Մտածում են տղա երեխաների հաշվառումն սկսել ծնված օրվանից

Մտածում են տղա երեխաների հաշվառումն սկսել ծնված օրվանից

Իշխանության ներսում լուրջ կասկածներ ունեն, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի իրագործումն էլ ավելի կխորացնի Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրները։ Գործընթացը կանխելու համար իշխանությունը քայլեր է ձեռնարկում։ Բանն այն է, որ ուսման հիմքով տարկետման իրավունքի չեղարկումը, որը բազմաթիվ քաղաքացիների համար զինվորական ծառայությունից խուսափելու «սողանցք» էր հանդիսանում, հիմա շատերի համար ծառայությունից խուսափելու նոր դուռ կարող է բացել՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը եւ այլ երկրի քաղաքացի դառնալը։
Պատահական չէ, որ այս տարի աճ է գրանցվել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումների մասով։ Այդ աճը, թերեւս, պայմանավորված է հենց այս փոփոխություններով։ Հիշեցնենք, որ իշխանությունները, ի դեմս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, տեւական ժամանակ է՝ շրջանառում են «բոլորը պետք է ծառայեն» գաղափարը։ Եվ որպեսզի տարիներ հետո հայկական բանակի համալրման հարցում փաստի առաջ չկանգնեն, այսօրվանից մտածում են, թե ինչպես այդ գործընթացի դեմն առնեն։ Չի բացառվում, որ վերը նշված օրենքի ընդունումից հետո հաջորդ քայլը լինի արու զավակների կցագրման վկայականների կամ, այսպես ասած՝ հաշվառման ժամկետների փոփոխությունը։ Գործող կարգի համաձայն՝ Հայաստանում բանակ զորակոչելու համար տղաներին 14 տարեկանից են վերցնում հաշվառման, մտադրություն կա դա անել հենց ծնված օրվանից։
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ նախագահի հրամանագրով: Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումն անձամբ ներկայացնում է Հայաստանում` ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում՝ ՀՀ դեսպանություններ եւ հյուպատոսական հիմնարկներ: ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը սահմանադրական իրավունք է, եւ ցանկացած ոք կարող է դա իրացնել ու դրական պատասխան ստանալ, եթե պետության հանդեպ չունի պարտավորություն՝ դատարանի որոշման կամ այլ հիմքով։ Եվ քանի որ հիմա բավականին հեշտ է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն, ապա կարելի է առանց ավելորդ դժվարությունների հասնել այդ կարգավիճակին։



2016թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու կապակցությամբ կազմվել եւ ընթացք է տրվել 7.977 քաղաքացիության գործի, որից` 5.310-ը` ՀՀ քաղաքացիություն ստանալու, 2.667-ը` ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ:



2017թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու կապակցությամբ կազմվել եւ ընթացք է տրվել 10.710 քաղաքացիության գործի, որից` 6.866-ը` ՀՀ քաղաքացիություն ստանալու, 3.844-ը` քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից ստացած տվյալները փաստում են, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների աճ է գրանցվել՝ նույն ժամանակահատվածում մոտ 1200-ով ավելի։ Նշենք, որ թե՛ այս, թե՛ անցած տարվա ինն ամսվա կտրվածքով գրանցվել է քաղաքացիությունից հրաժարվելու մերժման ընդամենը 97 դիմում։



Լուսինե
ՇԱՀՎԵՐԴՅԱՆ