՏՄ-ին անդամակցումն ամենաճիշտ լուծումն էր՝ հաշվի առնելով անվտանգության խնդիրը։ Ռուստամյանը, սակայն, դժվարացավ հստակ նշել, թե ինչ անվտանգության խնդիր է լուծվել ԵՏՄ-ին անդամակցությամբ։ Լրագրողների հետ զրույցում նրան հիշեցվեց, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ անվտանգության որևէ խնդիր էլ չլուծվեց, այդքան զոհ ունեցանք, տարածքային կորուստ։



«Բացարձակապես օդից վերցված հայտարարություններ են, որովհետև իրականության հետ դրանք կապ չունեն, մենք փաստ ունեն՝ մենք ապրիլյան պատերազմը հաջողած երկիր ենք։ Էդպիսի հարց տվողները բացարձակ տեղյակ չեն՝ ինչ է նշանակում, ընդհանրապես, պաշտպանություն և զինված ուժեր։ Եթե մեզ թվում է՝ միայն զինվորներն են հաղթում դատարկ ձեռներով, չարաչար սխալվում եք։ Մեր զինվորների հերսության վրա որևէ մեկը չի կասկածում, այդ թվում՝ նաև թշնամին։ Բայց եթե մենք չունենանք համապատասխան ռազմական միջոցներ, դժվար է միջնադարյան զինատեսակներով էսօր պայքարել առաջադեմ երկրների հետ»,-ասաց Ռուստամյանը։



Դաշնակցական պատգամավորը, սակայն, ընդունեց, որ մենք ԵՏՄ-ից լիարժեք չենք օգտվում․ «Տնտեսապես մենք ունենք իսկապես մեծ հնարավորությունների դաշտ էնտեղ, որը լիարժեք չի օգտագործվել։ Մենք ձեռք ենք բերել հնարավորություն՝ օգտագործելու էդ շուկան»։



-Մե՞նք ենք մեղավոր, որ չենք օգտագործել։



-Այո, մենք ենք մեղավոր։ Իհարկե, մենք ենք մեղավոր, որովհետև մենք չենք կարողացել էդ նոր իրավիճակին համապատասխանեցնել մեր տնտեսությունը։



-Ինչո՞ւ չենք կարողացել։



-Դա մեր խնդիրն է, դա մեր պրոբլեմն է, որ պետք է լուծենք։ Մենք՝ ինքներս, կառավարությունը, իշխանությունները դա պիտի անեն և պիտի արվի։ Եվ արվում է, էնպես չի, թե ոչ մի բան չի արվել, և դրա համար ես չեմ ուզում էդ ամբողջական հաշվետվությունը ներկայացնողը լինեմ, դրա համար կան համապատասխան պատասխանատուներ։ Ես չեմ ուզում էդ ամբողջական հաշվետվությունը ներկայացնողը լինեմ, դրա համար կան համապատասխան պատասխանատուներ։ Ես էս առումով դրական եմ համարում նույն «Ելք»-ի նախաձեռնությունը, որ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ էս բաների մասին խոսել։



-Կարո՞ղ է կառավարության թերացումն է, որ չենք կարողացել օգտվել։



-Բոլորի, իշխանությունների, չասացի՞։



-Այսինքն՝ նաև ձե՞ր։



-Այսինքն՝ նաև մեր, իհարկե, մենք էլ պիտի անեինք էդ ամեն ինչը։ Մենք անթերի չենք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ