ՊՆ-ն բացատրում է՝ ինչու են թաղապետարանի չինովնիկին մեդալ հանձնել սրճարանում

ՊՆ-ն բացատրում է՝ ինչու են թաղապետարանի չինովնիկին մեդալ հանձնել սրճարանում

Մոտ երկու ամիս առաջ մի մեդալի պատմություն էինք ներկայացրել, որով ուղղակի, կարելի է ասել՝ պաշտպանության նախարարի անունն ու հեղինակությունը սրճարանային մակարդակի էին իջեցրել։ Բանն այն է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Կարապետ Շահինյանն իրեն պատկանող «Սոֆիա» սրճարանում երկու ՀԿ-ների ղեկավարներից «Վազգեն Սարգսյան» մեդալ էր ստացել։ Մեդալ տվող կանայք եղել են «Փառքի զինվոր» ՀԿ ղեկավար Լուսինե Շամիլյանը եւ «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթենիկ Խլղաթյանը։ Վերջինս ժամանակին ակտիվ «կռվել» է հանուն Սամվել Ալեքսանյանի եւ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այն, որ քաղաքի որեւէ անհայտ սրճարանում երկու անհայտ ՀԿ-ների ղեկավարներ ինչ-որ միջին կալիբրի չինովնիկի մեդալ են տալիս, դա կարող է մեզանում նաեւ նորմալ դիտվել, քանի որ մենք անգամ սեփական անձը իրեն պարգեւատրելու փաստեր գիտենք։ Ինչպես ժամանակին բնապահպանության նախկին նախարար (Բուլկի) Արամ Հարությունյանն ինքն իրեն էր մեդալ տվել՝ աշխատանքից ազատվելու նախօրյակին։



Այստեղ ուշագրավն այն է, որ մեդալը բավական չէ կրում է սպարապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի անունը, մի բան էլ ստորագրված է պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանի կողմից։ Այսինքն՝ նախարարը մեդալ է «դուրս գրել», տվել ինչ-որ ՀԿ ղեկավարի, որ նա տանի ու չգիտես որ սրճարանում դա հանձնի սրճարանի տիրոջը, ով միաժամանակ նաեւ թաղապետարանի պաշտոնյա է։ Ահա, մեզանում այսչափ «բարձր» են գնահատվում Պնախարարի մակագրությունն ու նրա տված մեդալը։ Այս կապակցությամբ մենք զրուցել էինք թե՛ Կարապետ Շահինյանի, թե՛ Լուսինե Շամիլյանի հետ եւ դիմել էինք պաշտպանության նախարարություն՝ կատարվածի հետ կապված մեկնաբանություն ստանալու։



Եվ չնայած սպասում էինք, որ այս տարրական հարցին կպատասխանեն նույն օրը, գոնե հաջորդ օրերին՝ 5-օրյա ժամկետում, սակայն պատասխանն ստացել ենք 22 օր անց՝ հուլիսի 28-ին։ Գերատեսչությունների լրատվականների «գենետիկորեն փչացած» խասյաթի համաձայն՝ ՊՆ-ն որոշել էր մեր ուղարկած հարցերին պատասխանել որքան հնարավոր է ուշ։



Ինչ են ուղարկել մեզ։ Երկու էջանոց լիրիկական զեղումներով եւ «ռազմահայրենասիրական» նկրտումներով գրված մի բացատրություն, որով փորձել են արդարացնել տվյալ չինովնիկին մեդալ տալու փաստը։ Բայց դրանից այդպես էլ չի հասկացվում՝ նախ, ինչու են մեդալ տվել վարչական շրջանի աշխատողին, երկրորդ՝ ինչու է նախարարի տված մեդալը հանձնվել սրճարանում, ՊՆ-ի հետ կապ չունեցող մարդկանց կողմից։



Հիշեցնենք, որ, համաձայն կանոնադրության, ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգեւատրվում են ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն եւ կազմակերպչական հմտություններ դրսեւորած ՀՀ ԶՈՒ սպաները եւ ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, հայկական բանակի կայացման եւ ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները: Մնում է այստեղ գտնել Կարապետ Շահինյանին։



ՊՆ-ի պատասխանում մասնավորապես նշել են․ «Կարապետ Շահինյանը տարիներ շարունակ բարոյական եւ նյութական աջակցություն է ցուցաբերել զոհված կամավորականների եւ զինծառայողների ընտանիքների անդամներին։ 2016 թվականին ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ժամանակ նա Արցախ մեկնած կամավորականներին ցուցաբերել է նյութական աջակցություն»։ Հետաքրքիր է՝ բոլոր նրանք, ովքեր օգնություն են տրամադրում զինծառայողների ընտանիքներին եւ ապրիլյան օրերին մեկնել են սահման, մեդալներ ստացե՞լ են։



Հարցին, թե ինչու են մեդալը տվել ՀԿ-ների նախագահները, ՊՆ-ից ճամարտակել են, թե ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական, քաղաքացիական վերահսկողության գործում հասարակական կառույցներն ունեն իրենց անփոխարինելի դերը, եւ հավելել․ «ՊՆ-ՀԿ-ներ համագործակցության շրջանակում, ըստ փոխադարձ համաձայնության, գերատեսչական պարգեւները կարող են հանձնվել թե՛ պաշտպանության նախարարության, թե՛ ՀԿ-ի ղեկավարության կողմից»։ Ապա փորձել են ինչ-որ կերպ հիմնավորել հիմնավորման ոչ ենթակա՝ սրճարանում մեդալ հանձնելու փաստը, բայց ինչ-որ բան չի ստացվել, ու չի հասկացվում՝ հիմա իրենք անսացել են մեր հրապարակմանն ու հետեւություններ են արել դրանից եւ, ասենք՝ նկատողությո՞ւն են արել տվյալ ՀԿ-ի ղեկավարին՝ հրավիրելով իրենց մոտ, բայց մասնավորապես նշել են, որ Շահինյանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, տվյալ սրճարանում միջոցառում էր կազմակերպել Արցախյան ազատամարտի մասնակիցների, նրանց երեխաների, թոռների համար։ Այս ՀԿ-ի ղեկավարներն էլ որոշել են առիթն օգտագործել եւ հենց այդ միջոցառման շրջանակում հանձնել մեդալը։ Բայց, ըստ ՊՆ-ի, «հաշվի առնելով միջադեպի առնչությամբ «Հրապարակ» օրաթերթի բարձրացրած խնդիրը, այս երկու կանայք հրավիրվել են ՀՀ ՊՆ Տ եւ ՀԿ վարչություն»։ Իսկ թե ինչու են հրավիրվել, ՊՆ-ից չեն մանրամասնում, գուցե մի մեդալ էլ իրե՞նց են տվել կամ գովել են այդ ծանր գործը՝ նախարարի մեդալը հանձնելու պարտականությունը փայլուն կատարելու համար։



ՀԳ Իմ շրջապատում էլ շատերը կան, որոնք տարատեսակ օգնություն են ցուցաբերել եւ ցուցաբերում բանակին, գնում են սահման, զոհվածների ընտանիքներին են աջակցում։ Հետաքրքիր է, եթե Վիգեն Սարգսյանին դիմենք, մի մեդալ էլ նրանց անունով դուրս կգրի՞, տանենք՝ մենք հանձնենք, չէ՞ որ մամուլն էլ, ինչպես ՀԿ-ները, «քաղաքացիական վերահսկողության գործում իրենց անփոխարինելի դերն ունեն»։ Խոստանում ենք մեդալը հանձնել ոչ թե թաղային մի սրճարանում, այլ կենտրոնի բարձրակարգ ռեստորաններից մեկում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ