Նախարարների շաբաթօրյակը չստացվեց

Նախարարների շաբաթօրյակը չստացվեց

Մայիսի 27-ին Հայաստանում հանրապետական շաբաթօրյակ էր հայտարարվել։ Վարչապետ Կարեն Կարապետյանը հատուկ հրավիրել էր «սիրելի հայրենակիցներին», որ մասնակցեն «Մաքուր Հայաստան» ծրագրին։ Կազմակերպիչները քաղաքապետարանն ու տարածքային կառավարման նախարարությունն էին, որոնք կոչ էին արել նախարարներին եւս գալ, մաքրություն անել եւ նույնիսկ գումարային հատկացումներ էին արել։ Նախանշել էին վայրերը՝ Հաղթանակի զբոսայգի, Ծիծեռնակաբերդ, Հրազդանի կիրճ։ Քանի որ շաբաթօրյակը հանրապետական էր, առաջին հերթին պետք է ՀՀԿ-ականները դուրս գային նշված վայրեր, բայց «Սանիտեքի» աշխատողներն ավելի շատ էին, քան ՀՀԿ-ականները։ Առավոտյան 7-8-ից նրանք, ինչպես «ոչ հանրապետական» օրերին, ավլում էին փողոցները։ Իսկ հանրապետական նախարարների մեծ մասն «իգնոր» արեց վարչապետի հրամանը։ Մենք փորձեցինք պարզել, թե այդ օրը որ նախարարությունը կամ նախարարն ինչ մասնակցություն է ունեցել շաբաթօրյակին, որ «մաքուր» ու կանաչապատ դարձնեն երկիրը, ինչպես հորդորում էր վարչապետը։ Զարմանալի է, բայց «ամենասաչոկ» նախարարները հենց վարչապետի թիմից են։ Ֆինանսների նախարարը, որը սովորաբար շատ ակտիվ է կառավարության նիստերի ժամանակ, ընդհանրապես չէր հայտնվել որեւէ տարածքում, թեեւ 40 տարեկան երիտասարդ է, առողջ ու ուժեղ եւ կարող էր մեծ նպաստ բերել քաղաքին։



Լեւոն Ալթունյանին տեսնողներ չեն եղել։ Սուրեն Կարայանը տեղից չի շարժվել, Վերահսկիչ պալատի նախագահ Յոլյանը չի «մոտեցել ծանրաձողին», արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանն իրեն նեղություն չի տվել «գալոչկա» կամ, ինչպես ԱԺ նոր նախագահն է ասում՝ «ծիտիկ դնել» վարչապետի հրավերի առաջ։ Իրավապահ համակարգն ամբողջությամբ բացակայել է շաբաթօրյակից, կարծես «պագոնները կընկնեին»։ Տրանսպորտի նախարարությունից էլ մի 10 աշխատող էր գնացել, իհարկե, առանց նախարարի։ Չնայած, ի՞նչ պիտի լիներ, որ մի երկու ճյուղ էլ նա բռներ ձեռքն ու նկարվեր։ Փաստ է, որ մեր նախարարների մեծ մասը պատվից ցածր է համարել մաքրություն անելը։ Սոցապնախարար Արտեմ Ասատրյանը տարածքային կառավարման նախարարության տրամադրած գումարներն օգտագործել է մաքսիմալ հաճույքի սկզբունքով։ Նա իր աշխատողներին ուղարկել է Տավուշի մարզ, որ բնության գրկում մաքրությամբ զբաղվեն, ձեռքի հետ էլ Դիլիջանում, Իջեւանում ման գան, հանգստանան։ Առավել ջանասիրաբար վարչապետի հրահանգը կատարել է պաշտպանության նախարարը, որն իր աշխատողների ու զինվորների հետ Եռաբլուրն է մաքրել, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ Շաբոյանի գլխավորությամբ, որոնք մինչեւ երեքն աշխատել են Հաղթանակի զբոսայգում, Գյումրու մարզպետարանի աշխատողները։ Վերջիններս սպասում էին, որ վարչապետը գալու է։ Նույնիսկ սեղան էին գցել ու շքերթ կազմակերպել՝ փորձեր էին անում։ Սրանով էր բացատրվում նրանց գերջանասիրությունը, բայց վարչապետն այդպես էլ չգնաց Գյումրի։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ