Եթե դու տեր ես, որևէ մեկը չի կարող գալ, ոչնչացնել

Եթե դու տեր ես, որևէ մեկը չի կարող գալ, ոչնչացնել

Վրաստանի Սամցխե Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբկեն վարդապետ Սալբիյանն արդեն 15 տարի ծառայում է հայաբնակ Ջավախքում։ Նա Հայաստանից է գործուղվել Վրաստան, այս տարիներին հասցրել է լավ ծանոթանալ Ջավախքի խնդիրներին, ջավախքցիների նիստուկացին, մերվել նրանց հետ։ Թերեւս միայն երեւանյան լեքսիկոնն է մատնում նրա տեղացի չլինելը։ Նրան հանդիպեցինք Ջավախքում եւ, առիթն օգտագործելով, զրուցեցինք Ջավախքի հայկական եկեղեցիների, ջավախքցիների հոգեւոր կյանքի, կրոնաքաղաքական թեմաների շուրջ։



«Գիտե՞ք, ոնց որ ամեն տեղ, եթե չկա եկեղեցի, ժողովուրդը կամաց-կամաց մոռանում է եկեղեցին, հոգեւոր կյանքը, հեռանում է այդ ամենից։ Ժողովրդի մեջ միշտ մնացել է՝ ավանդաբար գնալ եկեղեցի կամ մատուռ, կամ ինչ-որ մի տեղ մոմ վառել։ Սրանով իրենք համարում են, որ իրենց հոգեւոր կյանքի այդ տարածքը փակված է, եւ իրենք ապրում են հոգեւոր կյանքով։ Տասնհինգ տարի առաջ, երբ որ մենք եկանք այս տարածք, խոսել հոգեւոր կյանքի մասին, ֆանտաստիկ, երեւակայական բան էր․ չկային եկեղեցիներ, հոգեւորականներ այս տարածքում, ընդհանրապես՝ ժողովուրդը չգիտեր, թե ինչու պիտի գնա եկեղեցի։ Այս տարիների ընթացքում արդեն մոտ 50 եկեղեցի է վերաբացվել տարածաշրջանում, ունենք 11 հոգեւորական ծառայող»,- ասաց նա՝ նշելով, որ խոսքը գյուղերի հայկական եկեղեցիների մասին է, որոնք նորոգվել, վերաբացվել են։



Այս տարիներին նաեւ նոր եկեղեցիներ են կառուցվել Ջավախքի տարբեր գյուղերում՝ հիմնականում ռուսաստանաբնակ ջավախքցի գործարարների միջոցներով, եւ դեռ էլի նոր եկեղեցիների կառուցման պլաններ կան։ Հայր Բաբկենն ասաց, որ այս պահին Ախալքալաքի շրջանի Կորխ եւ Գոման գյուղերի եկեղեցիների նորոգման նախագծերն են պատրաստվում, ուրիշ գյուղեր էլ կան, որ մտադիր են իրենց եկեղեցիները վերանորոգել։ Սեպտեմբերի 16-ին էլ տեղի է ունենալու Դադեշ գյուղի եկեղեցու օծումը։ «Այսինքն՝ եթե Սովետմիությունը եկեղեցիների մեծ մասն ավերեց, փլեց, փառք Աստծո, վերջին 15-20 տարվա մեջ արդեն այդ ավերված եկեղեցիներն սկսել ենք վերականգնել»,-ասաց նա։



- Հայր սուրբ, քանի՞ հայկական եկեղեցի կա Ջավախքում, որ ավելի վաղ շրջանում են կառուցվել, եւ քանի՞սն են անկախությունից հետո կառուցվել։



- Ուրեմն մենք ունենք 132 գյուղ տարածաշրջանում։ Ամեն գյուղ ունեցել է մեկ կամ երկու եկեղեցի։ Դե, հաշվեք արդեն եկեղեցիների թիվը։ Մոտավորապես 150 եկեղեցի է եղել տարածաշրջանում։ Կարծեմ երկու-երեք նոր եկեղեցի ունենք, որ հներն ընդհանրապես էլ չէին մնացել, դա Մեծ Արագյալ գյուղի եկեղեցին է եւ Մամզարայի եկեղեցին։ Մնացածը... հիմնականում աշխատում ենք հին եկեղեցիները վերակառուցել։



- Իսկ Վրաստանի իշխանությունը, նաեւ հոգեւոր վերնախավն ինչպե՞ս են վերաբերվում թե՛ նոր եկեղեցիների կառուցմանը, թե՛ հների նորոգմանը։



- Գիտե՞ք, դա մեր իրավունքն է, եւ որեւէ մեկն իրավունք չունի մեզ արգելելու կամ չթողնելու։ Վստահ եմ՝ որեւէ մեկի մտքով էլ չի անցնում, որ մեզ արգելի։ Մեր բարերարները հիմնականում ծագումով այդ գյուղերից ռուսաստանաբնակ գործարարներ են, եւ ես չեմ տեսնում խնդիր, որ որեւէ մեկը կարող է մեզ արգելել եկեղեցի կառուցել կամ վերականգնել։ Կարող է դժվարություններ լինեն այդ ճանապարհին՝ օրինական ձեւով փաստաթղթեր հանել եւ այլն, բայց դա նորմալ բան է։



- Այսինքն՝ Վրաստանի իշխանությունները հատուկ խոչընդոտներ չեն առաջացնում։



- Չէ, քանի որ ամեն ինչ օրինական դաշտի մեջ է, մեզ ուղղակի պետք է ունենալ եկեղեցու կառուցման նախագիծ-նախահաշիվ, դիմում ենք Կրոնի դեպարտամենտ, ստանում ենք թույլտվություն եւ սկսում ենք կառուցել։



- Պարզապես խոսակցություն կա, որ Վրաստանի իշխանություններն ավելի հեշտությամբ թույլատրում են, որ հայերը նոր եկեղեցի կառուցեն, քան հները նորոգեն։



- Չէ, չէ, այդ պատմական խնդիրը, որ ասում եք, հիմնականում դա քաղկեդոնական կոչված միջնադարյան եկեղեցիների վերաբերյալ է, որոնք քաղկեդոնական ծագում ունեն։ Խնդիրը դրա հետ է կապված։ Թե չէ 1800-ից վերեւ կառուցված եկեղեցիների հետ հիմնականում որեւէ խնդիր չկա։



- Բայց միջկրոնական որոշակի լարվածություն Ջավախքում այս տարիներին հաճախ է ծագում հայ եւ վրաց հոգեւորականների միջեւ։



- Դրանք հիմնականում եղել են հենց այդ քաղկեդոնական կոչվող եկեղեցիների շուրջ, եղել են գյուղեր, որոնք, երբ որ եկել են Ջավախք Էրզրումից, օգտագործել են այդ քաղկեդոնական եկեղեցիները՝ որպես իրենց եկեղեցի։ Այն ժամանակ խնդիր չի ծագել։ Հիմա այդ եկեղեցիները դարձել են հիմնականում վիճահարույց եկեղեցիներ։ Խնդիրը միայն դրա շուրջ է եղել։ Ուրիշ որեւէ բանի շուրջ խնդիր չենք ունեցել։



- Ի՞նչ եք կարծում, վրացիների կողմից կա՞ որոշակի միտում, նպատակ՝ մաքրել հայկական հետքը Ջավախքից՝ կրոնական կամ մշակութային առումով։



- Գիտե՞ք, հիմա ինձ դժվար է ասել այս պահին։ Ամեն ինչին տեր պիտի լինի, եթե դու դրա տերն ես, որեւէ մեկը չի կարող գալ-մաքրել, ոչնչացնել։ Համենայնդեպս, վերջին 15-20 տարվա մեջ մենք նման առիթ չենք ունեցել արձանագրելու, որ հետք է ոչնչացվում կամ՝ չգիտեմ։



- Հա՞շտ են ապրում իրար հետ հայերն ու վրացիները։



- Շատ, նորմալ։ Որեւէ խնդիր չունենք մենք այսօր վրացիների հետ։



- Ասում եք՝ տեր պետք է լինեն իրենց ունեցածին։ Ջավախքի ժողովուրդը տեր կանգնո՞ւմ է իր ժառանգությանը։



- Այո։ Հիմնականում, մեծ մասը՝ այո։



- Ինքներդ այստեղ բնակվելով՝ տեսնում եք, որ Ջավախքը տարեցտարի հայաթափվում է։ Ի՞նչ եք կարծում, սրա դեմն առնելու ի՞նչ ճանապարհ կա։



- Գիտե՞ք, որ ասում եք՝ հայաթափվում է․․․ սոցիալական խնդիրներ ունեցող ժողովուրդը միշտ էլ արտագաղթում է։ Եվ դա միայն Ջավախքից չէ։ Որ ասեմ՝ մեծ թափ ունի արտագաղթն այստեղ՝ չէ։ Էստեղի ժողովուրդը հիմնականում ռուսաստաններում արտագնա աշխատանքների մեկնող ժողովուրդ է։ Երբ որ մեկն էնտեղ հաջողում է, էլ վերադառնալու ցանկություն չունի, գալիս՝ ընտանիքը վերցնում-տանում է։ Այն մարդիկ, որոնք որ ուղղակի գնում են այնտեղ աշխատելու՝ աշնանը վերադառնալու պայմանով, նույնկերպ մնացել են, որեւէ խնդիր էդտեղ չկա։ Այնպես չէ, թե մեծ ծավալների հասնող արտագաղթ կա էստեղ։ Ավելին՝ կասեմ, որ ճիշտ հակառակն է՝ շատերն այսօր նորից վերադառնում են, որովհետեւ ավելի շատ պայմաններ են ստեղծվում դրա համար։ Այս տարածքը սոցիալապես խնդիրներ ունեցող տարածք է, բայց կամաց-կամաց դրանք լուծվում են։ Եթե մի քանի տարի առաջ գազ չկար, ճանապարհ չկար, այսօր, փառք Աստծո, ճանապարհներն են նորոգվում, գազիֆիկացվել է տարածքը։ Ծալկան գազիֆիկացված չէ դեռ, Վրաստանի շատ շրջաններ էլ գազիֆիկացված չեն, բայց Ջավախքն այսօր գազիֆիկացված է։ Մինչդեռ, 3-4 տարի առաջ չգիտեինք գազն ինչ է, լույսն ինչ է։



- Հարեւան մահմեդական ժողովուրդների՝ թուրքերի եւ ադրբեջանցիների քանակն այս տարածքում տարեցտարի մեծանում է։ Սա մտահոգություն առաջացնո՞ւմ է թե՛ հայերի մասով, թե՛ վրացիների։



- Վերջին հաշվով, Վրաստանը քրիստոնյա ժողովուրդ է, այսինքն՝ էնպես չէ, որ միայն հայերի մասով է սա։ Եվ ինձ չի թվում, թե վրացիներն այդ հարցով մտահոգված չեն։ Ավելի շատ իրենք են մտահոգված, քան մենք, որովհետեւ պետությունն իրենցն է։ Բայց կրոնական առումով դեռ որեւէ խնդիր չի առաջացրել այդ հանգամանքը, ես չգիտեմ, թե մոտ ապագայում ինչ կլինի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ