Սոցապ փոխնախարարների նշանակման ինտրիգը

Սոցապ փոխնախարարների նշանակման ինտրիգը

Երեկ ուշ երեկոյան վարչապետը աշխատանքի եւ սոցիալական հարցերի երկու փոխնախարար է նշանակել։ Սա մեծ զարմանք է առաջացրել նախարարությունում, քանի որ մինչեւ այժմ քննարկվել է, որ նախարարության կառուցվածքային փոփոխությունների եւ օպտիմալացման շրջանակներում այդ հաստիքները կարող են կրճատվել։ Կառավարության մեր աղբյուրները նշում են, որ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը «ափալ-թափալ» իր կադրերին է նշանակել այդ «պոստերին», որպեսզի հանկարծ վերեւներից մարդ չնշանակեն, ինչպես եղավ նախկին փոխնախարար Աշոտ Մարգարյանի դեպքում։



Նորանշանակ փոխնախարարներից մեկը Թադեւոս Ավետիսյանն է, ով ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի քրոջ որդին է։ Վերջինս տարիներ ի վեր սոցապ նախարարությունում եղել է Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ, վերջերս նշանակվել նախարարի խորհրդական, աշխատում էր օրենսդրական փոփոխությունների վրա։



Մյուս նորանշանակ փոխնախարարը Սմբատ Սաիյանն է, ում նշանակումը եւս անսպասելի էր։ Սաիյանը տարիներ շարունակ եղել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալը, ով Լեհաստանում ՀՀ դեսպան էդգար Ղազարյանի եղբոր՝ Արտակ Ղազարյանի հեռանալուց հետո համարվում էր նրա լավագույն փոխարինող։ Սակայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ նշանակվեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ով եւս աշխատել էր այդ կառույցում Խաչիկյանի օրոք։ Փաստորեն՝ Հովհաննես Սահակյանի պաշտոնավարման հենց սկզբում կառույցը ոչ միայն նոր խոսնակ ունեցավ՝ (Արդարադատության նախարարության լրատվական ծառայության աշխատակից Տաթեւ Խաչատրյանը նշանակվել է Սահակյանի խոսնակ), այլեւ նոր տեղակալ կունենա։



Նշենք, որ այժմ Արտեմ Ասատրյանը 4 տեղակալ ունի՝ Արայիկ Պետրոսյանը, Շամամ Հարությունյանը, իսկ Աշոտ Մարգարյանին եւ պատգամավոր դարձած Ջեմմա Բաղդասարյանին էլ կփոխարինեն Թադեւոս Ավետիսյանը եւ Սմբատ Սաիյանը։