Ինչո՞ւ են Վրաստանից Հայաստան գալիս կրկնակի ստուգում անցնում

Ինչո՞ւ են Վրաստանից Հայաստան գալիս կրկնակի ստուգում անցնում

Վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր ենք ստացել մի շարք քաղաքացիներից, ովքեր ուշադրություն են հրավիրում Վրաստանից Հայաստան ուղևորվելիս սահմանային անցման ընթացքում որոշակի անհարմարություններին: Նրանք հիմնականում նշում են, որ Վրաստանից Հայաստան գալիս՝ Բագրատաշենի անցակետում, քաղաքացիներն անձնագրային պարտադիր ստուգում են անցնում և ենթարկվում մաքսային զննության (մեքենաներն ու ուղեբեռը)՝ հատելով մաքսային սահմանը:



Որպես կանոն, մաքսային մարմնի աշխատողներն անպայման ստուգում են ավտոմեքենաների բեռնախցիկները, մաքսավորը ճշտող հարց է տալիս վարորդներին մաքսային ձևակերպման ենթակա ապրանքների առկայության մասին։ Քաղաքացիները նշում են, որ այս ստուգումը թերևս նորմալ կլիներ, եթե չլիներ հաջորդող ուղեփակոցի մոտ փաստացի «երկրորդ անցակետի» առկայությունը, որտեղ կրկնվում է միևնույն գործողությունը՝ անձնագրի ստուգումից (արդեն առանց ձևակերպման) մինչև բեռնախցիկի ստուգում և մաքսավորի հարցում հայտարարագրման ենթակա ապրանքի մասին: Ստուգումն իրականացվում է մեկ մաքսային ծառայողի և մեկ սահմանապահի կողմից:



Մարդիկ տարակուսած են կրկնակի ստուգումներից, արդյոք կա որեւէ օրենսդրական կարգավորում, կրկնակի ստուգումը օրենքի պահանջ է, թե ոչ: Տրամաբանության ենթակա չէ նաև այն վարկածը, որ ստուգումն իրականացվում է ներքին վերահսկողության նկատառումներով, քանզի այս դեպքում այդ վերահսկողությունը ճիշտ վարչարարության պայմաններում պետք է իրականացվի քաղաքացիների համար ոչ նկատելի և նրանց համար հավելյալ պարտավորություններ չստեղծելով։



Ահազանգի վերաբերյալ հարցում էինք ուղարկել ՊԵԿ, որտեղից մեզ պատասխանել են․ «Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ գրության մեջ նշված «երկրորդ անցակետը» գտնվում է սահմանային անցակետի ելքի մոտ, որտեղից ՀՀ մաքսային սահմանող տեղափոխվող ապրանքները բաց են թողնվում ՀՀ տարածք: Այստեղ մաքսային ծառայողների կողմից իրականացվում է հսկողություն անցակետից դուրս եկող մաքսային ձևակերպման ենթակա ապրանքների և դրանց համար պահանջվող փաստաթղթերի լրացված լինելու փաստի նկատմամբ: Հետևաբար, տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե «կրկնակի ստուգման», այլ պետական (մաքսային) սահմանի անցման կետում տեղակայված մաքսային հսկողության գոտու տարածքից ելքի ժամանակ իրականացվող մաքսային հսկողության հետ, ինչն, ընդհանուր առմամբ, կարգավորվում է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 3-րդ բաժնով:



Միաժամանակ տեղեկացնենք, որ անձնագրային հսկողություն մաքսային մարմինների կողմից չի իրականացվում, այն իրականացվում է ՀՀ ԿԱ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կողմից»: