Հիմա վարչապետի անձը կարևո՞ր է, թե՞ ոչ

Հիմա վարչապետի անձը կարևո՞ր է, թե՞ ոչ

«Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանի գալով իսկապես մի նոր շունչ մտավ, այն նորարարությունները, որ սկսվել են իրականացվել, սրանք, իհարկե, ժամանակ են պահանջում, որ մենք տեսնենք մեր կենցաղում, դժբախտաբար դեռ էդ վիճակը չունենք։ Դրա համար տեմպերը պիտի դրան համապատասխանեցվի, տեմպերը կարող են մեզ գոհացնող չլինել, բայց ուղղությունը, որ կառավարությունը վերցրել է և կառավարության ծրագրով ներկայացվեց, գրեթե 90 տոկոսով համապատասխանում են մեր պատկերացումներին»,- լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։



-Այսինքն՝ ուզո՞ւմ են, որ Կարեն Կարապետյանը 2018-ից հետո ևս շարունակի մնալ կառավարության ղեկին։



-Մեզ համար կարևորը ծրագրերն են, որոնք պետք է շարունակություն ունենան։ Դրա համար մենք ընդունել ենք կառավարության ծրագիր, որը 2017-22 թվականների հետ է կապված, անձի հետ կապված չի։



-Իրականացնողը կարևո՞ր չէ։



-Իրականացնողը ով կլինի, մեզ համար, իհարկե, կարևոր է, որ նա իր հոգով-սրտով էս գործը լիարժեք կարողանա կատարել։ Բայց էդպիսի մարդիկ շատ կան։ Եվ էդ առումով անձը էդքան կարևորություն չունի։



-Սերժ Սարգսյանն ավելի՞ լավ կկառավարի, ըստ Ձեզ։



-Ձեր թեման վերնագրելու համար բաներ մի կորզեք, չի լինելու։



-Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանն ավելի՞ լավ վարչապետ կլինի, քան Կարեն Կարապետյանը։



-Ժամանակը ցույց կտա։



-Նա մի անգամ եղել է, գո՞հ եք եղել նրա կառավարումից։



-Հարցազրույցը հարցաքննություն չի, միշտ խառնում եք իրար։



Հ․Գ․ Արմեն Ռուստամյանն այդպես էլ չհստակեցրեց՝ իրենց համար անձը կարևո՞ր է, թե՞ ոչ։ Մինչդեռ, դաշնակցականներն իրենց զրույցներում արդեն բացահայտ ակնարկում են, որ անձը կարևոր է, և որ իրենք Սերժ Սարգսյանին են ցանկանում տեսնել այդ պաշտոնում, այլ ոչ Կարապետյանին, որի ղեկավարած կառավարության անդամ են իրենք։ Այսօր էլ մամուլը գրել էր, որ ՀՅԴ-ում օրերն են հաշվում, թե երբ պիտի ազատվեն Կարեն Կարապետյանից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ