ՀՊՏՀ գիտխորհրդի քարտուղարը գիտական աստիճան չունի, ըստ Հայրապետյանի՝ չպետք է ֆիքսվել «գիտական» բառի վրա

ՀՊՏՀ գիտխորհրդի քարտուղարը գիտական աստիճան չունի, ըստ Հայրապետյանի՝ չպետք է ֆիքսվել «գիտական» բառի վրա

ՀՊՏՀ-ում, Ինչպես փոխանցում են համալսարանից, գիտխորհրդի կազմում շատ են պատահական, գիտության հետ կապ չունեցող և գիտական աստիճաններ չունեցող մարդիկ։ Չնայած ըստ տրամաբանության և նախկինում գործող պրակտիկայի՝ գիտխորհրդում լինում են պրոռեկտորներ, ամբիոնի վարիչներ, դեկաններ, իսկ եթե կազմը չի համալրվում՝ դոկտորներ և պրոֆեսորներ։ Սկսենք նրանից, որ գիտական կոչում չունի Գիտխորհրդի քարտուղար Նաիրա Դարբինյանը։ Նաև գիտական խորհրդի կազմում է ընդգրկված բուհի կադրերի բաժնի վարիչ Գոհար Սարգսյանը, ով նույնպես չունի գիտական կոչում։ Դե, իսկ բուհի անկոչում Ֆինասական տնօրեն Մհեր Փարվանյանի մասին համացանցն ուղղակի ծփում է պատմություններով։

Օրինակ՝ «Մհեր Փարվանյան, օպերատիվ ծածկանունը՝ «Խլյուպիկ»։ Ի դեպ, պատմությունների մասն էլ քրեակաիրավական բնույթի։ Առանց գիտական կոչման Հովհաննիսյան Արամ ՝ վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի տնօրեն։ Նա, ինչպես պնդեցին, ռեկտորի պաշտոնակատարի մանկության ընկերն է։ Բուհի որակի ապահովման բաժնի պետը Ներսես Գևորգյանն է։ Բուհի միջազգային կապի՝ կոչում չունեցող պետ Վարդ Ղուկասյանը նույնպես ներգրավված է գիտխորհրդի կազմում։ Ըստ որում, գիտխորհրդի այս կազմը «սաքուլիկների» ժամանակներում չի առաջացել, այլ ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց հետո․ Ռուբեն Հայրապետյանն իր հրամանագրերով 2-3 անգամ թարմացրել է նախկին կազմը։ Մեկնաբանվեց, որ այս հրամանագրերի արդյունքում դուրս են մնացել բազմաթիվ արժանի դասախոսներ։ Ինչպես, օրինակ նախկինում դեկանի և ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած և համալսարանի լավագույն պրոֆեսորներից մեկի համարում ունեցող Հովսեփ Աղաջանյանը, ով նաև մի քանի դասագրքերի հեղինակ է։ 

Բուհի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը Hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանեց գիտխորհրդի կազմը՝ ասելով, որ գիտխորհուրդը, նախ, բուհի կառավարման մարմիններից մեկն է։
 «Սկսած վերևից՝ բարձրագույն մարմիններից, որից մի մակարդակ ներքև գալիս են՝ գիտական խորհուրդ և ռեկտոր։ Գիտական խորհուրդն ու ռեկտորը համալսարանի ինստիտուցիոնալ մարմիններն են։

Հիմա․«Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքում » էլ հստակ նշված է, որ Գիտական խորհուրդը լուծում է համալսարանի ողջ գործունեության պլանավորման, կազմակերպման հարցերը։ Գիտական խորհրդում քննարկվում և ընդունվում են բոլոր կարգերը։ Այդ թվում՝ դասախոսների թափուր պաշտոնների ընտրության կարգը։ Հիմա դասախոսների ընտրության, թափուր պաշտոնների և նմանատիպ այլ հարցեր քննարկվում են Գիտական խորհորդում և Գիտխորհուրդն է կառավարման մարմինն ու օղակը, որը ընդունում է այդ կարգը, արդյոք համարո՞ւմ եք, որ մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավարը կառավարման այդ մարմինում չպետք է լինի։ Մարմին, որը որոշում է, թե ինչպիսի կադրերի հավաքագրում պետք է իրականացվի »,-ասում է Ռուբեն Հայրապետյանը։ Նա հավելեց, որ Գիտխորհուրդը որոշում է նաև դասախոսների՝ ժամավճարային սկզբունքով վարձատրության չափը և հարցրեց՝ արդյոք նման հարցերի քննարկման ժամանակ ֆինանսական տնօրենի մասնակցությունը պարտադիր չէ՞։ Կամ դասախոսների, ամբիոնների վարիչների դասվանդման ժամերի նորմատիվները որոշելիս։

«Ամբողջ շփոթմունքը գալիս է այնտեղից, որ մարդիկ չափից շատ են ֆիքսվում «գիտական» բառի վրա՝ չհասկանալով, որ Գիտխորհուրդը ողջ համալսարանի կառավարման բարձագույն մարմիններից է։ Եվ նրա գործունեությունը չի վերաբերում համալսարանի գործունեության միայն գիտական բլոկին։ Այլ՝ ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպմանը, պլանավորմանը և կառավարմանը։ Բոլոր հարցերը՝ սկսած հաստիքների ընդունման կարգերից մինչև ֆինանսական զանազան հարցեր»։
Նրա ամփոփմամբ՝ նման կադրերը անհրաժեշտ է,որ ընդգրկված լինեն գիտխորհրդում։
Ամեն դեպքում, Գիտխորհրդի քարտուղարը չպե՞տք է գիտական աստիճան ունենա։ Ի պատասխան՝ ռեկտորի պաշտոնակատարն ասաց․« Ոչ մի պարտադիր պահանջ չկա, որ Գիտական խորհրդի քարտուղարը ունենա գիտական կոչում, որովհետև, նորից եմ ասում, Գիտխորհուրդը համալսարանի կառավարման  բարձրագուն օղակ է։ Իսկ Գիտական խորհրդի քարտուղարը զբաղվում է քարտուղարությամբ»։

Որպես ամփոփում՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, թե նորմալ է, որ լրագրողները նման հարցեր են բարձրացնում՝ ոլորտին մոտ չլինելով, բայց  ասաց, որ երբ դա անում են հարգարժան կոլեգաները, նշանակում է, որ նրանք պատկերացում չունեն համալսարանի կառավարումից․թե՛ ինչ է կառավարման խորհուրդը, ինչ՝ գիտխորհուրդը, ռեկտորի պաշտոնը։ Եվ, գլխավորը, «նմանատիպ թյուր ըմբռնում են ձևավորում հասարակության, լրագրողների շրջանում»։