Ինչ-որ ժամանակ հետո գուցե անդրադառնան «օդի տուրքի» հարցին

Ինչ-որ ժամանակ հետո գուցե անդրադառնան «օդի տուրքի» հարցին

Քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը երեկ մեզ հետ զրույցում փորձեց օբյեկտիվ պատճառներ ներկայացնել առ այն, թե ինչու են այս սեզոնին կտրուկ թանկացել ավիատոմսերի գները։



«Ավիաընկերություններն իրենց ամառային ժամանակաշրջանի չվերթները պլանավորելիս անում են դա բավականին վաղ։ Եվ պլանավորվածից ավելի շատ պահանջարկ ունենալու դեպքում, ինչը որ տեղի ունեցավ այս տարվա մեր ներկայիս ժամանակաշրջանում, ավիաընկերությունները, փաստորեն, սխալվեցին, եւ մենք ունեցանք ավել պահանջարկ, քան առաջարկն է»,- բացատրեց պարոն Ավետիսյանը։



Տեսնելով իրավիճակը՝ ավիաընկերությունները փորձում են փոփոխություններ մտցնել իրենց չվացուցակի մեջ՝ ավելացնելով չվերթների քանակը, փոփոխելով օդանավերի տիպերը։ Օրինակ՝ ներկայումս «Զվարթնոց» օդանավակայանից չվերթներ են իրականացնում այնպիսի օդանավեր, որոնք սովորաբար օգագործվում են տրանսատլանտիկ թռիչքների համար՝ Boeing 767 եւ 777, Airbus A330։
Ավետիսյանը, սակայն, չի կարծում, թե իրավիճակը քաոսային է, ավելին՝ կարծում է, որ բնական իրավիճակ է, եւ հնարավոր է մյուս տարի օգոստոսին եւս գների բարձրացում լինի։ Նրա խոսքով՝ այս տարվա 7 ամիսների կտրվածքով մեր երկիր ավելի շատ մարդ եկել է, քան մեկնել։ Իսկ ընդհանուր ուղեւորահոսքն այս 7 ամիսներին, երկու օդանավակայանները միասին վերցրած՝ ավելացել է շուրջ 30 տոկոսով, ինչն էլ այդ չափով ավելացրել է ավիատոմսերի պահանջարկը։



«Բայց սեպտեմբերի երկրորդ կեսից ես կարող եմ ասել, որ ավիատոմսերի գները կտրուկ անկում են ապրելու, դուք հիմա էլ կարող եք տեսնել, թե ինչ է կատարվում տոմսերի գների հետ աշնան ամիսների համար»,- հուսադրեց Քաղավիացիայի վարչության պետը։
Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է վերանայեն 10 հազար դրամ «օդի տուրքի» հարցը, ինչը կարող է հանգեցնել ավիատոմսերի գների իջեցման։ Ավետիսյանն ասաց, որ հարցը պետք է ուղղել ֆինանսների նախարարությանը։ Իսկ քաղավիացիան որեւէ միջամտություն կամ առաջարկ չունի՞ այս հարցում, Ավետիսյանն ասաց․ «Ունի, կարծում եմ՝ դեռ շուտ է, բայց ինչ-որ ժամանակ հետո միգուցե անդրադառնանք այս հարցին։ Ինչպես գիտեք, ժամանակին էս նույն հարցը մենք բարձրացրինք Գյումրիի հետ կապված, եւ օրենքում համապատասխան փոփոխությունից հետո Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից մեկնող ուղեւորներն ազատված են այդ հարկից»։ Մենք նկատեցինք, որ որքան էլ ինքն օբյեկտիվ պատճառներ բերեց, թե ինչու են այս սեզոնին թանկացել Հայաստանից մեկնող ինքնաթիռների տոմսերը, այնուամենայնիվ, նույն ուղղություններով Վրաստանի օդանավակայաններից մեկնելը Հայաստանի համեմատ շատ ավելի էժան է։ Սերգեյ Ավետիսյանը սրան եւս փորձեց բացատրություն գտնել․ «Հայաստանի համեմատ ավելի էժան է 10-20 տոկոս, ինչի պատասխանը թաքնված է ե՛ւ օդի տուրքի առկայության մեջ, ե՛ւ որոշ օբյեկտիվ այլ բաների մեջ։ Բայց Թբիլիսիից թռիչքների գները ներկայում եւս թանկացել են»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ