Հիմա էլ ՀՔԾ-ն է ընկել լրագրողների հետևից

Հիմա էլ ՀՔԾ-ն է ընկել լրագրողների հետևից

Կոռուպցիայի դեմ պայքարելու անզոր մեր իրավապահ համակարգը որոշել է դա անել լրագրողների հաշվին ու նրանց միջոցով։ Սակայն, երբ մենք հստակ փաստերով կոռուպցիոն հանցագործությունների մասին ենք բարձրաձայնում, ոստիկանությունը, դատախազությունն ու ՀՔԾ-ն աչք են փակում դրանց վրա եւ ընթացք չեն տալիս կամ ոչինչ չեն հայտնաբերում։ Փոխարենը հրապարակախոսական, համակարգային քննադատություն պարունակող որեւէ հոդված կարող է հայտնվել նրանց ուշադրության կենտրոնում։ Նրանք կարող են ընկնել լրագրողների հետեւից ու պահանջել, որ մենք անուն ու փաստ ասենք, բացատրություն տանք մեր գրած յուրաքանչյուր բառի համար։ Եվ այդ ամենը՝ «նուրբ» սպառնալիքներով զուգորդված, որ՝ եթե չասեք, ձեզ դատի կտանք կամ սուտ մատնության հոդված կդնենք։



Ամեն անգամ որեւէ տեղ մեկնելիս մենք փորձում ենք, վերադառնալով, մեր տեսածն ու լսածը ներկայացնել ընթերցողին։ Այս անգամ էլ Ռուսաստանի Դաշնությունում արձակուրդս անցկացնելուց հետո ավտոմեքենայով վերադառնալով Հայաստան՝ ականատես եղա, թե ինչպես են աշխատում Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի ճանապարհային ոստիկանները՝ գաիշնիկները։ Հատկապես ուշագրավ էին Ռուսաստանի չտես գաիշնիկները, որոնք զարմացել էին թանկարժեք մեքենայի վրա ու ամեն անգամ գումար էին պահանջում վարորդից։ Նրանցից հետ չէին մնում նաեւ մեր ՃՈ տեսուչները։ Օրինակ՝ գյումրեցի մի տեսուչ մեզնից փող էր խնդրում, որ «պեռերիվ անի»։ Վրացի տեսուչները շահեկանորեն առանձնանում էին այս պատկերից՝ նրանք քաղաքավարի մոտեցան, ներկայացրին վարորդի կատարած խախտումը, արձանագրություն կազմեցին եւ խնդրեցին մոտակա բանկում մուծել։ Վերադառնալով՝ որոշեցի այս ամենն ամփոփել եւ ընթերցողին ներկայացնել երեք երկրներում իմ տեսածի համեմատականը։ Նաեւ այն ակնկալիքով, որ մեր իրավապահ մարմինները կկարդան ու կփորձեն հետեւություններ անել դրանից։ Բայց նրանք որոշեցին հետեւության փոխարեն հետաքննություն անցկացնել եւ «հայտնաբերել» գյումրեցի սոված գաիշնիկին, հընթացս լրագրողին հասկացնել, որ ՃՈ-ի մասին գրել մեզանում չի կարելի, իսկ եթե գրում ես՝ միայն գովեստ, կամ պատրաստ լինես քննչական կաբինետներում ժամեր անցկացնելու, ցուցմունք-բացատրություն տալու, գրածդ հիմնավորելու։



Նախ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից զանգեցին ու հրավիրեցին իրենց մոտ՝ խոստանալով սառը սուրճ եւ հյութ հյուրասիրել «սոված» գաիշնիկին բացահայտելու դիմաց։ Ապա Հատուկ քննչական ծառայութունից կանչեցին՝ բացատրություն եւ հանցանքի մասին հաղորդում տալու։ Որքան էլ փորձեցի բացատրել, որ տվյալ ՃՈ տեսուչն ընդամենը համակարգի հայելին է, եւ նրան չեմ ցանկանում առանձնացնել համակարգից, որ նպատակ չեմ ունեցել հանցագործության մասին հաղորդում տալու, ուստի չեմ ֆիքսել ո՛չ նրա անձն ու տվյալները, ո՛չ խոսքը, եւ որ լրագրողի խնդիրը ոչ թե կոնկրետ դեպքը, այլ երեւույթը բացահայտելն է, սակայն ոչինչ չօգնեց։ ՀՔԾ քննիչ Խորեն Մեջլումյանն իր կաբինետում երկու ժամից ավելի «պատանդ» պահեց ինձ՝ փորձելով որեւէ բան կորզել «սոված գաիշնիկի» վերաբերյալ։ Ոչինչ, որ քննիչը խոսում էր «դու»-ով եւ տեղ-տեղ՝ «ախպերական» բառապաշարով, անգամ ոչինչ, որ չտեղեկացրեց ինձ իմ իրավունքների մասին ու չհստակեցրեց իմ կարգավիճակը եւ նախապես էլ ծանուցում չէր ուղարկել։ Բայց այն, թե ինչպես էր վարում զրույց-հարցաքննությունը, լուրջ հոդվածի նյութ է։



Մեզ՝ լրագրողներիս, երբեմն մեղադրում են նույն հարցը կրկնելու մեջ, այդ անձինք երեւի չեն շփվել իրավապահների հետ եւ չգիտեն, թե քանի անգամ կարող է քննիչը կրկնել նույն հարցը եւ նույն պատասխանն ստանալուց հետո չբավարարվել։ Իսկ երբ պատասխանները չբավարարեցին, պարզապես անցավ հոգեբանական ճնշման իրենց բնորոշ մեթոդներին։ Սկսեց նախազգուշացնել՝ ենթատեքստում սպառնալով, որ եթե ես չգրեմ իր ուզածը, կարող եմ ենթարկվել քրեական պատասխանատվության «սուտ մատնության» հոդվածով։ Ապա քանիցս առաջարկեց «գրավոր հաղորդում տալ հանցագործության մասին»։ «Խնդրում եմ հստակ ասա՝ դու նախազգուշացվա՞ծ ես, որ կարող ես պատասխանատվության ենթարկվել սուտ մատնության հոդվածով», -կրկնում էր քննիչը։ Կամ՝ «Հստակ ասա՝ այն, ինչ գրել ես, իրականությո՞ւն է, թե՞ ոչ»։ Բայց սուտ մատնության հոդվածի հետ մենք շատ ենք առնչվել, եւ այս «պրիյոմը» չէր կարող անցնել, իսկ գրավոր հաղորդում տալն էլ նախ քաղաքացու իրավունքն է, ապա՝ մամուլի հրապարակումներն առանց մեր համաձայնության էլ իրենք կարող են ուսումնասիրության առարկա դարձնել, ինչպես անում են, երբ իրենց պետք է։ Մանավանդ՝ կյանքը ցույց է տալիս, որ անգամ այն դեպքերում, երբ մենք դիմում ենք իրավապահներին՝ հաղորդում ենք տալիս, փորձում ենք մեր իրավունքները պաշտպանել, ոչ մի հաջողության չենք հասնում, քանի որ «հրահանգն» այլ է լինում, ինչպես եղավ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հետ միջադեպում։ Օրեր շարունակ կատարված քննությունից՝ առերեսումներից ու հարցաքննություններից հետո, մարմնական վնասվածքի ու վկաների առկայության պայմաններում, ՀՔԾ մեկ այլ քննիչ որոշեց, որ Ռուբեն Հակոբյանի արարքներում հանցակազմ չկա։ Հիմա ինչո՞ւ պետք է ես հավատամ ՀՔԾ մեկ այլ քննիչի մտադրությունների ազնվությանը եւ բացահայտեմ մի շարքային գաիշնիկի անուն-ազգանունը։ Որ ի՞նչ անեն՝ գաիշնիկից փող առնեն, բա՞ց թողնեն, թե՞ քննեն ու հայտարարեն, որ նրա արարքներում հանցակազմ չկա, լրագրողը վատաբանել ու զրպարտել է նրան։



ՀԳՍա առաջին դեպքը չէ, երբ մեր իրավապահ մարմիններն «օրենքի տառի տակ» թաքնված նպատակային խոչընդոտներ են ստեղծում մամուլի, լրագրողների համար՝ ամեն մի նյութից հետո մեզ կանչելով բացատրություններ տալու՝ իբրեւ թե հանցագործություն են փորձում բացահայտել։ Մինչդեռ, երբ ակնհայտ հանցագործությունները նրանց աչքն ենք խոթում, չտեսնելու են տալիս։ Սա մամուլին ճնշելու յուրահատուկ ձեւ է, որը շատ վտանգավոր միտումով կամաց-կամաց նոր թափ է հավաքում դեմոկրատիայի եւ խոսքի ազատության համար «կռիվ տվող» մեր իշխանությունների հստակ հրահանգով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ