Կա՛մ ազնվորեն խոստովանեք, կա՛մ համոզիչ հերքեք

Կա՛մ ազնվորեն խոստովանեք, կա՛մ համոզիչ հերքեք

Պետեկամուտների կոմիտեի ստեղծած, բայց ՊԵԿ-ի հետ «ոչ մի կապ չունեցող» նոր «կարգոյի»՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության մասին շատ գրվեց։ Հիշեցնենք, որ օլիգարխիկ բիզնեսի վերածված եւ ազդեցիկ տանիքներ ունեցող «կարգոների» «քոքը կտրելու» օպերացիայի շրջանակներում Վարդան Հարությունյանը որոշեց մի նոր կազմակերպություն ստեղծել։ Այն արդեն ստեղծվել է, արդեն մեկ շաբաթ կլինի՝ աշխատում է, ղեկավարն էլ «Գազպրոմից» տեղափոխված հաշվապահ Արմեն Ունանյանն է։ Նոր «կարգոն», թեպետ ՊԵԿ-ում չեն սիրում այդ անվանումն օգտագործել, իր ուսերին է վերցրել մինչ օրս գործող կարգոների ամենայուղոտ ու կարեւոր ֆունկցիան՝ մաքսազերծումն ու փաստաթղթերի կազմակերպումը։ Այստեղից էր, որ լուրջ փողեր էին աշխատում մաքսայինի զահլան չունեցող առեւտրականների հաշվին։ Բայց նոր ընկերությունն ստեղծվեց առանց մրցույթի, առանց դեմոկրատական շղարշն ապահովող ընթացակարգերի։ Եվ տպավորություն ստեղծվեց, թե որոշել են իրենց ձեռքը վերցնել այս բիզնեսը՝ ստեղծելով մոնոպոլ մի ընկերություն, որի առնչությամբ պնդում են, թե իրենց հետ կապ չունի, բայց եւ հայտարարում են, որ գործելու է ՊԵԿ վերահսկողության ներքո։ Թե ինչու են որոշել հենց հիշյալ ընկերությանը վերապահել այդ ֆունկցիան, գուցե մեկ ուրիշն ավելի լավ պայմաններով այդ գործն աներ, կամ որքան եկամուտ է ապահովելու դա նորաստեղծ ՍՊԸ-ի համար, ՊԵԿ-ից հստակ չեն բացատրում։ Միայն համոզում են, որ առաջին հայացքից եւ փաստացի մոնոպոլ այս ընկերությունն իրականում այնքան էլ մոնոպոլ չէ։



Բայց ՊԵԿ-ը մեկ այլ՝ շատ ավելի կարեւոր հարցում պետք է մեզ համոզի։ Այս ընկերության անունն ի հայտ գալուց հետո գրվեց, որ ընկերությունն օֆշորային ծագում ունի՝ օֆշորում է գրանցված։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը, այս հարցին ի պատասխան, սկզբում արդարացրեց ընկերության հավանական օֆշորային ծագումը, թե դրանում վատ բան չկա։ Հետո, սակայն, ՊԵԿ-ից պաշտոնապես հերքեցին՝ նշելով, որ ընկերությունը գրանցված է Հայաստանում։ Բայց զուտ հայտարարությամբ հերքել՝ առանց փաստարկներ բերելու, դեռ չի նշանակում, որ հասարակությունը կհավատա դրան։ Մինչդեռ նրանց հերքումը «հերքող» եւ օֆշորում գրանցված լինելու մասին տեղեկությունը հաստատող այլ փաստարկներ կան։ Նախ, անվանումն արդեն իսկ կասկածելի է՝ «Նորֆոլկ քոնսալթինգ»: Հայաստանում նոր ստեղծված եւ խիստ «ռազմահայրենասիրական» նպատակ հետապնդող ընկերությունն ինչո՞ւ է կնքվում այսպիսի օտարահունչ անվանումով։ Եվ պատահական չէր, որ Սամվել Ավետիքյանը, լսելով այս ընկերության անվանումը, ասաց․ «Անկեղծ ասեմ՝ չեմ էլ յուրացրել անվանումը, ոնց որ նման մի բարդ բառ է»։



Երկրորդ․ ըստ պետռեգիստրի տվյալների՝ Հայաստանում գրանցված «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի միակ հիմնադիրը բրիտանական օֆշորում գրանցված «Նորֆոլկ պրոջեկտ ԼՓ» (Norfolk Project LP) ընկերությունն է։ Մինչդեռ ՊԵԿ-ից այդպես էլ չասացին, թե ով է հիմնադիրը՝ առաջարկելով մեզ դիմել պետռեգիստրին։ Պետռեգիստրից էլ, ահա, սա է պարզվում։ Ստացվում է՝ ՊԵԿ-ն ասում է, որ գրանցված է Հայաստանում, բայց ոչինչ չի մանրամասնում, որպեսզի համոզի իր պնդման մեջ, հետո հղում է անում այլ աղբյուրի, որից էլ պարզվում է ճիշտ հակառակը։



Երրորդ․ մենք պարզեցինք, որ «Նորֆոլկ քոնսալթինգ» անվանումով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կա գրանցված նաեւ Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Խոսքն ООО «Норфолк консалтинг»-ի մասին է, որի վերաբերյալ տեղեկատվությունը ՌԴ համապատասխան կայքում փակ է։ Ամենայն հավանականությամբ, այս երեք ընկերություններն էլ սերում են մեկ օֆշորային ընտանիքից։ Կարծում ենք՝ լավ կլինի, եթե ՊԵԿ-ը պարզ հայտարարի ընկերության ծագման մասին եւ, եթե իսկապես օֆշորում գրանցված լինելու մեջ որեւէ վատ բան չկա, թող դա եւս ներկայացնի՝ ավելորդ գաղտնիության շղարշ ստեղծելու, հասարակության մեջ կասկածներ սերմանելու փոխարեն։ Կարծեմ՝ որդեգրել էին մաքսիմալ բաց ու թափանցիկ աշխատելու գործելաոճ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ