Աշխատավարձերի բարձրացում, բնական է՝ չենք ակնկալի․ Աղվան Վարդանյան

Աշխատավարձերի բարձրացում, բնական է՝ չենք ակնկալի․ Աղվան Վարդանյան

Այսօր ԱԺ բրիֆինգներն սկսվեցին ՀՅԴ խմբակցության հետ հանդիպումով։ Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախընտրեց խոսել ավելի շատ այսօր մեկնարկած բյուջետային քննարկումներից։ «Այսօր 2018 թվականի բյուջեի քննարկումն է, հետաքրքիր ներկայացում էր, տեսնենք՝ ինչ կլինի։ Որ ասեմ՝ մինչև վերջ ուսումնասիրել եմ, ճիշտ չի լինի։ Բաց առաջին տպավորությամբ կարող եմ ասել՝ ինձ համար վերջին տարիների բյուջեի գոնե հիմնական ցուցանիշը եղել է ընթացիկ ծախսերի և կապիտալ ծախսերի հարաբերակցությունը։ Ցավոք, վերջին տարիներին մենք անընդհատ կապիտալ ծախսերի շատ փոքր չափաբաժին էինք ունենում և ընթացիկ ծախսերի կայուն իրավիճակ»,-ասաց Վարդանյանը՝ հիշեցնելով, որ եկող տարի նախատեսվում է 100 միլիարդով ավելացնել բյուջեն։ Այդ 100 միլիարդից 70 միլիարդն ուղղվելու է կապիտալ ծախսերի ավելացմանը, քանզի առանց դրանց ներդրումներ ակնկալել հնարավոր չէ։ 



Hraparak.am-ի հարցին, թե մենք այս տարի պե՞տք է ակնկալենք աշխատավարձերի, թոշակների բարձրացում, Վարդանյանն ասաց․ «Բյուջեում նման բան նախատեսված չէ, և բնական է՝ չենք ակնկալի»։



Մեր դիտարկմանը, թե այս տարի նախորդի համեմատ մոտ կրկնակի ավել տնտեսական աճ ունենք, արդյոք դա որևէ կերպ չպետք է անդրադառնա ժողովրդի սոցիալական վիճակի վրա, Վարդանյանը նկատեց․ «Տեսեք՝ կա իրավիճակ, երբ որ անհրաժեշտ է իսկապես տնտեսական իրավիճակը կայունացնել։ Բոլոր մանսագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հնարավոր է խոսել աշխատավարձերի և այլնի բարձրացման մասին գոնե 5 տոկոս աճի դեպքում։ Եկող տարի նախատեսվում է 4.5 տոկոս աճ, բայց մենք այնպիսի ելման դիրքերում ենք, որ առնվազն պետք է որոշակի կայունացում, պետք է ճանապարհի շարունակությունը տեսնել, որ նաև մտածել դրա մասին»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ