Չեն հասցրել անգամ Հայաստանի դրոշը հանել

Չեն հասցրել անգամ Հայաստանի դրոշը հանել

Հայաստանը հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած եւ մինչեւ ամսի 11-ը տեւող «Agile Spirit 2017» զորավարժություններին, որը կազմակերպվել է վրաց-ամերիկյան ուժերի կողմից։ Զորավարժությունների մեկնարկը տրվել է Ախալցխեում, որը գտնվում է Սամցխե-Ջավախեթիի մարզում։ Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ճգնաժամային եւ այլ իրավիճակներում համատեղ մասնակցության պատրաստության մակարդակի բարձրացումն է։



Թե ինչու է Հայաստանը վերջին պահին հրաժարվել մասնակցությունից, տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց։ Առաջինը, բնականաբար, շրջանառվեց Ռուսաստանի գործոնով պայմանավորված լինելու հանգամանքը, որ մեր դաշնակից Ռուսաստանը թույլ չի տվել։ ՀՀ իշխանություններն էլ, բնականաբար, սկսեցին պաշտպանվել՝ փորձելով մաքսիմալ ապացուցել իրենց անկախությունը Ռուսաստանից։ Բայց, ցավոք, պետք է փաստենք, որ դարձյալ չհաջողվեց։



«Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է Վրաստան-ԱՄՆ համատեղ զորավարժություններին, որ հետո էլ իր հանրությանն ասի՝ գիտե՞ք ինչ, չեմ մասնակցում»,- երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Նշենք, որ նախօրեին Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ վերջին պահին Հայաստանը հրաժարվել է մասնակցությունից։ Ավելին, ըստ տեղեկությունների, արդեն կանգնեցված է եղել նաեւ Հայաստանի դրոշը, որը վերջին պահին չեն հասցրել անգամ հանել։
«Ես չգիտեմ, թե որտեղից են վերցրել մեր գործընկերները Վրաստանում այդ հայտարարությունն իրականացնելու համար, դրա համար կճշտեն համապատասխան օղակները եւ հարցի վերաբերյալ պարզաբանումները կասեն»,- ասաց պաշտպանության փոխնախարարը՝ հորդորելով այս ամենի մեջ արտառոց ոչինչ չտեսնել։ Զաքարյանն ասաց, որ կան մի քանի պատճառներ, որոնց համար Հայաստանը չի մասնակցում այդ զորավարժությանը։ Բացառեց, որ պատճառն Ադրբեջանի մասնակցությունն է, բայցեւ չմանրամասնեց, թե որոնք են դրանք։ Նշենք, որ զորավարժությանն այս տարի մասնակցում են Բուլղարիան, Լատվիան, Ռումինիան, Ուկրաինան եւ Ադրբեջանը։ Ի դեպ, Ադրբեջանի մասնակցությունը եւս վերջում է որոշվել։



Կարեւո՞ր չէր մեզ համար այս մասնակցությունը։ «Խնդիրը դա չէ։ Բոլոր գործառույթներն էլ, որոնք պլանավորվում են երկարաժամկետի համար, դրանց վերաբերյալ որոշակի վերանայումներ են իրականացնում՝ կապված իրավիճակով, կապված տվյալ ԶՈՒ առջեւ դրված խնդիրների առաջնահերթություններով եւ այլն։ Այսինքն՝ հիմա Դուք ուզում եք սովորական, առօրյա աշխատանքային գործընթացի մեջ գտնել մի օղակ, ասել՝ դա շատ կարեւոր է, մնացածը կարեւո՞ր չեն»,- ասաց Զաքարյանը։ Բայց ՀԱՊԿ անդամ երկրի համար այսպիսի զորավարժությանը մասնակցելն ու նաեւ ՆԱՏՕ-ի հնարավորություններից օգտվելը սովորական երեւույթներ չեն, կարեւոր գործընթաց են։ Եվ կասկած կա, որ ՌԴ-ն չի թույլատրել մեզ մասնակցել դրան։ Զաքարյանն իր այս մի խոսքով ավելի «կարեւորեց» այսպիսի զորավարժությունների մասնակցությունը․ «Նախորդ զորավարժություններին՝ «Noble partner»-ին, մենք մասնակցեցինք, Ադրբեջանը չմասնակցեց։ Ի՞նչ փոխվեց Ադրբեջանի կյանքում կամ մեր կյանքում ի՞նչ փոխվեց։ Հայաստանը չմասնակցելուց ոչ մի բան չի կորցնում։ Եթե Հայաստանը կորցներ ինչ-որ բան, կլինեին արդեն այլ մոտեցումներ»։



Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Հայաստանը մասնակցեց «Noble Partner» զորավարժություններին, որն ԱՄՆ առաջնորդությամբ ստեղծված եւ ՆԱՏՕ-ի «Response Force» ծրագրի բաղկացուցիչն է։ Նույն հաջողությամբ կարող էինք եւ «Agile Spirit»-ին մասնակցել։ Հարցրինք նրան՝ գուցե անկեղծ ներկայացնի՞ իրական պատճառները, թե ինչու չենք ցանկացել մասնակցել, որպեսզի հանրության մոտ կասկածներ չմնան։ «Իսկ ես հիմա անկե՞ղծ չեմ խոսում, ըստ Ձեզ, կամ որեւէ անգամ հրապարակային անանկեղծ խո՞սք եմ ասել։ Մնացածն արդեն թողեք թող մնա աշխատանքային գործընթացի մեջ»,- ասաց Զաքարյանը։



Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, սակայն, լրիվ հակառակ տեսակետին է։ Նա կարծում է, որ այս ամենը պայմանավորված է բացառապես Ռուսաստանի ազդեցությամբ․ «Ուրիշ պատճառ ես բացառում եմ, որ լինի։ Սա եղել է միայն եւ բացառապես Ռուսաստանի կողմից ամենալկտի ճնշման բերումով եւ նպատակ է հետապնդել խորացնել Հայաստանի մեկուսացումն արտաքին աշխարհից, բարդացնել Հայաստանի հարաբերություններն աշխարհի հետ, թույլ չտալ Հայաստանին հաստատել արտաքին կապեր, որոնք դուրս կլինեն ՌԴ վերահսկողությունից եւ, վերջապես, ստորացնել Հայաստանին»։ Բայց ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանը մասնակցեց նույն ՆԱՏՕ-ի հովանու ներքո կազմակերպված «Noble Partner»-ին։ Մեհրաբյանն ասաց, որ իրավիճակ է փոխվել․ «Մենք տեսնում ենք, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները գնալով սրվում են, մենք տեսանք, որ ամերիկացի պաշտոնյաները, որ զբաղվում են Հայաստանով, արեցին բավականին ուշագրավ հայտարարություններ (խոսքը Ռիչարդ Հոգլանդի եւ դեսպան Միլսի մասին է՝ Վ․ Մ․)։ Դրա հետ մենք տեսնում ենք նաեւ, թե ՌԴ-ԱՄՆ հարաբերություններն ինչ փուլ են թեւակոխում, այս ամենի արդյունքում Ռուսաստանը որոշեց այս անգամ այլեւս թույլ չտալ»։



ՀԳ․ Զաքարյանի հայտարարությունից հետո եղավ նաեւ Վրաստանի ՊՆ խոսնակի մեկնաբանությունը։ «Խոսքը պաշտոնապես մասնակցության մասին չէ։ Սա դասընթաց է, որին Հայաստանը եւս մասնակցելու էր՝ պլանավորվածի համաձայն։ Սակայն զորավարժությունների սկսելու վերջին պահին հայտնել է զորավարժություններին չմասնակցելու մասին: Պատճառը մեզ համար հայտնի չէ, Վրաստանը Հայաստանի ՊՆ-ից չմասնակցելու մասին պաշտոնական պատասխան չի ստացել»,-tert.am-ին ասել էր Վրաստանի ՊՆ խոսնակ Գեորգի Կաջարավան։ Երեկ արդեն ուշ երեկոյան ՊՆ-ն տարածեց հայտարարություն զորավարժությունների թեմայով․ «ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են արտերկրում անցկացվող տասնյակ բազմազգ զորավարժություններին եւ դրանց պլանավորման համաժողովներին ու բանակցություններին: Զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցության ձեւաչափը որոշվում է` ելնելով պաշտպանական գերատեսչության միջազգային փոխգործունակության պլանային կարիքներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար, ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել եւ մասնակցության հայտ չի ներկայացվել: Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ