Ձեթի շուկայում ե՛վ մրցակցությունն է ազատ, ե՛վ կեղծիքը

Ձեթի շուկայում ե՛վ մրցակցությունն է ազատ, ե՛վ կեղծիքը

Մենք շարունակում ենք ներկայացնել Հայաստանում բիզնես գործունեության այն ոլորտները, որոնցում կա ակնհայտ գերիշխող դիրք կամ մենաշնորհ։ Նախորդ մեր հրապարակումներում անդրադարձել էինք շաքարի բացարձակ մենաշնորհին, հավի մսի շուկայում գերիշխող դիրք ունենալուն եւ բանանի շուկային, որտեղ եւս գերիշխող դիրք ունեցող ընկերություն կա։ Առաջին երկուսում գլխավոր հերոսը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունն է, բանանի շուկայում՝ Միհրան Պողոսյանի հիմնած «Քեթրին գրուպը»։ Այժմ կանդրադառնանք արեւածաղկի ձեթի ներմուծմանը։ Միանգամից նշենք, որ այստեղ եւս առաջատարը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգ» եւ «Ալեքս հոլդինգ» ընկերություններն են։ Բայց ի տարբերություն շաքարի, այս շուկան համեմատաբար ավելի լիբերալ է, այստեղ մրցակցություն կամ գոնե դրա իմիտացիա կա: Ամեն դեպքում՝ մեզ ասացին, որ ձեթի առեւտրում մարժան քիչ է, դրա համար էլ շուկան ազատ է, որեւէ մեկը չի ձգտում գերիշխող դիրք ունենալ այս դաշտում։



Ձեթի ներմուծումը ԵԱՏՄ երկրներից



Արեւածաղկի ձեթի ներմուծման հիմնական ծավալները ԵԱՏՄ երկրներից են, հիմնականում՝ Ռուսաստանից։ Ամենախոշոր ներմուծողն «Ալեքս գրիգ» ՍՊԸ-ն է։ 2016-ին այս ընկերությունը ԵԱՏՄ երկրներից, ըստ երեւույթին՝ հիմնականում Ռուսաստանից, Հայաստան շուրջ 5 հազար տոննա արեւածաղկի ձեթ է ներմուծել (4 հազար 907 տոննա)։ Սրա ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 2 միլիարդ 477 միլիոն դրամ։ Անցած տարի ԵԱՏՄ երկրներից ձեթ ներմուծողների թիվը բավականին մեծ է եղել՝ 43 կազմակերպություն։ Երկրորդ ամենախոշոր ներմուծողն այս ցանկից «Լիա-Կ գրուպ» ՍՊԸ-ն է՝ 3 հազար 187 տոննա։ Երրորդը «Պլենիում» ՍՊԸ-ն՝ 2 հազար 458 տոննա։ Թվերը գնալով իջնում են՝ հասնելով ընդհուպ 1.3 տոննայի։ ԵԱՏՄ-ից 2017-ի առաջին եռամսյակում եւս արեւածաղկի ձեթ ամենամեծ քանակությամբ ներմուծել է արդեն «Ալեքս հոլդինգը»՝ 1318 տոննա։ Դա նույն Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգն» է՝ այլ անվանումով։ Այստեղ արդեն երկրորդ խոշոր ներմուծողը «Պլենիումն» է՝ 555 տոննա, երրորդը՝ «Լիա-Կ գրուպ» ՍՊԸ-ն։ Ակնհայտ է, որ այս շուկայում առաջատարներն այս երեք ընկերություններն են, բայց ամենախոշորը, բնականաբար, «Ալեքս գրիգը» կամ «Ալեքս հոլդինգն» է։ Ի դեպ, «Լիա-Կ գրուպը» հայտնի է հատկապես շինանյութի ներմուծմամբ։ Այս ընկերությանն են պատկանում «Կերամա Մարացի», «Լիա կերամիկս» խանութների ցանցերը։ Այն նաեւ մարգարինի, կետչուպ-մայոնեզների եւ նմանատիպ այլ ապրանքների ներմուծմամբ է զբաղվում։ Բայց «Ալեքս գրիգի» կամ «Ալեքս հոլդինգի» կողմից ձեթի շուկան ազատ թողնելը դեռ չի նշանակում, թե այս ընկերությունը «մեղքեր» չունի գործած նաեւ այս դաշտում։ Ըստ տեղեկությունների՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող այս ընկերությունն օղիներից բացի կեղծում է նաեւ հանրահայտ ապրանքանիշերի ձեթերը՝ դրանք հանրությանը վաճառելով արդեն հայտնի բրենդների ներքո։ Չի բացառվում, որ Ալեքսանյանը տարվա ընթացքում արեւածաղկի ձեթի մի որոշ խմբաքանակ կարող է ներկրել՝ ցույց տալու, որ դրանք դրսից է ներմուծում, իսկ մյուս մասը՝ նույն, ասենք, «Ավեդով» ձեթի անվան տակ արդեն արտադրել Հայաստանում։ Բնականաբար, մայր գործարանից ներկրածն ու Ալեքսանյանի արտադրամասերում շշալցված արեւածաղկի ձեթը նույն որակը չեն ունենա։ Այս ամենի իսկությունը լիարժեք կարող են ճշտել եւ համապատասխան քայլեր ձեռնարկել պատկան մարմինները, եթե, իհարկե, ցանկանան։ Ի դեպ, մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» խանութներում դրսից ներկրված հավի մսի վրա չկան հայերեն գրությամբ պիտակներ, որոնց վրա գրված պետք է լինեն ներմուծող ընկերության անվանումը եւ ապրանքի որակական հատկությունների վերաբերյալ հավելյալ ինֆորմացիա։ Երեկ նկատեցինք, որ մեր հրապարակումից հետո այդ պիտակներն ավելացվել են։



Այլ երկրներից արեվածաղկի ձեթի ներմուծումը շատ քիչ է



2016-ին ԵԱՏՄ-ից դուրս՝ երրորդ երկրներից արեւածաղկի ձեթ ամենաշատը ներմուծել է «Լիա-Կ գրուպ» ՍՊԸ-ն, բայց ոչ մեծ քանակությամբ՝ ընդամենը 488 տոննա։ Այս ցուցակում չկա արդեն «Ալեքս գրիգը» կամ «Ալեքս հոդինգը»։ Այստեղ լրիվ այլ անուններ են՝ փոքր քանակությամբ ներմուծումներով։ Ընդհանուր առմամբ, անցյալ տարի այլ երկրներից Հայաստան արեւածաղկի ձեթ ներկրվել է 1000 տոննայից մի քանի կգ ավելի։ 2017-ի առաջին եռամսյակում այլ երկրներից արեւածաղկի ձեթ ներմուծել է ընդամենը 6 ընկերություն, որոնցից ամենամեծ խմբաքանակը բերել է «Մոդուս գրանում» ՍՊԸ-ն՝ 128 տոննա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ