Տետրերը երաշխավորում են, բայց չեն պարտադրում

Տետրերը երաշխավորում են, բայց չեն պարտադրում

Դպրոցներում աշակերտների համար նախատեսված աշխատանքային տետրերի մասին քանիցս գրվել է մամուլում։ Մեկ տետրն արժե 350-400 դրամ, այն երաշխավորում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը, իսկ դրանց բիզնեսով զբաղվում է կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը։ Նկատեցինք, որ ծնողներից ոմանք գոհ են այդ տետրերից՝ որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ, կան ծնողներ էլ, որ դժգոհում են, թե դա հավելյալ ծախսեր է ավելացնում իրենց՝ առանց այն էլ ընտանեկան սուղ բյուջեին։



Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է նպատակահարմար այդ տետրերի մուտքը հանրակրթական դպրոցներ։
«Խնդիրն այն է, որ միայն ուսուցիչ-գրատախտակ- դասագրքով գիտելիք փոխանցելով՝ ուսումնական լուրջ արդյունքների կարելի է եւ՛ հասնել, եւ՛ չհասնել։ Բայց միշտ կա ուսումնաօժանդակ գրականության խնդիր, կա լրացուցիչ ուսումնական նյութերի խնդիր։ Ինչքան ուզում ես լավ դասագիրք ունեցիր՝ կա նոր խնդրագրքի, ատլասի, թեստի կարիք։ Այդ տետրերն ունեն շատ տարբեր հեղինակներ։ Այդ հեղինակների մի մասը մեր ինստիտուտի աշխատակիցներն են։ Աշխատանքային տետրը նախատեսված է ուսումնաօժանդակ գրականության ցանկում։ Ես կարող եմ ասել, որ ոչ ոք իրավունք չունի տետրը պարտադրել որեւէ դպրոցի կամ ուսուցչի։ Տետրն ունի գոյության իրավունք, ունի վաճառասեղանին հայտնվելու իրավունք, իսկ դրա օգտագործման իրավունքը պատկանում է դպրոցին, ուսուցչին, ծնողին։ Այն, ինչ պարտադիր է դպրոցում, պետությունը տանում, հասցնում է դպրոց, ասում՝ սա պարտադիր պետք է գնես։ Դասագրքի համար սահմանում է գին, որ պետք է պարտադիր գնել։ Իհարկե, սոցիալապես անապահով խավին օգնում է պետությունը։ Իսկ տետրերը ուսումնաօժանդակ գրականության ցանկում են, դա նշանակում է, որ այն նպաստում է, օգնում է, բայց պարտադիր չէ։ Ո՞վ պետք է որոշի՝ այն օգտագործե՞ն, թե՞ ոչ․ դպրոցը, ուսուցիչը, ծնողը։ Մենք այնքան ուսումնաօժանդակ գրականություն ենք երաշխավորում, բայց դա չի նշանակում, որ պետք է այն անպայման գնել։ Օգտագործողը թող ինքը կատարի ընտրություն»,- ասաց մեր զրուցակիցը։