Սնկերի մակրո աշխարհը Լիլիթ Խաչատրյանի «Սֆերա» շարքում (լուսանկարներ)

Սնկերի մակրո աշխարհը Լիլիթ Խաչատրյանի «Սֆերա» շարքում (լուսանկարներ)

«Դալան» ցուցասրահում բացվել է լուսանկարիչ Լիլիթ Խաչատրյանի «Սֆերա» խորագիրը կրող լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչեւ հունիսի 25-ը։  



«Հենց հիմա տիեզերքում ամենամեծ երևույթը կենդանի լինելն է. պարզապես զգա, որ այս պահին կենդանի ես և շուրջդ ամեն երևույթ կենդանի է: Կենդանի զգալու շունչն է ամեն բան դարձնում գեղեցիկ: Ու եթե մի պահ կանգ առնեմ ու ներս գնամ կհասկանամ, որ այն ինչ գեղեցիկ է՝ իմ մեջ է: Այս խոսքերով ցանկանում եմ շեշտել նկարների կլորավուն ձեւի ներսում ծնվող, ապրող, զարգացող, դինամիկ կյանքի մասին, որն արտահայտված է գունային և ֆորմային ձևերով»,-իր նախագծի մասին պատմում է Լիլիթն ու մանրամասնում, որ այս թեմատիկ լուսանկարչական շարքում ներկայացրել է սնկեր, որոնք մակրո լուսանկարչությամբ հավաքել է մեկ թեմայի և մեկ ցուցահանդեսի շրջանակում․«Այն միջավայրը, որտեղ նրանք ապրում են միայն իրենց է պատկանում: Սա նրանց ՍՖԵՐԱՆ է՝ մաքուր, գեղեցիկ, բնությանը ներդաշնակ»,-ասում է Լիլիթն ու նկատում, որ ի տարբերություն մարդկանց, որոնք երբեմն ապրում են խեղաթյուրելով կյանքի գույներն ու այն դրականը, որն իրենց ներսում է, բնության այս երեւույթները ներդաշնակ են իրենց միջավայրում։



Լիլիթը կարծում է, որ ոչինչ պատահական չի լինում, դեռ դպրոցից իրեն գրավել է շրջանագծի ձեւը, այդ ուղղությամբ փորձարկումներ շատ է արել, երբեմն լուսանկարն ու կտավը մեկտեղելով եւ համադրելով իրար հետ․«Սկզբում սկսեցի գրաֆիկական պատկերներ անել, ապա գեղանկարներ, հետո հանդիպեցի սնկերին, որոնք նորից շրջանաձեւ ֆորմայի մեջ են ու անմիջապես ծնվեց այս գաղափարը, դրանից հետո 3 տարի շարունակ սկսեցի նկարել դրանք ու այս ցուցահանդեսին ներկայացրեցի 25 աշխատանք»,-ասում է Լիլիթն ու նշում, որ ցուցահանդեսն աշնանը կներկայացվի նաեւ Մատենադարանում։



14 տարեկանից զբաղվելով լուսանկարչությամբ, 15 տարեկանում արդեն Լիլիթ Խաչատրյանը մասնակցել է «Երիտասարդ մարդը 21-րդ դարում» միջազգային մրցույթին՝ արժանանալով պատվոգրի եւ տպագրվելով լուսանկարչական կատալոգում։ Լիլիթն ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանության բաժինը։ Աշխատել է լուսանկարիչ Հրայր Բազեի «Խաչքար» գրքի գծագրերի վրա, այժմ ձեւավորում է Պատմության թանգարանի հրատարակվող գրքերը։