Լավ չեք արել․ Կարեն Կարապետյան

Լավ չեք արել․ Կարեն Կարապետյան

Այսօրվա Կառավարության նիստին առաջին զեկուցողը Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էր։ Վարչապետը նրան շնորհավորեց առաջին անգամ որպես նախարար նիստին մասնակցելու համար։



Դավիթ Հարությունյանը հերթական «թափանցիկության» նախաձեռնումն էր բերել հաստատման, որի համաձայն՝ դրամաշնորհների տրամադրման գործընթացը պետք է ավելի հրապարակային դառնա։ Հանրությանը տրամադրվելու են ոչ միայն մրցույթների հաղթող կազմակերպությունների տվյալները, այլեւ այն ծրագրերը, որոնց համար դրամաշնորհ է տրամադրվել։



Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին էլ առաջարկեց ազատականացնել Քաթարի հանրապետության քաղաքացիների մուտքը Հայաստան եւ չպահանջել նրանցից մուտքի վիզա։ Վարչապետի մոտ հարց առաջացավ՝ մենք ունենք այն երկրների ցանկը, որոնց հետ ՀՀ-ի արտոնյալ վիզան ցանկալի է, Շավարշ Քոչարյանի պատասխանից հետեւեց, որ առայժմ չունենք։



Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը Կառավարության հաստատմանն էր բերել հողօգտագործողներին մատչելի գներով դիզվառելիք տրամադրելու մասին որոշումը, ըստ դրա՝ «Մաքսֆուդ» ընկերությանը մոտ 171մլն դրամ է հատկացվելու պետբյուջեից, որը կուղղվի դիզվառելիքի ձեռքբերմանը։ Այդ կազմակերպությունը հաղթել է համապատասխան մրցույթում՝ 1լիտր դիզվառելիքի համար առաջարկելով 314,3 դրամ, ընդ որում՝ պետությունը սուբսիդավորելու է 34,3 դրամ, արդյունքում՝ պետությունը խնայողություններ կանի մոտ 159մլն դրամի։



Վարչապետը հարցրեց՝ ուշացրել եք չէ՞ այս ծրագիրը, նախարարն էլ պատասխանեց, որ այո, գարնանացանին չենք հասցրել իրագործել, վարչապետն էլ ասաց՝ լավ չեք արել։