Տեսլականների բախման խաչմերուկում

Տեսլականների բախման խաչմերուկում

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի օգոստոսի 23-ի տարաժամ հայտարարությունն առաջին պահին նույնիսկ պանիկա առաջացրեց, մանավանդ, որ համընկավ Պուտին-Սարգսյան` Սոչիում կայացած հանդիպման հետ: Հոգլանդի հայտարարությունն Արցախի խնդրի կարգավորման հանրահայտ կետերի մասին շատ ավելի սառը կընդունվեր, եթե արվեր հարգարժան համանախագահի պաշտոնավարման ավարտի հետ կապված որեւէ միջոցառման ժամանակ կամ, ինչպես դա տեղի ունեցավ նրա նախորդի` Ջեյմս Ուորլիքի ժամանակ, ներկայացվեր որպես հարցի կարգավորման ամերիկյան տեսլական: Վերջին հաշվով` Հոգլանդը, այո, ոչ մի նոր բան չի ասել, եւ եթե մենք նրա հայտարարությունը համեմատենք Ուորլիքի «տեսլականի» հետ, կտեսնենք, որ կարգավորման կետերը նույնությամբ համընկնում են: Նոր հեծանիվ ստեղծողը մենք ենք այս պահին, որ այսպես իրար ենք անցել, ընդհուպ եզրակացություններ ենք անում Պուտին-Սարգսյան հանդիպման տապալման մասին:



Նախապես հայտարարվել էր, որ Սոչիում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները կքննարկեն նաեւ Արցախի խնդիրը: Հանդիպման մասին եղած հաղորդագրություններից, սակայն, երեւում է, որ հատուկ անդրադարձ չի եղել այդ խնդրին, թեեւ քիչ հավանական է, որ նրանք դա առանձին չեն քննարկել:



Արցախի խնդրի կարգավորման այն տեսլականը, որ պնդում է ամերիկյան կողմը, իրականում անընդունելի է թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի համար: Մենք համաձայն չենք ազատագրված տարածքների, մեխանիկական, աննպատակ վերադարձին, իսկ Ադրբեջանը` Արցախին ինքնավարության որեւէ կարգավիճակ (միջանկյալ կամ վերջնական) տալուն: Կողմերի համար անհասկանալի է նաեւ միջազգային խաղաղարարների դերակատարությունն այն դեպքում, երբ, ինչպես ամերիկյան կողմն է նշում, նախապես պետք է լինեն անվտանգության երաշխիքներ: Խոսվում է, օրինակ Լաչինի միջանցքի անվտանգ լայնության մասին, որպեսզի Հայաստանը հուսալի կապ ունենա Արցախի հետ: Հարց է առաջանում` ժամանակակից զենքերի առկայության պայմաններում որքա՞ն կարող է լինել այդ միջանցքի լայնությունը: Եթե շատ լայն պետք է լինի, ապա համաձայն չէ Ադրբեջանը, իսկ եթե պետք է լինի մի փոքր ավելի լայն, քան բուն ավտոմայրուղին է, ապա դա անվտանգ չի կարող լինել ոչ մի պարագայում:
Քննության չի դիմանում նաեւ Հոգլանդի պնդումը, թե հայկական կողմն առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցման չի կարող որեւէ քայլ անել ազատագրված տարածքների բնակեցման եւ կառուցապատման ուղղությամբ: Կարծում ենք՝ տեղին է այստեղ համեմատությունը պաղեստինյան տարածքներում Իսրայելի` բնակեցման եւ շինարարության ծրագրերի հետ: Ի դեպ, այդ տարածքները նշվում են որպես Իսրայելի պաշտպանական գոտի, ինչը, ազատագրված տարածքների պարագայում ասում ենք նաեւ մենք: Ստացվում է, որ ամերիկյան տեսլականն այս դեպքում երկփեղկվում է, եւ այն, ինչ սեփական անվտանգության համար կարելի է Իսրայելին, չի կարելի Արցախին: Ապրիլյան պատերազմը Վաշինգտոնին, հավանաբար, անհրաժեշտ հետեւություններ անելու համար քիչ էր, այլապես նրա ներկայացուցիչը, այս էլ որերորդ անգամ, չէր կրկնի 90-ականների սկզբին Արցախին պարտադրված պատերազմում ազատագրված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու պահանջը:
Արցախի ներկա ստատուս քվոյի անընդունելի լինելու մասին խոսել է նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ընդգծելով, որ այն անընդունելի է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ՄԽ անդամ շատ երկրների ու համանախագահ տերությունների համար: Ի տարբերություն ամերիկյան կողմի, սակայն, Լավրովը չէր շարադրել Ռուսաստանի տեսլականն այս հարցում եւ շեշտադրումներ էր արել հակամարտող կողմերի փոխզիջումների վրա՝ դրանց ընտրությունը թողնելով Հայաստանին եւ Ադրբեջանին: Եթե գործադրվի Լավրովի այս «գաղտնի պլանը», ինչպես այն անվանում էին հարցի կարգավորման մեջ ռուսական դիվերսիայի հետք որոնողները, ապա հարցը կարող է կարգավորվել շատ ավելի սահուն եւ խաղաղ ճանապարհով, ինչը չես ասի ամերիկյան տեսլականի մասին, որը միակողմանի զիջումներ է պարտադրում հայկական կողմին եւ բազմաթիվ անորոշություններ թողնում ապագա սերունդներին:
Արցախի խնդիրը Սիրիայի, Աֆղանստանի, Լիբիայի, Վենեսուելայի, Եգիպտոսի, Ուկրաինայի խնդիրների նման դրսից ներմուծված խնդիր չէ: Հետեւաբար, այն նաեւ դրսից պարտադրվող լուծումներ ունենալ չի կարող: Բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ՄԽ մյուս երկրները, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, հասկանում են, որ Արցախի հարցն ազգային հարց է ու պետք է լուծվի ազգի ինքնորոշման իրավական հիմքերի վրա: Արցախի հարցի կարգավորման առաջին եւ պարտադիր պայմանը կարող է լինել միայն ու միայն Արցախի Հանրապետության ճանաչումը, որպես ամենաամուր երաշխիք հարցի հետագա խաղաղ կարգավորման համար: Նախադեպը Կոսովոն է, եւ Հոգլանդը, վստահ ենք, գիտի դա:



Հետեւաբար, ինչո՞ւ են համանախագահներն Արցախի հարցում աջ ականջը ձախ ձեռքով շփում: Դժվար չէ հասկանալը, որ խնդիրը նրանց դեպքում ոչ թե Արցախն է, այլ տարածաշրջանը: Գերտերությունների պայքարը տարածաշրջանում հաստատվելու համար է ընթանում: Հոգլանդը հասկանում է, որ հարցի կարգավորման ամերիկյան տեսլականն անընդունելի է ոչ միայն հակամարտող կողմերի, այլեւ այս տարածաշրջանում ԱՄՆ հիմնական եւ հավերժ մրցակցի` Ռուսաստանի համար: Վաշինգտոնը խնդիրը չի տեսնում Սարգսյանին կամ Ալիեւին համոզելու մեջ: Վաշինգտոնին պետք է առաջին հերթին Ռուսաստանին հասկացնել, որ ժամանակն է թողնելու տարածաշրջանը, ինչպես դա տեղի ունեցավ Եվրոպայում, Աֆղանստանում, ինչպես դա տեղի է ունենում Սիրիայում: Կարճ` ԱՄՆ-ի «փորացավը» Ռուսաստանն է, որին հարավկովկասյան տարածաշրջանում շփոթության մատնելու համար Վաշինգտոնը գործի է դրել նաեւ թուրքական խաղաքարը` Ռուսաստանին կանգնեցնելով անլուծելի ռեբուսի առջեւ եւ զրկելով վճռական քայլեր կատարելու հնարավորությունից: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հայտարարում է ԵԱՏՄ-ի (ռուսական վերջին բլոկի) հետ պայմանագիր ստորագրելու, անդամ դառնալու մասին: Մոսկվայում պետք է խոշոր եղջերավորներ լինեն նստած, որ հավատան այս զառանցանքին: Ի դեպ` հավատացողներ կան, որոնք պատրաստ են ռուս զինվորների արյան ու ոսկորների վրա խրախճանք սարքել Թուրքիայի հետ: Էրդողանն արդեն հայտարարել է, որ տեղում կթաղի բոլոր նրանց, ովքեր կփորձեն մասնատել 80 միլիոնանոց Թուրքիան: Ի դեմս քրդերի ինքնորոշման, այսօր Թուրքիայի մասնատումն առավել, քան երբեք, իրական է թվում: Ո՞ր կողմում է խաղալու Ռուսաստանը: Դավաճանելո՞ւ է, արդյոք, այս անգամ արդեն քրդերին` թուրքական լոլիկի ու կաշվեղենի համար: Մյուս կողմից էլ` ԵԱՏՄ-ում Թուրքիայի հայտնվելը, եթե տնտեսական ֆակտորը թողնենք մի կողմ, քաղաքական առումով սպանություն է Ռուսաստանի համար: Դա անհնար է չհասկանալը, որովհետեւ հայտնվում ես մի կառույցում, որտեղ միակ հարց լուծողն այլեւս դու չես, իսկ նորագիր երկիրը միանգամից հսկայական ազդեցություն է ձեռք բերում քո ազդեցության գոտիներում:



Խոսե՞լ են Պուտինն ու Սարգսյանը Թուրքիայի` ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագիր ստորագրելու ցանկության մասին: Ի՞նչ իմանաս: Պաշտոնական լրահոսն այդ մասին նույնպես լռում է:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ