Ավետիքյանը ժամանակին կարծես թե լրագրող է եղել

Ավետիքյանը ժամանակին կարծես թե լրագրող է եղել

Նախ «Ազգ»-ում երկար-բարակ դատողություններ, անձնական վիրավորանքներ կարդացինք մեզ ուղղված, որոնք, եթե անտեղյակ ես, որքան էլ համբերատար կարդաս, դժվար թե հասկանաս՝ ինչ է պատահել, որտեղ և երբ, ինչով ենք պարոն Ավետիքյանին զայրացրել։ Այո, փչացել է Հակոբ Ավետիքյանի ոճը, փոխվել է «Ազգ» թերթը, որը 90-ականներին ամենաօբյեկտիվ ու կարդացվող ԶԼՄ-ներից էր։ Երբ օլիգարխների, կամ անբարեխիղճ պաշտոնյաների մասին քննադատող հոդվածներ ենք գրում, նրանք անպայման պիտակավորում են մեզ, ամեն նյութի հետևում «պատվեր» ու փողեր տեսնելով, իսկ մենք, լրագրողներս, այդ «մեղադրանքների» մասին իրար որպես անեկդոտ ենք պատմում ու մի լավ զվարճանում։ Այս դեպքում մի լավ զվարճացանք Ավետիքյանի գրվածքի առիթով, մանավանդ այն տողերի, որտեղ նա ինձ մեղադրում է «անհապաղ, առանց ուշացնելու պատվեր» կատարելու համար, ընդ որում պատվերը մի մարդուց եմ ստացել, որին անձամբ չեմ ճանաչում, երբեք չեմ առնչվել՝ ՌԱԿ կենտրոնական վարչության քարտուղար, Լիբանանի «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր ու տնօրեն «Սևակ Հաճի Հակոբյանի» պատվերը, որը պետք է կատարվեր անհապաղ, առանց ուշացնելու, քանի որ «ստամոքսը սոված է, իսկ պատվիրատուի երկար ականջները երեւում են Բեյրութից՝ լիբանանյան արդարադատության կողմից ֆինանսական տարբեր խարդախությունների համար եռյակ բանտարգելության դատապարտված եւ պատժված Սեւակ Հաճի-Հակոբյանից», գրել է տարեց խմբագիրը՝ միանգամից վիրավորելով երկու անձի՝ ինձ եւ Հակոբյանին։



Նրա հետ ծանոթացա Ավետիքյանի հոդվածից հետո, երբ մարդը վրդովված նամակներ գրեց «Հրապարակին», վստահեցնելով, որ դատի է տալու Ավետիքյանին «անձնական ենթադրությունների վրա զրպարտությունների և ստախոսության համար»։ «Մարդկանց արժանապատվությունը իր սեփական ագարակը չէ», - գրել է մեզ Սևակ Հակոբյանը։ ՌԱԿ կենտրոնական վարչության և Ավետիքյանի կուսակցության միջև հակասությունները հին պատմություն ունեն։ Ինչպես հայտնի է, Ավետիքյանը ժամանակին «Զարթոնքի» խմբագիրն է եղել և Սևակ Հակոբյանի հետ նաև անձնական հաշիվներ ունի, բնական է, որ ամենուրեք նրա «ուրվականն» է նշմարում։ Բայց մեր՝ «Տիգրանյան վարժարանի վերաբացման համար ստորագրահավաք է սկսվել» հրապարակման հիմնական թեման ոչ թե Ավետիքյանն ու նրա կռիվներն էին նախկին կուսակիցների հետ, որոնք իր անունն անգամ չեն ուզում լսել /Ավետիքյանի հասցեին հնչեցրած էպիտետները ուղղակի մամուլի համար չեն/, այլ համահայկական մի հարց՝ Լոս Անջելեսի Տիգրանյան վարժարանի փակումն էր Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ։ Արդեն երեք տարի է, այս հարցը ալեկոծում է սփյուռքը։ Ինչո՞ւ պետք է փակվեր վարժարանը մի քաղաքում, որտեղ հայ բնակչության թվաքանակը տարեց տարի ավելանում է։



«Թեքեյան մշակութային կենտրոնը», որի գոյության իմաստը հայության մշակութային և կրթական օջախների պահպանությունն ու զարգացումը պետք է լինի, իր ձեռքով է փակում մի դպրոց, պատճառաբանելով, թե աշակերտների թիվը նվազում է։ Հարցի շուրջ մեր հրապարակման մեջ ներառել էինք տարբեր կարծիքներ՝ այդ թվում Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարանի հայտարարությունը, որում եկեղեցին դժգոհություն էր հայտնում վարժարանի վաճառքի առիթով։ Առաջնորդարանը առաջարկել էր Թեքեյան միությանը գնել վարժարանի շենքը, խոստանալով, որ պահպանելու է հայկական դպրոցը, բայց ՌԱԿ ամերիկյան թևը, որը Թեքեյան կենտրոնի հիմնադիրն է, ավելի հարուստ գնորդ էր գնել, որը մի քանի միլիոնով մեծ գումար վճարեց շենքի համար։ Ավետիքյանի կարծիքն էլ էինք հարցրել, քանի որ տեղեկություններ կան, որ վարժարանի վաճառքի գումարներից «սնվել» է նաև հայաստանյան ՌԱԿ-ը։ Ուստի մենք ավելի մեծ հաջողությամբ կարող էինք մի մեծ ստամոքսի անատոմիական պատկեր կոլաժ անել Ավետիքյանի լուսանկարի հետ, բայց չարեցինք, հավատարիմ մնալով օբյեկտիվ լրագրության սկզբունքներին։ Մենք ընդամենը հարցրինք նրա կարծիքը, թե արդյոք ինքը ստացե՞լ է այդ գումարներից, թե ոչ։ Նա պատասխանեց, ապա այլ հարցերի շուրջ սկսեց խոսել, արդարացնելով շենքի վաճառքի որոշումը։ Օրինակ, որ Տիգրանյան վարժարանի աշակերտները հիմնականում Հայաստանից գնացածներն էին, որ նրանք սկսում են լավ ապրել ու գնում են Լոսից, որ դպրոցը աստիճանաբար վերանում էր, բայց այս հայությանը պառակտող դիտարկումները մենք չհրապարակեցինք, խնայելով Հակոբ Ավետիքյանին, հիշելով, որ կուսակցապետը ժամանակին լրագրող է եղել։



ՀԳ Ի դեպ, «Հրապարակը» պարբերաբար հարցազրույցներ է անում «Ազգի» խմբագրի հետ, մի քանի անգամ անդրադարձել է թերթի ֆինանսական խնդիրներին եւ փորձել նպաստել այդ խնդիրների լուծմանը։ Դա, անշուշտ, չենք արել խմբագրի կողմից շնորհակալության արժանանալու համար, բայց զրպարտության եւ պարսավանքի էլ հաստատ չենք արժանացել։



Սյուզան Սիմոնյան