Ինչո՞ւ են լուծարվել ԿԱԻ-ի երեք մասնաճյուղերը․ պարզաբանում է ինստիտուտի տնօրենը

Ինչո՞ւ են լուծարվել ԿԱԻ-ի երեք մասնաճյուղերը․ պարզաբանում է ինստիտուտի տնօրենը

Կրթության ազգային ինստիտուտում նախատեսվել են կառուցվածքային փոփոխություններ։ Շրջանառվում են խոսակցություններ, որ այստեղ էլ են լինելու կրճատումներ, 70-ն անց աշխատակիցներին ուղարկելու են թոշակի։ Փոփոխությունների, ինստիտուտի հետագա գործունեության մասին զրուցել ենք տնօրեն Նորայր Ղուկասյանի հետ։



-Պարոն Ղուկասյան, ինչո՞ւ հենց հիմա նախատեսվեցին այդ կառուցվածքային փոփոխությունները եւ ո՞ւմ պահանջով։
-Վերջին շրջանում խորհրդակցությունների ժամանակ այն տեսակետն եմ լսել, որ կրթության ազգային ինստիտուտն անհրաժեշտ է ուժեղացնել։ Մի շարք պաշտոնատար անձինք նշել են, որ պետք է ուժեղացնել ինստիտուտը։ Մեր գործունեության հիմնական բաղադրիչներից մեկն ուսուցիչների վերապատրաստումն է։ Եվ դա մենք անում ենք մոնոպոլ կարգով։ Այսինքն՝ Հայաստանի բոլոր ուսուցիչներին միայն մենք ենք վերապատրաստում։ Իհարկե, դա չի նշանակում, որ ուրիշները չեն կարող վերապատրաստել։ Կա տեսակետ, թե ինչու պետք է միայն մեր ինստիտուտը վերապատրաստի ուսուցիչներին, որին ես համաձայն եմ։ Նաեւ եղել է մոտեցում, որ կրթության ազգային ինստիտուտն այլ գործառույթներ պետք է սահմանի։ Հիմա մենք ամեն տարի պայմանագիր ենք կնքում կրթության եւ գիտության նախարարության հետ եւ աշխատում ենք մեր գործառույթների շրջանակներում։ Այդ պայմանագիրը վերաբերում է նրան, թե քանի ուսուցիչ պետք է վերապատրաստենք տարեկան, ինչ ծրագրով, ինչքան պետք է փորձաքննենք, ինչ մանկավարժական մամուլ պետք է հրատարակենք։ Մենք Հայաստանի բոլոր մարզերում ունենք մասնաճյուղեր, նույնիսկ Սյունիքի մարզում, կախված ռելիեֆից, ունենք երկու մասնաճյուղ՝ Կապանում եւ Գորիսում։ Դրա նպատակն այն է, որ ուսուցիչները կարողանան հավաքվել ինչ-որ կետերում, դասընթացի մասնակցեն եւ վերադառնան։ Հիմա, երբ հարց է առաջանում, որ ԿԱԻ-ն չպետք է միայն վերապատրաստումներով զբաղվի, ապա առաջանում է կառուցվածքային փոփոխության պահանջ։



-Իսկ ի՞նչ նոր գործառույթներ են վերապահվելու կրթության ազգային ինստիտուտին։
-Հիմա դրանք քննարկման փուլում են։ Ես կարող եմ ասել, թե նախնական ինչ տեսակետներ են հնչել։ Օրինակ, կա տեսակետ, որ ԿԱԻ-ն ոչ թե պետք է վերապատրաստում անցկացնի, այլ, կախված հանրակրթական դպրոցների ուսուցիչների մասնագիտական կարիքներից, մշակի տարբեր ծրագրեր։ Այդ ծրագրերն էլ թող հետո դնի շրջանառության մեջ, վերապատրաստողներն էլ թող ընտրվեն մրցութային կարգով։ Իսկ եթե մենք միայն ծրագրեր պետք է մշակենք, ապա մեզ պետք չէ բոլոր մարզերում ունենալ մասնաճյուղեր։ Կարող են Երեւանում էլ նստել ու մշակել ծրագիր, մրցույթով կընտրվեն կազմակերպություններ, որոնք էլ կիրականացնեն այդ ծրագրով վերապատրաստումներ։ Ինչ վերաբերում է դասագրքերին, ապա մենք դրանց առնչվում ենք փորձաքննությամբ։ Երբ դասագրքի մրցույթ են կազմակերպում, մրցույթով հաղթելուց հետո, դասագիրքն ուղարկում են մեզ փորձաքննության։ Հիմա կա տեսակետ, որ ոչ թե ԿԱԻ-ն պետք է լինի պասիվ փորձաքննողի դերում, այլ պետք է սահմանի բոլոր այն չափանիշները, թե ինչին պետք է համապատասխանի դասագիրքը։ Այսինքն՝ մինչեւ մրցույթ սկսելը պետք է տա այն չափորոշիչները, որից հետո պետք է անցկացնի մրցույթը։ Հիմա մենք այս պահին զբաղվում ենք մրցույթն անցած դասագրքի վրա սանիտարի դեր՝ ճշտումներ կատարելով, բայց հետո պետք է սահմանենք չափանիշներ։ Մյուս հարցն էլ կա․ մինչեւ հիմա հանրակրթական դպրոցների չափորոշիչները ստեղծվել են մասնագիտական խմբերի միջոցով, որոնք ընտրվել են մրցութային կարգով։ Վերջին տարիներին դա հիմնականում իրականացվել է ԾԻԳ-ի միջոցով։ Այս առումով հրատապ են դարձել կառուցվածքային փոփոխությունները։



-Ի՞նչ ժամկետներում են լինելու կառուցվածքային փոփոխությունները։
-Կառուցվածքը եւ նոր գործառույթները սահմանելու համար ներգրավված են միջազգային փորձագետներ։ Նրանց հետ արդեն ունեցել եմ մի քանի հանդիպում։ Ես առայժմ չգիտեմ՝ մենք միայն ուսուցիչների վերապատրաստման ծրագի՞ր ենք մշակելու ու հետեւելո՞ւ ենք վերապատրաստողների գործունեությանը, թե՞ նաեւ մասնակցելու ենք։ Կառավարության ռազմավարական հետազոտությունների կենտրոնում եղել է նաեւ փորձագետների զեկույցի առաջին քննարկումը, որին մասնակցել են կրթության համակարգի մի շարք աշխատակիցներ։ Ուզում եմ անդրադառնալ այն հարցին, թե ինչու միայն ԿԱԻ-ն դարձավ ուսուցիչների վերապատրաստող կառույց։ Մենք տարեկան իրականացնում ենք 7-8000 նախաատեստացիոն վերապատրաստում, 2-3000 էլ ՝ այլ նպատակներով։ «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված է, որ ՀՀ բոլոր ուսուցիչները հինգ տարին մեկ պետք է ատեստավորվեն, եւ յուրաքանչյուր ուսուցչի ատեստացիան պետք է նախորդվի նախաատեստացիոն վերապատրաստումով։ Առաջին վերապատրաստումներն սկսվեցին 2011թ․։ Օրենքով ուսումնական հաստատությունն ինքն է ընտրում իր վերապատրաստողին։ Հենց 2011թ․ ԿԳՆ-ն ընտրեց այն կազմակերպություններին, որոնք իրավունք ունեին ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստում իրականացնել։ Այդ ցանկն իր մեջ ներառում էր 15 կազմակերպություն, որից մեկը մենք էինք։ Այդ ցանկի մեջ էին ԵՊՀ-ն, հանրապետության մանկավարժական բուհերը, ՀԿ-ներ, հեղինակություն ունեցող դպրոցներ, օրինակ՝ Ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Այդ վերապատրաստումների ծրագրերը մշակվեցին ԾԻԳ-ում, այսինքն՝ մենք չենք սահմանել, թե ինչ պետք է դասավանդվի։



Այդ տարի մոտ 7000 ուսուցիչ դիմեց 15 կազմակերպություններին, որից մոտ 5000-ը՝ մեզ։ Հաջորդ տարի կրկնվեց նույն պրոցեսը։ Մեզ դիմում էին երկու անգամ ավելի շատ ուսուցիչներ, քան մնացած 14-ին միասին։ Վերապատրաստումների համար կառավարությունը մեզ լրացուցիչ փող էր տալիս, ինչպես նաեւ՝ մյուս կազմակերպություններին։ Եվ որոշվեց, որ վերապատրաստման պարտականությունը դրվի ԿԱԻ-ի վրա։ Սա չէր խանգարում, որ մյուս կազմակերպություններն էլ զբաղվեն վերապատրաստմամբ։



Այս տարվա սեպտեմբերի 1-ից կրթության ազգային ինստիտուտի երեք մասնաճյուղեր լուծարվել են։ Արարատի, Արմավիրի եւ Արագածոտնի մասնաճյուղերը լուծարվել են օպտիմալացման ծրագրով։ Մենք մոտ 380 հաստիք ունենք։ Քանի որ տեղի է ունենում օպտիմալացում, ապա մեր հաստիքները, պարզ է, որ նվազելու են։ Եթե մենք անցնենք նոր գործառույթների, ապա մասնաճյուղեր չեն պահանջվելու։ Եթե մենք ցանկանանք վերապատրաստում իրականացնել, ապա երեւանամերձ դպրոցների մասնագետներին կարող ենք նաեւ մեզ մոտ վերապատրաստել։ Այդ մասնաճյուղերն ունեին 14-15 մասնագետ, եւ որոշ մասնագետների մենք Երեւանից էինք ուղարկում։ Մենք արդեն 88 հաստիք կրճատել ենք եւ սպասում ենք միջազգային փորձագետների առաջարկներին, նոր կառուցվածքին։ Մենք դեռեւս ունենք 300 հաստիք։ Եթե պարզվի, որ նոր գործառույթների համար անհրաժեշտ է 100 մարդ, ապա 200-ը կկրճատենք։ Եթե պարզվի, որ պետք է 500 մարդ, ապա 200-ին էլ կընդունենք, նայած, թե ինչ խնդիրներ ես դնում քո առջեւ։



Թագուհի Հակոբյան