Դիպլոմների եւ ատեստատների կեղծման պրակտիկան արմատներ է գցել կրթական համակարգում

Դիպլոմների եւ ատեստատների կեղծման պրակտիկան արմատներ է գցել կրթական համակարգում

ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նախօրեին այդ մասին արդեն տեղեկացրել էինք, որին հաջորդեց ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը։ Ըստ այդմ, նախնական տվյալների համաձայն, քաղաքացին ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն ներկայացրած փաստաթղթերի հետ մեկտեղ 2017թ. ապրիլի 11-ին ներկայացրել է պաշտոնական փաստաթուղթ՝ ատեստատ՝ միջնակարգ դպրոցն ավարտելու վերաբերյալ: Ատեստատի իրական լինելու հանգամանքն ստուգելու նպատակով դեսպանության կողմից հարցում է ուղարկվել ՀՀ իրավասու մարմիններին, որի արդյունքում պարզվել է, որ նշված դպրոցի շրջանավարտների ատեստատների բաշխման մատյանում նման անուն-ազգանունով շրջանավարտ գրանցված չէ, այսինքն՝ ատեստատը կեղծ է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է կեղծ ատեստատի ձեռքբերման աղբյուրը։



Ըստ քաղաքացիների ցուցմունքների՝ կեղծ ատեստատը ձեռք են բերել Սամսոն Սահակյանից՝ վճարելով 1500 ԱՄՆ դոլար։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ նրան հայտնաբերելու համար։



Կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը նախօրեին մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ տեղյակ է միայն նրանից, որ Սամսոն Սահակյանը կասկածվում է կեղծ փաստաթղթի ձեւակերպման մեջ, որը կապված չէ նրա պաշտոնի անձնագրի հետ։ Կարապետյանն ասել էր, որ Սամսոն Սահակյանը երկուշաբթի օրվանից աշխատանքի չի ներկայանում, չի պատասխանում հեռախոսազանգերին, եւ ինքն այս պահի դրությամբ որեւէ տեղեկություն չունի նրա մասին։ Երեկ կրկին կապվեցինք Կարապետյանի հետ՝ իմանալու, թե իրեն հրավիրե՞լ են Հատուկ քննչական կոմիտե, հատկապես որ մինչեւ հետախուզում հայտարարելն իրավապահները եղել են տեսչությունում, իրականացրել ստուգում՝ խուզարկելով Սամսոն Սահակյանի աշխատանքային սեղանը, որին ներկա է եղել նաեւ Կարապետյանը։ «Հատուկ քննչականից ինձ չեն հրավիրել ոչ մի անգամ, իսկ շաբաթ օրվա հանդիպումը հրավեր չէր, ընդհանրապես՝ այս հարցերով Քննչական կոմիտեն արդեն հայտարարություն է արել»,- ասաց նա ու չբացառեց, որ կատարվածը կարող է նաեւ թյուրիմացություն լինել. «Շատ հավանական է, տեսնենք, թե զարգացումներն ինչպես կլինեն, կարող է թյուրիմացություն լինի, կարող է եւ առնչվել է դրան... դա իմ լուծելու հարցը չէ»։ Այն դիտարկմանը, թե իրավապահների շաբաթ օրվա այցելությունից հետո երկուշաբթի արձակուրդ ձեւակերպելը կասկածների տեղիք չի՞ տվել, Կարապետյանը նշեց, որ պետք չէ իրեն հարցաքննել, այդ բոլոր հարցերի պատասխանը քննչական մարմինը կտա։



Ի դեպ, Սամսոն Սահակյանը նախկինում եղել է քննիչ, աշխատել է մշակույթի նախարարությունում, որպես իրավաբան, իսկ վերջին 5 տարին աշխատում էր կրթության պետական տեսչության տեսչավորման բաժնում։



Կապվեցինք նաեւ Սամսոն Սահակյանի որդու հետ, բայց երբ նա իմացավ, որ լրագրող է զանգահարողը, հրաժարվեց խոսել։



Հասկանալու համար, թե ատեստատ ստանալու գործընթացն ինչ է իրենից ներկայացնում, եւ որքանով է հեշտ կեղծ ատեստատ տրամադրելը, զրուցեցինք մանկավարժների հետ։



Ինչպես փաստեցին ուսուցիչները, դպրոցը տարին երկու անգամ նախ Գնահատման եւ թեստավորման կենտրոն է ուղարկում իր աշակերտների անվանացուցակը՝ նրանց թվի, ինչպես նաեւ քննական առարկաների հետ կապված։ Դրանից հետո դպրոցն ակտ է կազմում, թե աշակերտներից քանիսն են ստանալու ատեստատ, քանիսը՝ վկայական, եւ դա ուղարկում է կամ քաղաքապետարան, կամ ԿԳ նախարարություն (ավագ դպրոցն ուղարկում է ԿԳՆ, հիմնական դպրոցը՝ քաղաքապետարան), որոնք էլ, հիմնվելով այդ տվյալների վրա, դպրոցներին ուղարկում են աշակերտների հստակ թվի հետ համապատասխանեցված ատեստատներն ու վկայականները, որից հետո միայն դպրոցում՝ ատեստատների մեջ նշանակվում են գնահատականները։ Ի դեպ, ատեստատի մեջ դրվում են ոչ միայն դպրոցի կնիքն ու տնօրենի ստորագրությունը, այլ նաեւ դպրոցի ուսուցիչներից 4 հոգու ստորագրություն։ Ըստ այդմ, անհնար է, դիցուք, նախարարությունից կամ քաղաքապետարանից կեղծված ատեստատ տան՝ շրջանցելով դպրոցի գործոնը։ Պարզվում է՝ նման հարցումներ դպրոցներին շատ են ուղարկում՝ ստուգելու ատեստատների իսկությունը։ Դրանք հիմնականում լինում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, նաեւ Կանադայի հյուպատոսությունից։ Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ բացասական պատասխան են տալիս հարցումն ուղարկող կողմին՝ չգտնելով դպրոցի գրանցամատյանում եւ ոչ մի նմուշ։



Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն անմեղության կանխավարկածն այս դեպքում չի ուզում խախտել, բայց նշում է, որ փաստաթղթերի, ցուցանիշների կեղծման դեպքեր, ցավոք, կան Հայաստանում, դա էլ փաստ է. «Տարբեր տարիների եղել են, դեպքեր են եղել, որ տնօրեններ են հեռացվել ստուգումների արդյունքում, նույնիսկ տեսչության պետն էլ ասաց, որ մեղադրվող Սամսոն Սահակյանն էլ նախկինում մի քանի այսպիսի դեպքեր է բացահայտել»։ Բայց հնարավո՞ր է կեղծ փաստաթուղթ տրամադրել, առանց ներգրավելու այս օղակում գործող մյուս կառույցներին, Խաչատրյանն ասաց. «Պարզ է, որ նման բաները մի հոգի չի կարող անել, բնականաբար, դա շղթա է ենթադրում, կոնկրետ ներգրավված մարդիկ։ Ես տեղյակ չեմ, թե ոնց է այդ շղթան աշխատում, բայց ինքնին հասկանալի է, որ մի հոգին չի կարող վերցնել ու բոլոր հարցերը մենակ լուծել»։



Հիշեցնենք, որ կեղծ ատեստատ տրամադրելու դեպքին ընդամենը շաբաթներ առաջ նախորդել էր մեկ այլ աղմկահարույց բացահայտում կրթական ոլորտում, երբ մասնավոր բուհերի ռեկտորները կեղծ դիպլոմներ էին վաճառել ուսանողներին։ Իսկ սա նշանակում է, որ փաստաթղթերի կեղծման պրակտիկան խորը արմատներ է գցել ՀՀ կրթական համակարգում։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ