ՊԵԿ-ը «հումանիզմ» է ցուցաբերում փոքր տնտեսվարողների նկատմամբ

ՊԵԿ-ը «հումանիզմ» է ցուցաբերում փոքր տնտեսվարողների նկատմամբ

Նախորդ ամիսներին ստվերի գնահատմանն ուղղված անհատական վերլուծությունների արդյունքում Պետեկամուտների կոմիտեն առանձնացրել է ռիսկային հարկ վճարողներին, որոնք առաջիկայում կլինեն ՊԵԿ-ի դիտակետում: ՊԵԿ-ից հայտարարում են, որ 100 մլն․ եւ ավելի շրջանառություն ունեցող ռիսկային տնտեսվարողներին կոմիտեն հորդորում է վճարել հունվարի մեկից հուլիսի մեկն ընկած ժամանակահատվածում չվճարված հարկերը։ Հակառակ դեպքում ՊԵԿ-ն սպառնում է՝ կազմելու ենք համապատասխան հաշվարկներ՝ ներառելով նաեւ հարկերից խուսափելու համար նախատեսված տույժ-տուգանքները, եւ ուղարկելու ենք իրավական գնահատական տալու, իսկ հիմքերի առկայության դեպքում՝ նաեւ քրեական գործեր հարուցելու։



Այսպիսի ժողով էին արել երեկ ՊԵԿ-ում ու նման հաղորդագրություն տարածել՝ իրազեկելով տնտեսվարողներին։



Իսկ մինչեւ 100 մլն․ շրջանառություն ունեցող ռիսկային հարկ վճարողների նկատմամբ ՊԵԿ-ի գործիքակազմն այլ է: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի խոսքով՝ այս դեպքում կոմիտեն հետեւելու է շուկաների օրինաչափություններին՝ հարկային իմաստով։ «Օրինաչափություններից շեղվողներին առաջարկելու ենք նվազեցնել հարկային ռիսկերը, առաջարկներին չհետեւելու դեպքում հսկողական գործիքների միջոցով ստիպելու ենք: Մեր գործողությունների հիմնական ուղերձն այն է, որ բոլորը պետք է վճարեն բոլոր հարկերը»,- հարկային տեսչությունների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բրուտյանը՝ հանգստացնելով բարեխիղճ հարկ վճարողներին, որոնք «մտահոգվելու առիթ չպետք է ունենան»։



Սա այն է, ինչի մասին մենք գրել էինք մեր նախորդ համարներից մեկում տպագրված «Ովքե՞ր են իրական հարկ թաքցնողները եւ ինչո՞ւ» վերտառությամբ հոդվածում։ Գրել էինք, որ Հայաստանում մոտ 4-5 հազար տնտեսվարողներ կան, խոսքը շրջանառության հարկով աշխատողների մասին է, որոնք հենց 100 մլն․ դրամից պակաս շրջանառություն ունեն, ՀԴՄ չեն խփում կամ քիչ են խփում ու հարկեր են թաքցնում, եւ ներկայացրել էինք դրա օբյեկտիվ պատճառները։ ՊԵԿ-ը, լավ իմանալով այս ամենի մասին, այդուհանդերձ, որոշակի մեղմ եւ զիջողական քաղաքականություն է որդեգրել այս խմբի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ հաշվի առնելով տնտեսական ոչ բարվոք իրավիճակը։ Խիստ հարկային վարչարարության դեպքում այս ընկերություններն ուղղակի կփակվեն, քանի որ հարկերն ամբողջ ծավալով վճարելով՝ նրանք չեն կարողանա փակել իրենց մյուս ծախսերը։



Հիմա ՊԵԿ նախագահի տեղակալը փաստացի հենց այդ մասին է խոստովանել, որ իրենք հատուկ վերաբերմունք ունեն այդ խմբի տնտեսվարողների նկատմամբ։ Այսինքն՝ չեն ասում, թե կտուգանեն հարկ թաքցնողներին, այլ առաջարկում են չշեղվել օրինաչափությունից, իսկ եթե չհետեւեն առաջարկին, հսկողական գործիքների միջոցով կստիպեն։



Փոխարենը ՊԵԿ-ը որոշել է իր այս հումանիզմը կոմպենսացնել 100 միլիոնից ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների հաշվին՝ փորձելով նրանցից գանձված հարկերով լցնել նաեւ այն բացը, որն առաջանում է փոքրերի թաքցրած հարկերից։ Դրա համար էլ ամիսը մեկ մի խոշոր ընկերություն են մտնում ստուգումների եւ տուգանում՝ «ՍԱՍ», «Քեթրին գրուպ», «Երեւան սիթի» եւ այլն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ